Home ՀԱՅԱՍՏԱՆ Ջերմուկ Համայնքի Տարածքում Արգելուեց Մետաղական Հանքարդիւնաբերութիւնը

Ջերմուկ Համայնքի Տարածքում Արգելուեց Մետաղական Հանքարդիւնաբերութիւնը

by MassisPost

Ուղիղ ժողովրդավարութեան սկզբունքը հերթական յաջողութիւնը գրանցեց Հայաստանում։ Ջերմուկ խոշորացուած համայնքի աւագանին 2018 թուականի դեկտեմբերի 18-ին որոշում է ընդունել, որով հաւանութիւն է տուել համայնքի բնակիչների կողմից համայնքի ավագանուն ներկայացրած կոլեկտիւ հանրագրում նշուած «ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդիւնաբերութիւնը արգելելու վերաբերեալ» առաջարկութեանը:

Աւագանին այս որոշումն ընդունել է ընդունել է 7 կողմ, 0 դէմ, 0 ձեռնպահ ձայներով՝ ղեկավարուելով «տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 18-րդ յօդուածի 1-ին կէտի 42-րդ ենթակէտով, «հանրագրերի մասին»  հայաստանի Հանրապետութեան օրէնքի 4-րդ յօդուածի 1-ն մասի 3-րդ կէտով, հաշուի առնելով Ջերմուկ համայնքի աւելի քան երեք հազար բնակիչների կողմից ներկայացուած հանրագիրը, առաջնորդուելով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 184-րդ յօդուածի 3-րդ մասով եւ «տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 8-րդ յօդուածով շարադրուած տեղական ինքնակառավարման սկզբունքներով։

Յիշեցնենք, որ Ջերմուկ համայնքի առկայ բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը իրացրել էին ուղիղ ժողովրդավարութեան իրենց իրաւունքը եւ շուրջ 3000 ստորագրութեամբ կոլեկտիւ հանրագիր էին ներկայացրել ՀՀ կառավարութեանն ու Ջերմուկ համայնքի ավագանուն ու ղեկավարին, որտեղ ներկայացրել էին իրենց տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսլականը եւ պահանջել, որպէսզի տարածաշրջանում արգելուի մետաղական հանքարդիւնաբերութիւնը եւ զարկ տրուի կանաչ կաթնատնտեսութեան զարգացմանը։

Հանրագրում բնակիչները նշել էին նաեւ հետեւեալի մասին.

«Ամուլսարում ոսկու արդիւնահանմանը դրական եզրակացութիւններ տալով՝ նախորդ կառավարութիւնները ոտնահարել են նաեւ մեզ վրայ ազդող որոշումների կայացմանը մասնակցելու մեր իրաւունքը. նախ, մինչեւ 2016թ. մեր համայնքի խոշորագոյն քաղաքը՝ Ջերմուկը չի էլ համարուել Ամուլսարի ծրագրի ազդակիր, իսկ 2016-ին ազդակիր յայտարարուելուց յետոյ էլ այստեղ պատշաճ կարգով չեն կազմակերպուել հանրային լսումներ: Լիդիան ընկերութիւնը, ինչպէս նաեւ նախկին իշխանութիւնների ներկայացուցիչները, արհամարհել են մեզ, փորձել են ապակողմնորոշել կամ վախեցնել: Մենք պահանջում ենք, որպէսզի նոր կառավարութիւնը յարգի ժողովրդի կամքը, եւ այդ յոյսով էլ ներկայացնում ենք սոյն հանրագիրը»:

ՀՀ կառավարութիւնը դեռեւս չի արձագանքել այս հանրագրում ներկայացուած պահանջներին։

Արդէն 6 ամսից աւելին է, որ ի նշան բողոքի Ջերմուկի բնակիչները շարունակում են փակ պահել Ամուլսար լեռան տարածք տանող ճանապարհները՝ թոյլ չտալով շինարարական աշխատանքների իրականացումը:

Հ.Գ. Այս տարուայ մայիս ամսին էլ Նոյեմբերեանի աւագանին էր ընդունել նմանատիպ որոշում, որով արգելել էր իրենց համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական եւ մետաղական հանքերի շահագործման աշխատանքները։ Այդ որոշումը նոյնպէս կայացուել էր համայնքի բնակիչների կողմից ներկայացուած հանրագրի հիման վրայ, որը ստորագրել էր 3074 բնակիչ։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնութիւն
էլ. փոստ՝  [email protected]

 

Հարակից Նյութեր

Leave a Comment