Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Թուխով Հայաստան» Էջը Վարողը Փոխկապակցուած է ՀՀԿ-ի Հետ. FIP

«Թուխով Հայաստան» Էջը Վարողը Փոխկապակցուած է ՀՀԿ-ի Հետ. FIP

by MassisPost

«Իրազեկ քաղաքացիների միաւորման» «փաստերի ստուգման հարթակը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է ֆեյք էջերին եւ օրինակներով ցոյց տուել, թէ ինչպիսի ազդեցութիւն են ունենում նման էջերի որոշ հրապարակումներ դիւրահաւատ ընթերցողների վրայ։ Այս մասին ասուած է FIP.am-ի հրապարակման մէջ:

Հայկական տիրոյթում յատկապէս աչքի է ընկել «թուխով Հայաստան» (յետագայում վերանուանուած «Թուխով Հայաստան Open Society») ֆեյսբուքյեան էջը, որի վարողին (ադմինիստրատորին) ձերբակալելու մասին Ապրիլի 5-ին յայտնել էր ԱԱԾ տնօրէն Արթուր Վանեցեանը։

Էջի հրապարակումների մասին
Ի տարբերութիւն այլ էջերի, «Թուխով Հայաստան» էջում յաճախ են հանդիպում սադրիչ բնոյթի հրապարակումներ, որոնցից մի քանիսը կարող են ընկալուել որպէս թշնամանք սերմանելու եւ ատելութեան մթնոլորտ ձեւաւորելու փորձ։ Էջը առաւել ինտենսիւ կեղծ հրապարակումներ է ունեցել Նիկոլ Փաշինեանի, Արարատ Միրզոյեանի, Ալեն Սիմոնեանի եւ Դանիէլ Իոաննիսյեանի մասին:

Մասնաւորապէս, էջում կարելի է տեսնել հրապարակումներ այն մասին, իբր Իրանի սահմանին դիպուկահարի կրակոցից զոհուել են Հայաստանի քաղաքացիներ, կամ 102 ռուսական ռազմաբազայի զինուորը 3-ամյայ երեխայի է սպանել։ Աւելի մեծ վտանգ են ներկայացնում 2018-ի Օգոստոսի 17-ի ցոյցին զինուած գնալու կամ գազի անվտանգութեան համակարգերն անջատելու եւ ոչնչացնելու մասին հրապարակումները։ Այս էջն անգամ Ազգային ժողովի փոխխօսնակ Ալեն Սիմոնեանի հեռախօսահամարով թմրանիւթերի վաճառքի հրապարակում էր արել:

Էջը վարողը
Դեռեւս անցեալ տարի Ազգային անվտանգութեան ծառայութիւնում քրէական օրէնսգրքի 226-րդ յօդուածի յատկանիշներով քրգործ էր յարուցուել՝ «Թուխով Հայաստան» էջի միջոցով կրօնական թշնամանքի տարածման փաստի առթիւ: Ապրիլի 5-ին արդէն ԱԱԾ տնօրէն Արթուր Վանեցեանը յայտարարեց, որ էջի ադմինիստրատորը (վարողը) ձերբակալուած է: Օրեր անց այդ անձը նաեւ կալանաւորուեց:

Toukhov-2

ԱԱԾ-ի քննչական դէպարտամենտից մեզ պաշտօնապէս տեղեկացրեցին, որ «Թուխով Հայաստան» էջը վարողը Հայաստանի եւ Իրանի (երկ)քաղաքացի, 1979 թուականին ծնուած Արմէն Աւագի Աբն է, որը գրանցուած է Երեւանում:

Աբը վերջին անգամ ֆեյսբուքյեան իր էջում հրապարակում է արել Ապրիլի 5-ին՝ իր ձերբակալութեան օրը։

Նախկին իշխանութիւնների հետ կապերը
Աբը ակտիւօրէն մեկնաբանել եւ տարածել է Հանրապետական կուսակցութեան հետ կապուած տեղեկութիւններ։ Նրա ֆեյսբուքյեան գործունէութիւնը դիտարկելիս նկատւում է, որ Աբը անձնական շփումներ է ունեցել ՀՀԿ նախկին պատգամաւոր Շուշան Պետրոսեանի հետ։ Նա նաեւ ինտենսիվորէն լայքել է ՀՀԿ-ական գործիչների ֆեյսբուքյեան հրապարակումները:

Նա նաեւ լուսանկար ունի նախկին ՀՀԿ պատգամաւոր Հայկ Բաբուխանյեանին պատկանող «Իրաւունք» թերթի խմբագիր Յովհաննէս Գալաջյեանի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի անուան հետ կապուած «Ռեֆորմիստներ» կուսակցութեան անդամ Լիլիթ Խաչատուրովայի հետ։

Լիլիթ Խաչատուրովան, որի իրական անունը Լիլիթ Խաչատուրի Յովակիմեան է, 2018 թ. Հոկտեմբերի 26-ին մասնակցել էր մի հակաիշխանական ֆլեշմոբի, որի կազմակերպիչները որոշ մարդկանց մոլորեցնելով էին ներգրաւել ակցիայի մէջ։

Աբը, հնարաւոր է, կապէր ունի նաեւ Արցախեան իշխանական որոշ ուժերի հետ։ Սրա մասին է վկայում այս տարուայ փետրուարի 26-ին Ազատութեան հրապարակում տեղի ունեցած ցոյցը, որին անդրադարձել էր «փաստերի ստուգման հարթակը» եւ ցոյց տուել դրա կապը Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների հետ։ Աբը վերոնշուած ցոյցի ակտիւ մասնակիցներից էր եւ կազմակերպիչների անունից մեր թիմից պահանջում էր դրոնով չնկարել ցոյցը։

Toukhov-3

«Սորոսատյացությունը»
Փետրուար ամսին «Թուխով Հայաստան» էջը վերաանուանուեց «Թուխով Հայաստան Open Society» էջի` ակնարկելով, որ դրա հետեւում կանգնած է Ջորջ Սորոսի հիմնադրած «բաց հասարակութեան հիմնադրամները»:

Ուշագրաւ է, որ Աբն իր անձնական էջում տարածել է «Թուխով Հայաստան» էջի` Նիկոլ Փաշինեանի հետ սէլֆի անելու համար ԵՊՀ-ի դիմաց հաւաքուելու կոչը (ընդգծելով «open society» բառերը) եւ դա մեկնաբանել իբրեւ քաղաքացիական բախումներ եւ բռնութիւն հրահրելու «սորոսականների» կոչ (քանի որ այդ նոյն ժամին ԵՊՀ-ի դիմաց մամուլի ասուլիս էր հրաւիրել նաեւ Նարեկ Մալյեանը)։ Սակայն, ինչպէս արդէն պարզուեց, կոչի հետեւում ոչ թէ «սորոսականներն» էին, այլ հէնց ինքը՝ Արմէն Աբը:

« ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»

Հարակից Նյութեր

Leave a Comment