Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Անձամբ Պիտի Երթամ Գիւղացիները Վախեցնող Գիւղապետերուն Ետեւէն». Նիկոլ Փաշինեան

«Անձամբ Պիտի Երթամ Գիւղացիները Վախեցնող Գիւղապետերուն Ետեւէն». Նիկոլ Փաշինեան

by MassisPost

«Հայաստանում յառաջիկայ հինգ տարիների ընթացքում արմատախիլ ենք անելու ծայրայեղ աղքատութիւնը, նուազեցնելու ենք գործազրկութիւնը», – Սպիտակի մէջ՝ քարոզարշաւի ժամանակ, յայտարարած է վարչապետի պաշտօնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխաւորող Նիկոլ Փաշինեան՝ ընդգծելով, որ իրենք աղքատութեան յաղթահարումը չեն պատկերացներ մարդոց բրինձ, մուրապա (անուշ), կամ փող բաժնելով:

«Էդ փողը ծախսեց, պրծաւ, էդ մարդը յետոյ ի՞նչ է անելու: Մենք դա տեսնում ենք աշխատանքի միջոցով, ներդրումների միջոցով, նոր աշխատատեղերի միջոցով, գործարանների միջոցով», – ըսած է Փաշինեան՝ շարունակելով. – «Էսօր Հայաստանի Հանրապետութիւնում մօտաւորապէս 500 միլիոն տոլարի եւ աւելի ներդրումային ծրագրեր են քննարկւում կառավարութեան հետ, եւ այդ ծրագրերի թիւը մեծանելու է: Հայաստանում բացուելու են հազարաւոր աշխատատեղեր, բայց էդ աշխատատեղերի մի մասը նաեւ դուք էք բացելու, որովհետեւ մենք ուզում ենք ձեզ քաջալերել, որ դուք զբաղուէք ձեռներեցութեամբ: Մենք գիւղացուն պէտք է ապահովենք ոռոգման ջուր, մենք գիւղացուն պէտք է ապահովենք հակակարկտային համակարգով, մենք գիւղացուն պէտք է հնարաւորինս մատչելի վարկային միջոցներով ապահովենք եւ քաջալերենք, ապահովենք նրանց մթերքի սպառումը, արտահանումը Հայաստանի Հանրապետութիւնից: Մենք մարդկանց պէտք է օգնենք վաստակել, որովհետեւ Հայաստանի քաղաքացին իր բարեկեցութիւնը պէտք է ապահովի արժանապատիւ աշխատանքով»:

Փաշինեան ընդգծած է՝ անձամբ պիտի երթայ այն գիւղապետերու ետեւէն, որոնք կը փորձեն վախցնել գիւղացիները:

«Որտե՞ղ կայ դեռ հանրապետական գիւղապետ, որի մտքով անցնում է իր գիւղացիներին ընտրութեան, կամ այլ առիթով վախեցնել, ուրեմն, էդ գիւղապետեր, իմացէ՛ք՝ անձամբ ես գալու եմ ձեր յետեւից ու վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր քապինեթներից: Էս երկրում մարդ կա՞յ, որը համարձակւում է քաղաքացուն վախեցնել, տո, այո՛, բոլորիդ կը պառկացնենք ասֆալթներին: Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիկարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսքուլաւոր, բոլորիդ կը պառկացնենք էդ ասֆալթներին ու տարիներով վեր չէք կենայ էդ ասֆալթների վրայից», – ըսած է վարչապետի պաշտօնակատարը:

Հարակից Նյութեր

Leave a Comment