Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Կը Բացառուի, որ Սերժ Սարգսեանը 0038 Հրամանի Մասին Տեղեկութիւն Չունենար. Սեդա Սաֆարեան

Կը Բացառուի, որ Սերժ Սարգսեանը 0038 Հրամանի Մասին Տեղեկութիւն Չունենար. Սեդա Սաֆարեան

by MassisPost

«Մարտի 1»-ի գործի շրջանակներէն ներս Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի հարցաքննութիւնը շարք մը տեսանկիւններէ կարեւոր եղած է, «Կիրակնօրեայ վերլուծական Հրայր Թամրազեանի հետ» հաղորդման ժամանակ ըսած է նախկին Փաստահաւաք խումբի անդամ Սեդա Սաֆարեանը։

«Որեւէ մէկը չի կարող բացառել, որ այն բոլոր գործընթացները, որոնք ընթացել են 2008 թուականի Փետրուարի 19-ից յետոյ, Սերժ Սարգսեանը կարող էր անմասն մնալ այդ գործընթացներին։ Լինելով նաեւ Հայաստանի Հանրապետութեան նախկին վարչապետ՝ նոյն 2008 թուականին մի շարք գործառոյթային կապերով նա կապուած էր նաեւ Պաշտպանութեան նախարարութեան հետ, եւ եթէ խօսում ենք 0038 հրամանից, ապա բացառւում է, որ Սերժ Սարգսեանն այդ հրամանի մասին տեղեկութիւն չունենար», – ըսած է Սաֆարեանը՝ շարունակելով. – «Նախագահները տեղեկացուած էին իրենց իսկ կողմից ընդունուած 0038 հրամանի մասին, որը փորձում են բացառապէս վերագրել որպէս Միքայէլ Յարութիւնեանի կողմից ընդունուած հրաման։ Էլ չեմ ասում, որ էդ բոլոր խորհրդակցութիւններին, շտապի աշխատանքներին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսեանը, եւ նրանք բոլորը միասին որոշել են մարտիմէկեան այն սենարը, որը յետագայում իրականացրեցին եւ այնուհետեւ ճնշիչ միջոցներով կարողացան հանրահաւաքը ցրել եւ քաղաքական գործընթացները դադարեցնել»։

Սաֆարեանը շեշտած է՝ 0038 հրամանը եւ նաեւ յետագային արտակարգ դրութեան սահմանումը եւ բոլոր զարգացումները  ընթացած են երկու նախագահներու համատեղ ուժերու շնորհիւ։

«Ես նաեւ ուզում եմ յիշեցնել, որ մարտի 1-ին օրուայ վերջին արտակարգ դրութեան սահմանումը եւ գործառոյթային կապերը եւս պէտք է ուսումնասիրենք, այդ ժամանակ հանրապետութեան նախագահի գործառոյթների մէջ էր մտնում վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ խորհրդակցելն՝ արտակարգ դրութիւն սահմանելու համար, եւ կարծում եմ, որ նրանց համաձայնութեան պայմաններում է, որ սահմանուել է արտակարգ դրութիւն։ Ուստի ե՛ւ 0038 հրամանը, ե՛ւ նաեւ յետագային արտակարգ դրութեան սահմանումը, նաեւ այդ գործընթացներու զարգացումը, դրանք բոլորը ընթացել են երկու նախագահների համատեղ ուժերի շնորհիւ», – ըսած է Սաֆարեանը։

Հարակից Նյութեր

Leave a Comment