Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խօսնակ Վլատիմիր Կարապետեանը անդրադարձած է 5-րդ ալիքին տուած հարցազրոյցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի պնդումներուն:
«Արմէնբփրես»-ի հետ զրոյցի ժամանակ, անդրադառնալով հարցին, թէ ինչպէ՞ս կը մեկնաբանէ ՀՀ երկրորդ նախագահի պնդումները հարցազրոյցի ընթացքին, ՀՀ վարչապետի մամուլի խօսնակը ընդգծած է, որ Ռոպերթ Քոչարեանը նախ պէտք է հանրութեան ընդարձակ պարզաբանումներ տար, թէ ինչպէ՞ս իր ընտանիքը դարձած է միլիոնատէր եւ ինչպէս այդ կ’առնչուի հանրութեան նկատմամբ պարտաւորութիւններ ունեցող բարձրաստիճան պաշտօնեայ ըլլալու հանգամանքի հետ:
«Ինչպէ՞ս է իր որդու հաշուեհամարին 18 միլիոն տոլար յայտնուել՝ սկսած այն ժամանակներից, երբ Քոչարեանը զբաղեցնում էր ՀՀ ղեկավարի պաշտօնը: Այս հարցերին պարոն Քոչարեանը չի անդրադառնում եւ այս հարցով, կարծում եմ, ամենայն մանրամասնութեամբ պէտք է զբաղուեն իրաւապահ մարմինները:
Ինչ վերաբերում է նրա արած մի շարք պնդումներին, պէտք է յուսալ, որ պարոն Քոչարեանը նկատի չունի, որ արցախեան ազատամարտում ներդրում ունեցած մարդը կարող է կոռումպացուած լինելու, սեփական քաղաքացիների վրայ կրակելու, կամ նման հրաման տալու արտօնութիւն ունենալ:
Կարծում եմ նաեւ՝ պատմականօրէն արձանագրուած փաստ է, որ Ռոպերթ Քոչարեանը ընդունելի է համարել Մեղրին եւ ազատագրուած տարածքները ԼՂ անորոշ կարգավիճակի դիմաց Ատրպէյճանին յանձնելու տարբերակը: Յամենայնդէպս՝ ականատեսներու մանրամասն վկայութիւններին ի պատասխան որեւէ համոզիչ հերքում չի հնչել:
Ինչ վերաբերում է Արցախի նկատմամբ վարչապետ Փաշինեանի վերաբերմունքին, կարծում եմ սրա մասին ամփոփ պատկերացում է տալիս այն, որ Փաշինեանի միակ որդին զինուորական ծառայութիւն է անցնում Արցախում: Մի բան, որ Քոչարեանի երկու որդիներից ոչ ոք չի արել»,-ըսած է վարչապետի մամուլի խօսնակ Վլատիմիր Կարապետեանը: