Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Կրթութեան եւ Գիտութեան Նախարար Արայիկ Յարութիւնեանն Այցելել է Լոս Անջելեսի Հայկական Դպրոցներ

Կրթութեան եւ Գիտութեան Նախարար Արայիկ Յարութիւնեանն Այցելել է Լոս Անջելեսի Հայկական Դպրոցներ

by MassisPost

Ամերիկայի Միացեալ Նահանգներում աշխատանքային այցով գտնուող ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի պաշտօնակատար Արայիկ Յարութիւնեանն այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ: Արայիկ Յարութիւնեանը նախ այցելել է ԱՐ. ԴԻ. Վայթ տարրական դպրոց, որտեղ կրթութիւնն իրականացւում է երկու լեզուներով՝ հայերէն եւ անգլերէն: Նախարարի պաշտօնակատարը հանդիպել է դպրոցի պատասխանատուների եւ տնօրէնի հետ, քննարկել մի շարք հարցեր, այդ թւում՝ դասագրքերի եւ ուսուցիչների վերապատրաստումների վերաբերեալ:

Արայիկ Յարութիւնեանն այցելել է նաեւ Շարլոտ եւ Էլիզ Մերդինյեան Հայ աւետարանական վարժարան, որտեղ տեղի ունեցած միջոցառման ընթացքում հանդէս է եկել ելոյթով: Նա իր խօսքում նշել է, որ ՀՀ նոր կառավարութեան համար սփիւռքի հետ համագործակցութիւնն էլ ավելի կարեւոր է Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող տնտեսական զարգացումների համատեքստում, երբ առաջնահերթ է դարձել ԱՄՆ գիտակրթական եւ տեխնոլոգիական ներուժի ներգրաւումը մեր երկրում տեղի ունեցող փոփոխութիւններին: Նախարարի պաշտօնակատարը շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար՝ ընդգծելով սփիւռքի հայկական համայնքների մասնակցութիւնը Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեանը: «վերջին օրերին զարմանքով նկատել եմ, որ սփիւռքի մեր հայրենակիցները՝ փոքրից մինչեւ մեծ, սկսել են ապրել բացառապէս հայրենիքի խնդիրներով, նրանք ուշադիր հետեւել եւ, ըստ էութեան, մասնակից են դարձել յեղափոխութեանը. փոքրերը երգում են յեղափոխութեան երգերը, հարցեր տալիս դրա առաջնորդների մասին»,-նշել է Արայիկ Յարութիւնեանը:

Այնուհետեւ նախարարի պաշտօնակատարն այցելել են ՀԲԸՄ-ի Մանուկյան-դեմիրճյեան վարժարան, ծանօթացել ուսումնական ծրագրերին, ինչպէս նաեւ շրջել դպրոցի լաբորատորիաներում: Այցի ընթացքում պայմանաւորուածութիւն է ձեռքբերվել ՀԲԸՄ-ի աւագ դպրոցների աշակերտների ուսումնական պրակտիկան Հայաստանում, այդ թւում՝ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում կազմակերպելու վերաբերեալ: Բացի այդ, ՀԲԸՄ-ի խորհրդի անդամները բարձրաձայնել են սփիւռքի մասնագէտների ներուժը մեր երկրում տեղի ունեցող ծրագրերին ներգրաւելու հարցը:

arayik-ucla

Արայիկ Յարութիւնեանը այցելել է նաեւ Լոս Անջելեսի կալիֆոռնյեան համալսարան /UCLA/, որտեղ հանդիպել է Մերձաւոր Արեւելքի լեզուների եւ մշակոյթների ֆակուլտետի Կոթսենի անուան հնագիտութեան ինստիտուտի տնօրէն Վիլեկէ Վենդրիխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել են Հայաստանի հետ համագործակցութեան զարգացման հեռանկարները եւ ձեռքբերվել մի շարք պայմանաւորուածութիւններ:

Նախարարը հանդիպել է նաեւ համալսարանի Մերձաւոր Արեւելքի լեզուների եւ մշակոյթների ֆակուլտետի Նարեկացու անուան հայագիտութեան ամբիոնի ղեկավար Փիթր Քաուի հետ, որի ընթացքում քննարկուել են առաջիկայ համատեղ անելիքները: Արայիկ Յարութիւնեանը հրաւէր է ստացել մասնակցելու շաբաթ օրը կայանալիք հայկական սփիւռքի թեմայով խորհրդաժողովին, որտեղ նա հանդէս կգայ ելոյթով:

arayik-usc

Նախարարի պաշտօնակատարն այցելել է նաեւ Հարաւային Կալիֆոռնիայի համալսարան USC, որտեղ շրջել է համակարգչային գիտութեան լաբորատորիայում, այնուհետ ծանօթացել հայագիտութեան կենտրոնի աշխատանքներին: Արայիկ Յարութիւնեանը զրոյց է ունեցել կենտրոնի ղեկավար Սալբի Ղազարեանի հետ, որի ընթացքում կոնկրետ պայմանաւորուածութիւն է ձեռքբերվել հայկական սփիւռքի հնարաւորութիւնները, կադրերը, ինչպէս նաեւ կենտրոնի հզօրություններն ու ներուժը կրթութեան եւ գիտութեան զարգացման ուղղութեամբ օգտագործելու վերաբերեալ:

Հարակից Նյութեր

Leave a Comment