Հայաստանի պետական եկամուտներու կոմիտէն (ՊԵԿ) պարզաբանում տարածած է ֆիզիկական անձանց եկամուտներու յայտարարագրման գործընթացի վերաբերեալ:
Նշելով, որ ֆիզիկական անձանց համատարած յայտարարագրման թեման լայնօրէն կը քննարկուի զանգուածային լրատուական միջոցներու եւ սոցիալական ցանցերու մէջ, ՊԵԿ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերու բաժինը «անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պէտք է դրուի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կը հանուեն խնդրի դրական եւ բացասական կողմերը»:
«Ինչ վերաբերում է արտագնայ աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որեւէ նման նախագիծ կամ գաղափար առկայ չէ», – վստահեցուցած է ՊԵԿ-ը՝ շարունակելով․ – «Իսկ լրատուամիջոցներին տուած հարցազրոյցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է բնակիչներու ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ եւ արտասահմանեան աղբիւրներից ստացուած եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակայ են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկուում»:
Տուեալ թեմային կառավարութեան արտահերթ նիստի ժամանակ անդրադարձած է նաեւ առաջին փոխվարչապետի պաշտօնակատար Արարատ Միրզոյեանը՝ վստահեցնելով, որ առանց լայն հանրային քննարկման որեւէ հարկային բեռի աւելացում չըլլար:
«Զանազան գաղափարներ կարող են քննարկուել: Ընդ որում՝ քննարկումները կարող են յաճախ աղաւաղուել եւ մեկնաբանուել ոչ այնպէս, ինչպէս կայ: Դրանք կարող են չարժանանալ մարդկանց հաւանութեանը, բայց դրանք միայն հանրային համաձայնութեան ներքոյ կարող են իրականութիւն դառնալ», – ըսած է Միրզոյեանը՝ աւելցնելով․ – «Եթէ այս գաղափարը կեանքի կոչուի, պիտի բացառուի որեւէ կրկնակի հարկումը: Մինչ այդ մենք պէտք է հասկանանք՝ որքանով է Հայաստանը պատրաստ դրան»:
Անցած շաբաթ Հանրային ռատիօն հաղորդած էր՝ «ՊԵԿ-ը շրջանառութեան մէջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները»: