Մարտ 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան հրաւիրած էր մամլոյ ասուլիս մը, որու ընթացքին ան պատասխանեց ներքին ու արտաքին մարզերուն վերաբերող հարցերու երկար շարքի մը:
Ռոպերթ Քոչարեանի եւ «Մարտի 1-ի» գործերուն վերաբերող հարցերուն պատասխանելով Փաշինեան շեշտեց որ հաշուեյարդար տեսնելու հարց չկայ: «Հաշուեյարդարի հետ կապուած՝ ընդհանրապէս կարծում եմ, որ դա անհամատեղելի բառապաշար է մի կառավարութեան նկատմամբ, որը այդպիսին դարձել է սիրոյ, համերաշխութեան յեղափոխութեան միջոցով, որովհետեւ եթէ հաշուեյարդարի տրամադրութիւն լինէր, շատ կարճ, կոնկրետ հաշուեյարդարների եւ հնարաւորութիւն կար, եւ ժամանակը կար, եւ համատեքստը կարող էր լինել», շեշտեց Փաշինեան:
«Ես այդ գործի վերաբերեալ չեմ ցանկանայ շատ մեկնաբանութիւններ անել, որպէսզի դա որեւէ կերպով չդիտարկուի որպէս, էսպես ասած, ուղղորդում որեւէ գործընթացի», – ըսաւ վարչապետը:
ԼՂՀ Հարցի մասին
«Ես՝ որպէս բանակցութիւններում նոր մարդ, ունեմ բազմաթիւ հարցեր: Ես պէտք է հասկանամ, թէ ինչ է կատարւում, ամէն բառը եւ ամէն փուլը: Սա քմահաճոյք չէ, այլ անհրաժեշտութիւն:
«Ես ստացել եմ հսկայական տեղեկատւութիւն, բայց դա նոր տեղեկատւութիւն ստանալու անհրաժեշտութիւն է առաջացնում:
«Ակնկալում եմ՝ Ատրպէյճանի նախագահի հետ հանդիպմանը մի շարք պարզաբանումներ ստանալ: Առհասարակ, Իլհամ Ալիեւի հետ հանդիպումները դրական եմ գնահատում: Դրական եմ համարում այն երկխօսութիւնը, որ դեռ պէտք է գայ»:
Ատրպէյճանի հետ փոխադարձ հայհոյանքներու մասին
«Ընկերային ցանցերում Ղարաբաղի հետ կապուած քննարկումներում տեսնում եմ, որ հայերի եւ Ատրպէյճանի միջեւ փոխադարձ հայհոյանքների անասելի տարափ կայ: Բայց ժամանակը չէ՞, որ բացի հայհոյանքից, մարդիկ քննարկեն խնդիրը եւ թէ ինչ է կատարւում: Եթէ մենք կարողանում ենք երկրի ղեկավարների, արտաքին գործոց նախարարների մակարդակով խօսել, ինչո՞ւ չի կարելի նոյնն անել աւելի լայն շրջանակներում»:
Սպառազինութեան մասին
«Մենք 2018-ի Մայիսից քայլեր ենք անում սպառազինութեան, թեխնիքայի ձեռքբերման ուղղութեամբ: Միեւնոյն ժամանակ, ռազմաարդիւնաբերութեան ոլորտում կառուցուածքային եւ բովանդակային փոփոխութիւն ենք իրականացնում:
«Հայաստանը պէտք է արհեստագիտութեամբ զարգացած երկիր լինի եւ մենք այդ ուղղութեամբ ենք գնում»:
ՀԱՊԿ, ԵԱՏՄ
«Այս կազմակերպութիւնների նկատմամբ իմ յարգանքը եւ վերաբերմունքն էականօրէն բարձրացել է: Այս կառոյցներում տեղի են ունենում բովանդակային, շահագրգիռ, երբեմն էլ նոյնիսկ բուռն քննարկումներ:
«Կարեւորում ենք մեր նախագահութիւնը ԵԱՏՄ-ում, յոյս ունենք, որ կազմակերպութեան արդիւնաւէտութեան մակարդակը կը բարձրանայ:
«Ունենք 8 տասնեակ խոչընդոտներ, որոնց յաղթահարման համար ամէն ինչ պէտք է անենք»:
Դատական համակարգի մասին
«Ես հարիւր տոկոսով չեմ կարող ասել, որ այսօր դատական համակարգում կաշառք չկայ: Մենք խնդիր ունենք մեր դատական համակարգը բերել եւրոպական չափանիշի: Դատաւորների ընկերային երաշխիքներին ուղղուած քայլեր են արուել, մշակւում են նոր օրէնքներ, քննարկումներ են գնում դատական համակարգի բեռնաթափման մասին: Մենք պէտք է գնանք մինչեւ վերջ եւ ունենանք իրապէս անկախ դատական համակարգ»:
«Կառավարութեան դէմ սեւ քարոզչութիւն կայ»
«Օրական միլիոնաւոր տոլարներ են ծախսւում կառավարութեան դէմ սեւ հակաքարոզչութիւն անելու համար: Կառավարութիւնը դրա դէմ ոչ մի գործողութիւն չի ձեռնարկում, որովհետեւ մեզ համար խօսքի ազատութիւնը բացարձակ արժէք է:
