Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան Երախտագիտութեան Նուերը Նորուեկիայի Թագաւորութեանը

Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան Երախտագիտութեան Նուերը Նորուեկիայի Թագաւորութեանը

by MassisPost

Նոյեմբերի 6-ին սփիւռքի նախարարութիւնում նախարարի պաշտօնակատար Մխիթար Հայրա-պետեանը Հայաստանի Հանրապետութիւնում Նորուեկիայի Թագաւորութեան պատուաւոր հիւպատոս Թիմոթի Տէյվիտ Սթրեյթին յանձնեց ՀՀ կառավարութեան նուէրը Նորուեկիայի Թագաւորութեանը՝ սփիւռքահայ Դանիէլ Վարուժան Հեճինեանի հեղինակած Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը:

ՀՀ կառավարութեան եւ մասնաւորապէս սփիւռքի նախարարութեան անունից ջերմօրէն ողջունելով հիւրերին՝ սփիւռքի նախարարի պաշտօնակատար Մխիթար Հայրապետեանը նշեց. «Այսօրուայ միջոցառումն ունի խորհրդանշական բնոյթ. մենք սփիւռքի նախարարութիւն ենք հրաւիրել Հայաստանի Հանրապետութիւնում Նորվեգիայի Թագաւորութեան պատուաւոր հիւպատոսին՝ մի մարդու, ում երկիրն ու ժողովուրդը ողջ հայութեան մօտ ասոցացւում են որպէս բարեկամ, եւ ցանկանում ենք նրա միջոցով Նորվեգիայի Թագաւորութեան կառավարութեանը փոխանցել Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից փոքր, սակայն մեծ ջերմութիւն, բարեկամութիւն եւ երախտագիտութիւն արտայայտող նուէր: Հայ-նորուեկական բարեկամութեան ակունքներում են կանգնած մասնաւորապէս հայ ժողովրդի՝ նորուեկացի մեծ բարեկամ, բեւեռախոյզ, գիտնական, ականաւոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենը եւ միսիոներ Բոդիլ Կատարինա Բիորնը, ովքեր նախորդ դարասկզբին մեծ աջակցութիւն են ցուցաբերել հայ ժողովրդին»:

Մխիթար Հայրապետեանն ընդգծեց՝ Նանսենն առաջիններից էր, որ դատապարտեց Հայոց ցեղասպանութիւնը, եւ հենց նրա միջոցով տասնեակ հազարաւոր հայ գաղթականներ կարողացան ցեղասպանութիւնից փրկուել եւ ապաստան գտնել Հայաստանում եւ այլ երկրներում, իսկ Բոդիլ-Կատարինա Բիորնը Ցեղասպանութեան տարիներին որպէս բուժաշխատող Արեւմտեան Հայաստանում փրկեց հազարաւոր անտուն ու հիւանդ հայ երեխաների: «Հայ ժողովրդի համար Ֆրիտյոֆ Նանսենն ու Բոդիլ-Կատարինա Բիորնը խորհրդանշում են Նորուեկիան ու նորուեկացու մեծահոգութիւնը, ինչպէս նաեւ մարդկային բարեսիրութիւնն ու նուիրուածութիւնը մարդու եւ ազգերի իրաւունքների պաշտպանութեանը, եւ հենց նրանք են հանդիսանում մեր երկրների ու ժողովուրդների յարաբերութիւնները սնուցող առաջին ամենամեծ աղբիւրը»,-շեշտեց նախարարի պաշտօնակատարը:

norway-gift-1

Մխիթար Հայրապետեանը խօսեց նաեւ 1988թ. երկրաշարժից յետոյ աղէտի գօտու վերականգնման գործընթացում Նորուեկիայի կառավարութեան եւ ժողովրդի աջակցութեան մասին: «Նորուեկիայի Թագաւորութեան կառավարութեան նվերը Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարն է՝ ՚«Նանսեն, կամուրջը բարեկամութեան եւ խաղաղութեան» անուամբ, որի հեղինակն է պոսթոնաբնակ յայտնի նկարիչ Դանիէլ Վարուժան Հեճինեանը, ով Պոսթոնից յատուկ ժամանել է Հայաստան՝ ներկայ գտնուելու այս կարեւոր միջոցառմանը: Նկարն արտայայտում է հայ եւ նորուեկացի ժողովուրդների բարեկամութիւնը, որով Հայաստանը եւ հայ ժողովուրդն իրենց երախտագիտութիւնն են յայտնում մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենին՝ հայ ազգին ցուցաբերած անձնուէր վերաբերմունքի, սրտացաւութեան եւ անգնահատելի աջակցութեան համար, ինչպէս նաեւ Նորուեկիայի իշխանութիւններին եւ Նորուեկիայի ժողովրդին` 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ եւ յետոյ Հայաստանին մարդասիրական մեծ օգնութիւն ցուցաբերելու համար»,-ամփոփեց նախարարի պաշտօնակատարը՝ յաւելելով, որ պարոն Հեճինեանը նկարի կրկնօրինակը նուիրել է սփիւռքի նախարարութեանը:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի ողջոյնի խօսքը փոխանցեց ԱԳՆ Եւրոպայի վարչութեան պետ Գագիկ Ղալաչեանը:

Նորուեկիայի Թագաւորութեան պատուաւոր հիւպատոս Թիմոթի Տէյվիտ Սթրեյթին նախաձեռնութեան համար շնորհակալութիւն յայտնեց ՀՀ կառավարութեանը, սփիւռքի նախարարութեանը՝ նշելով, որ արուեստի այս գործը ֆանտաստիկ նուէր է Նորուեկիայի Թագաւորութեանը: Տէյվիտ Սթրեյթին նաեւ յոյս յայտնեց, որ երկու պետութիւնների բարեկամական յարաբերութիւնները առաւել կը սերտանան եւ կը զարգանան:

Նկարի հեղիակ Դանիէլ Վարուժան Հեճինեանը ներկայացրեց դիմանկարի ստեղծման պատմութիւնը, որում Հայաստանի եւ Նորուեկիայի դրօշները խորհրդանշում են երկու ազգերի բարեկամութիւնը, ետեւում Արարատ լեռն է, եւ պատկերի կեդրոնում մեծ մարդասէր Ֆրիտյոֆ Նանսենն է՝ ձեռքին խաղաղութեան խորհրդանիշ աղաւնին: Շնորհակալութիւն յայտնելով սփիւռքի նախարարի պաշտօնակատար Մխիթար Հայրապետեանին՝ արուեստագէտը նշեց, որ սփիւռքում ապրող հայ երիտասարդներին Հայաստանի ամենաերիտասարդ նախարարը կարող է ոգեշնչել եւ ուղեցոյց դառնալ Հայաստան գալու եւ այստեղ հաստատուելու համար:

Ելոյթ ունեցաւ նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասեանը: «Ուրախ եմ, որ որպէս Լոռու մարզպետ պատիւ ունեմ այսօր մասնակցելու այս կարեւոր միջոցառմանը, ինչը եւս մէկ առիթ է վերհաստատելու մեր երկրների՝ Հայաստանի եւ Նորուեկիայի Թագաւորութեան միջեւ առկայ ամուր, գործընկերային յարաբերութիւնները: Երկրաշարժից կարճ ժամանակ անց Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղակայուեցին Նորուեկական Կարմիր խաչի վրանները, որոնք դարձան երկրաշարժից տուժածներին առաջին բուժօգնութիւն ցուցաբերող օպերատիւ կէտէրից մէկը: Աւելի ուշ՝ 1989 թուականի Մարտին Նորուեկական Կարմիր խաչի կողմից կառուցուեց ու շահագործման յանձնուեց Սպիտակի հիւանդանոցն իր յարակից կառոյցներով: Այսօր, երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ հայ ժողովրդի ու մասնաւորապէս բոլոր լոռեցիների անունից յայտնում եմ մեր երախտագիտութիւնը՝ դժուարին իրավիճակում յայտնուած Հայաստանին աջակցելու համար»,-նշեց Լոռու մարզպետը:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ ՀՀ-ում Դանիայի Թագաւորութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ռուբէն Մադսեն, Շուէտի Թագաւորութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ուլրիկ Տիդեստրիոմը, Ֆինլանդիայի Հանրապետութեան դեսպան Արիա Մակկոնեն եւ Հայաստանում Շուէտի դեսպանութեան գործերի ժամանակաւոր հաւատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը:

Հարակից Նյութեր

Leave a Comment