Home ՀԱՅԱՍՏԱՆ Ըստ Կանխատեսումներու, 2025-ին Հայաստանի Մէջ Մահերը Պիտի Գերազանցեն Ծնունդներուն․ Ժողովրդագրագէտ

Ըստ Կանխատեսումներու, 2025-ին Հայաստանի Մէջ Մահերը Պիտի Գերազանցեն Ծնունդներուն․ Ժողովրդագրագէտ

by MassisPost

2025 թուականին Հայաստանի մէջ մահերը պիտի գերազանցեն ծնունդներուն, «Ազատութեան» «Քաղաքականութիւնը ներսէն» հաղորդման ժամանակ ըսած է ժողովրդագրագէտ Արտակ Մարկոսեանը։

Անոր խօսքով՝ 2010 թուականէն Հայաստանի մէջ ծնունդներու թիւը կը նուազի։

«2010 թուականից մենք ունենք ծնունդների թուաքանակի անկում, եւ այդ ծնունդների թուաքանակի անկումը վերջին տարիներին պայմանաւորուած է նրանով, որ նուազում է ամուսնութիւնների թուաքանակը։ Այսինքն՝ դա առարկայական գործօն է, որովհետեւ ամուսնական տարիք է մուտք գործում 1990-ական թուականներին ծնուած սերունդը, որը 40 տոկոսով աւելի պակաս է, քան՝ 80-ական թուականներին ծնուածը եւ չհաշուած, որ այդ սերունդից էլ արտագաղթի հետեւանքով 20-25 տոկոսը ներկայումս բացակայում է Հայաստանից, ըստ տուեալների», -ըսած է ժողովրդագրագէտը։

Արտակ Մարկոսեան ընդգծած է, որ  այսօրուան կարեւորագոյն  խնդիրը  բնակչութեան  թիւի    նօսրացման   դէմ կանգնիլն     է։

«2010-2017 թուականների ընթացքում առաջնէկների թիւը ծնունդների ընդհանուր թուաքանակում նուազել է մօտ 32 տոկոսով՝ 49 տոկոսից իջել է մինչեւ 40 տոկոս, երկրորդ երեխաների ծնունդով նորմալ է՝ թուաքանակն այնքան անկում չի գրանցել, այսինքն՝ մենք այսօր առնչուելու ենք այդ հիմնախնդրին, մենք ասում ենք՝ մեր այսօրուայ խնդիրը  բնակչութեան  թիւի   նուազեցում թոյլ չտալն է, որովհետեւ արդէն իսկ այս տարուայ 9 ամիսների կտրուածքով Լոռու եւ Տաւուշի մարզերում գրանցուել է բնակչութեան բնական աճի նուազում՝ մահերը գերազանցել են ծնունդներին», -ըսած է ժողովրդագրագէտը։

Հարցին, թէ այս նուազումը առաջին անգա՞մն է՝ 90 թուականէն ի վեր, Մարկոսեանը պատասխանած է. – «Երկու-երեք տարի արդէն կան, տարուայ կտրուածքով դրական է եղել շատ չնչին, բայց գործընթացը տանում է դրան։ Ըստ կանխատեսումների, 2025 թուականին մեզ մօտ է լինելու  մարդագրական  լուրջ ճգնաժամ, այսինքն՝ մահերը գերազանցելու են ծնունդներին՝ արդէն ամբողջ Հայաստանի մասին է խօսքը: Այսինքն՝ եթէ նոյնիսկ արտագաղթը կանգ առնի, այստեղ լինի նորմալ ընկերային-տնտեսական իրավիճակ, եւ եթէ մենք չբարձրացնենք ծնունդների թուաքանակը, մենք կը սկսենք նուազել այդ հետեւանքով՝ մահերի աւելացման, ծնունդների պակասի հետեւանքով: Մեզ առաջին տարիներին սպասում է ամուսնութիւնների կտրուկ անկում, ամուսնութիւնների կտրուկ անկման հետեւանքով կտրուկ նուազելու է նաեւ ծնունդների թուաքանակը»։

Հարցին, թէ ինչ-որ թիւեր կա՞ն արդէն, թէ մահերու քանակը որքանով կը գերազանցէ ծնունդներու քանակին, Մարկոսեանը պատասխանած է. – «Կանխատեսումներ կան, որ նուազում լինելու է, բայց յստակ թիւերի մասին՝ չկան»։

Հարակից Նյութեր

Leave a Comment