«Այդ շրջանակները պէտք է հասկանան, որ իրենք ՀՀ քաղաքացիների շրջանում աջակցութիւն չեն կարող ունենալ»:
«Սահմանադրական փոփոխութեան անհրաժեշտութիւն չկայ»
«Սահմանադրութիւնը կենդանի օրկանիզմ է եւ կարող է փոխուել: Սակայն, մենք այսօր կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտութիւն չենք տեսնում, քանի դեռ յստակ փաստարկներ չկան, թէ ինչու պէտք է դա անենք»:
«Դժգոհութեան ալիք չկայ»
«Հայաստանում հասունացող դժգոհութեան ալիք չկայ: 24 տարի ասում էին` ժողովրդի մտայնութիւնը վատն է, ժողովուրդը սիրում է կաշառք վերցնել: Բա ինչպէ՞ս ստացուեց, որ նախորդ տարուայ ընտրութիւնները այժմ միջազգային հարթակներում որպէս օրինակ են բերում: Եթէ այսօր ընտրութիւններ տեղի ունենան, ես վստահ եմ, որ «Իմ քայլը» դաշինքը կը յաղթի, գուցէ` աւեի բարձր ցուցանիշներով:
«Անկախ Հայաստանում երբեք քաղաքական վիճակն այսքան կայուն չի եղել, ժողովրդավարապէս կայուն, ոչ թէ ռեփրեսիւ (ճնշողական) կայուն»:
«Կան մարդիկ, որոնք յեղափոխութիւնից յետոյ աւելի լաւ չեն ապրում»
«Այո, Հայաստանում կան մարդիկ, որոնք յեղափոխութիւնից յետոյ աւելի լաւ չեն ապրում: Բայց հարցն այն է՝ կա՞ն մարդիկ, որ աւելի վատ են ապրում: 2018-ի Սեպտեմբերին խօսւում էր հաւանական գնաճի մասին: Մենք կարողացանք յստակ գործողութիւններով գնաճը զսպել: Երկրում ամենակարեւոր փոփոխութիւնն այն է, որ այլեւս չկայ էլիթա, որ ասում է` եկէք բրինձ բաժանենք, կարտոֆիլ բաժանենք:
Մենք ասում ենք` մենք չենք թալանելու ու չենք բաժանելու, մենք հնարաւորութիւններ ենք ընձեռելու, մենք պէտք է անենք ամէն ինչ, որպէսզի մարդիկ աշխատեն»:
«Ձախողումներ չենք ունեցել»
«Մեր պետական կառավարման համակարգում չկայ որեւէ պաշտօնեայ, որը ձախողել է, ուրիշ բան է, որ արագութեան խնդիր կայ:
«Կաշկանդուած չեմ ասել ՚ցտեսութիւնՙ յեղափոխական պաշտօնեաներին:
«Կան թերութիւններ եւ բացթողումներ: Մեր հիմնական խնդիրը մեր որակը բարձրացնելն է»:
«Գոհ եմ պարգեւավճարային սքանտալից»
«Շատ խնդիրներ են եղել: Ամէն սքանտալից յետոյ, պաշտօնեան աւելի պատասխանատու է դառնում, քան որ նորը գայ եւ ամէն ինչ նորից սկսի:
«Ես գոհ եմ պարգեւավճարային սքանտալից, քանի որ նման քննարկում պէտք է ունենայինք: Պետական կառավարման համակարգում պէտք է աշխատավարձերը լինեն պատշաճª հանրութեանը լաւագոյնս ծառայելու համար»:
«Իմ ընտանիքն իր կարգավիճակը երբեք չի չարաշահելու»
«Իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ եղել եմ գործազուրկ եւ ապրել եմ ծայրայեղ ծանր պայմաններում, երբ իմ դէմ ահաբեկում էր իրականացւում, երբ բանտում էի եւ երբ ոչ բազմամարդ հանրահաւաքներ էի իրականացնում:
«Ակնկալիքն այն է, որ ես հիմա իմ ընտանիքից հրաժարու՞իմ: Ինձ համար իմ ընտանիքը շատ կարեւոր է:
«Մենք մեր կարգավիճակը երբեք չենք չարաշահելու: Մենք ճոխութիւններ չենք ունեցել եւ չենք սիրել: Այնպէս չէ, որ կառավարական առանձնատունը մեզ հաճոյք է պատճառում:
«Չեմ պատկերացնում, որ ես գնամ Ղարաբաղ եւ այնտեղ ծառայող իմ տղայի մօրը եւ քոյրերին իմ հետ չտանեմ»:
«Տարբերութիւն չկայ՝ ում են պատկանում սրճարանները»
«Այնպէս չէ, որ ինձ բերել են քարտէզ, ու ես խաչ եմ քաշել հենց Միքայէլ Մինասեանին պատկանող սրճարանների վրայ: Այդտեղ իրաւական ձեւակերպումների խնդիր կայ:
«Ես գիտեմ, որ սրճարանների մի մասի դէպքում քաղաքապետարանը կարողացել է միակողմանի լուծել պայմանագրերը, որոշ դէպքերում հնարաւոր է դատական գործընթաց սկսել:
«Ինձ համար բացարձակ տարբերութիւն չկայ՝ ում են պատկանում սրճարանները: Անգամ եթէ իմ հարազատ եղբօրը պատկանէին, ոչինչ չէր փոխուելու»: