Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ՍԴՀԿ Կենտրոնական Վարչութեան Յայտարարութիւնը Հայաստանի Վերջին Իրադարձութիւնների Կապակցութեամբ

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչութեան Յայտարարութիւնը Հայաստանի Վերջին Իրադարձութիւնների Կապակցութեամբ

by MassisPost

Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցող վերջին իրադարձութիւնները եկան մէկ անգամ ևս փաստելու, որ նախկին իշխանութիւններն ու նրանց շուրջ համախմբուած ուժերը փորձում են տապալել Թաւշեայ Յեղափոխութեան շնորհիւ իրականացուող բարեփոխումների գործընթացը:

2008 թուականի Մարտի 1-ի իրադարձութիւնների առնչութեամբ՝ սահմանադրական կարգի տապալման և մի շարք այլ յանցանքներում մեղադրուող նախկին նախագահին աջակցող ուժերը ջանք չեն խնայում նոր սկսուած դատավարութեան տալ քաղաքական երանգ՝ այդ գործընթացում անհարկի ներքաշելով  նաեւ Արցախի իշխանութիւններին:

Թաւշեայ Յեղափոխութիւնից յետոյ բոլորին ընձեռուած ազատութիւնները շահագործելով, Քոչարեանն ու իր շրջապատը` ժողովրդից կողոպտուած հսկայական նիւթական միջոցներն ու իրենց կողմից ֆինանսաւորող լրատուամիջոցները գործի դնելով ամեն կերպ ջանում են նրան ներկայացնել որպէս քաղաքական հալածեալ, այն պարագայում, երբ իր իշխանութեան տարիներին նա հետեւողականօրէն սահմանափակեց ազատ մամուլը և քաղաքական հալածանքի ենթարկեց իր ընդդիմախօսներին:

Թաւշեայ Յեղափոխութեամբ և դրան յաջորդող խորհրդարանական ընտրութիւններով, Հայաստանի քաղաքացին ազդարարեց համայն աշխարհին, որ նա կրկին տէրն է իր երկրի և իշխանութեան: Դժբախտաբար, առ այսօր դատական տարբեր ատեանների կողմից առնուած մի շարք տարակուսելի որոշումներն ու վճիռները վկայում են այն մասին, որ ի տարբերութիւն երկրի գործադիր ու օրէնսդիր իշխանութիւնների, Հայաստանի դատական համակարգը իր ներկայ կազմով և գործելաոճով ի վիճակի չի քայլ պահելու նոր Հայաստանի տեսլականի հետ եւ իրականացնելու ժողովրդի յոյսերն ու ակնկալիքները:

Ակնյայտ է, որ քանի դեռ համակարգը չի մաքրուել նախորդ իշխանութիւնների հետ բազմաթիւ տեսանելի ու անտեսանելի թելերով կապուած ու կասկածելի գործարքների մէջ մտած դատաւորներից և գործադրութեան չէ դրուել անցումային արդարադատութիւնը, անկարելի պիտի լինի իրականացնել արմատական բարեփոխումներ այդ համակարգում և վերականգնել հասարակութեան վստահութիւնը դատական իշխանութեան նկատմամբ:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը իր աշխարհացրիւ կառոյցների անունով մէկ անգամ ևս յայտնում է իր ամբողջական զօրակցութիւնը համաժողովրդական յեղափոխութեան դաւանած սկզբունքներին և պատրաստ է իր աջակցութիւնը բերել իրաւական պետութեան հաստատման գործում, կառուցելու համար մեր բոլորի երազած ինքնիշխան, ժողովրդավար, արդար ու բարգաւաճ Հայաստանը:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչութիւն
20 Մայիս, 2019

Հարակից Նյութեր

Leave a Comment