Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Թելեթոն-Դրամահաւաք Ջավախքահայութեանը Աջակցելու Համար

Թելեթոն-Դրամահաւաք Ջավախքահայութեանը Աջակցելու Համար

by MassisPost

ՍՈՒՐԷՆ ԽՈՒԴԱՆԵԱՆ

Օրուայ  հրամայականն է այսօր  այն, որ Հայաստանի ժողովրդավարացման  եւ արդարադատութեան  համակարգում բեկումնային բարեփոխումներին եւ ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումներին ներդաշնակ, սեւեռուենք հայապահպանման եւ ընդհանրապէս սփիւռքեան մարտահրաւէրների վրայ:

Ինչպէս գիտէք  սփիւռքահայ համայնքների  կառուցուածքը  խիստ բազմաշերտ է եւ բազմաբովանդակ: Որքան բազմաբովանդակ են, այդքան էլ տարատեսակ են մարտահրաւէրները: Հիմնական մարտահրաւէրներն են, սոցիալ-տնտեսական, մշակութային եւ անգամ  ֆիզիկական գոյատեւման խնդիրները: Սակայն ինչն է այստեղ կարեւոր՛ը. դա այն է, որ կարողանալ հասու լինել, ճանաչել եւ ախտորոշել այդ խնդիրները: Այնուհետեւ խնդիրների այն մասը, որ կարելի է ներառել համահայկական օրակարգի շրջանակների կազմում, տառանջատել եւ զգուշօրէն ներառել այդ մեծ օրակարգի կազմում, առանց վնասելու համայնքի գոյատեւման համար ինտէգրման օրինաչափ գործընթացին, իհարկէ  հաշուի առնելով նաեւ հայոց պետականութեան ազգային անվտանգութեան շահերը:

Որպէսզի  դեկլարատիւ հռետորաբանութիւն չհնչի  եւ  նիւթը ներկայացուի աւելի առարկայական, անդրադառնանք  հայաստանին ամենամօտ գտնուող, բայց ցաւոք անուշադրութեան մատնուած համայնքի մասին:

Ջաւախքը իր աշխարհագրական դիրքով  եւ հայ ազգաբնակչութեամբ Հարեւան եւ բարեկամ Վրաստանի կազմում, համարւում է Հայաստանի հիւսիսային դարպասը յուսալի դարձնող շրջան:

Այստեղ են ծնուել հայ մշակութային երկնակամարի այն աստղերը, ինչպիսին են  Շառլ Ազնաւուրը, Լուսինէ Զաքարեանը, Գուսաններ  Ջիուանին,  Հաւասին, Կարպ Խաչվանկեանը, գրող Վահան Տէրեանը, Դերենիկ Դեմիրչեանը եւ այսպէս շարունակ:

Այսօր լուրջ խնդիր է այն հարցը թէ  ինչ անե՞լ, որ Հայաստանի հիւսիսային դարպասը ապահովող  շրջանը  չամլանայ, եւ հայոց երկնակամարում փայլող աստղերի շքերթը  չընդհատուի: Իսկ հայ  ազգաբնակչութիւնը մանաւանդ երիտասարդութիւնը  ամուր եւ վստահ կանգնի իր հողին:

Ջաւախքի հայ համայնքը ինքնագոյատեւման մեծ ներուժ ունի իր մէջ;  Այս շրջանում  գոյութիւն ունի նաեւ որոշակիօրէն հակահայկական  տրամադրուածութեամբ ապրող ազերի բնակչութիւն: Յիշատակելու  արժանի է այն, որ Վրաստանի իշխանութիւնները Հայերի աննահանջ վճռականութեան շնորհիւ  ազերիների կամ անգամ Թուրքերի ագրեսիւութիւնը սանձում են ազգամիջեան բախումներից խուսափելու համար:

Ընդամէնը ամիսներ առաջ, Արցախեան գոյամարտում զոհուած Ջաւախցի  Միքայէլ Աւագեանի կիսանդրին,հայ համայնքը իր  սուղ միջոցների հաշուին  տեղադրեց զոհուած հերոսի հայրենի Բաղեշ գիւղի կենտրոնում:  Անմիջապէս նշուած տարածքի  ազերի կամ թուրք խաժամուժը  սկսեցին բողոքել, արձանի տեղադրման դէմ, իսկ բողոքի ֆորմատը, ինչպէս սպասւում էր, հակավրացական ձեւաչափով են ներկայացնում, որպէսզի գրգռեն վրացական իշխանութիւններին հայ համայնքի դէմ: Բայց հայ համայնքի ակտիւ եւ հայրենասէր զանգուածը վճռականօրէն  դիմադրեցին եւ պայքարեցին նրանց  խափանարար միջոցների դէմ:

Դա յաջողուեց եւ կիսանդրին մնաց իր տեղոմ եւ բարձունքին:

Ահա «Սփիւռքի Միասնութեան Հարթակի» եւ «Գեոպոլիտիկ Ակումբի» համատեղ ժողովների ընթացքում, ի շնորհիւ, այն կապերի որ գոյութիւն ունէր  ջաւախքի հասարակական ակտիւի հետ, առաջացաւ Ջաւախքի մարզամշակույթային կենտրոնի  ապահովման գաղափարը:

Այս հարցը ինչպէս նշեցինք, համահայկական օրակարգում  ներառուած խնդիրների շարքին է պատկանում:

Յունիսի 2-ի  թելեթոն-դրամահաւաքը նիւթականից  աւելի բարոյական աջակցութիւն է Ջաւախքի մեր հայրենակիցների համար:

Ուստի յորդորում եւ խնդրում եմ իմ սիրելի հայրենակիցներին, Հնչակեան իմ սիրելի ընկերներին ու ընկերուհիներին, Արմաւիրի Հայրենակցական Միութեան իմ հարազատ ընկերներին չխնայել եւ հնարաւոր առաւելագոյն  լուման  ներդնել  այս հայրենասիրական- բարեգործական վեհ գործին:

Հարակից Նյութեր

Leave a Comment