Home ՀԱՅԱՍՏԱՆ Եուրի Խաչատուրովը Վերադարձած է Հայաստան

Եուրի Խաչատուրովը Վերադարձած է Հայաստան

by MassisPost

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մէջ մեղադրուող ՀԱՊԿ նախկին գլխաւոր քարտուղար Եուրի Խաչատուրովը Նոյեմբեր 4-ին վերադարձած է Հայաստան։ Այդ մասին «Ազատութեան» հետ զրոյցի ժամանակ ըսած է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պօղոսեանը։

«Ամսի 4-ից է վերադարձել, այսինքն՝ երբ պաշտօնապէս որոշումը հրապարակուել է ազատման վերաբերեալ, ձեռնամուխ է եղել գործերի գործավարութեան յանձնման-ընդունմանը, ինչից յետոյ այցելել է մօր շիրմաքարին` Վրաստանի Հանրապետութիւնում, ամսի 4-ից գտնուում է Հայաստանի Հանրապետութիւնում։ Այսինքն՝ 2-ի երեկոյեան հրապարակուել է, որ ազատուել է, ամսի 4-ին եղել է Հայաստանում», – ըսած է Պօղոսեանը։

Փաստաբանի խօսքով՝ վերադառնալէ ետք Խաչատուրովի հետ քննչական գործողութիւններ չեն իրականացուած:

«Չիրականացնելու պատճառն այն չէր, որ ինքը Հայաստանի Հանրապետութիւնում չէր գտնուում։ Նախորդող ժամանակահատուածում էլ, երբ որ յուլիսին՝ մինչեւ մեղադրանք առաջադրելը, ծանուցագիր էին ուղարկել հարցաքննութեան հրաւիրելու մասին, ինքը Ռուսաստանի Դաշնութիւնից էր ներկայացել վարոյթ իրականացնող մարմին։ Այս պարագայում այս ընթացքում չէին ուղարկել, այսինքն՝ չէին գտել, որ անհրաժեշտութիւն կայ, չէր ներկայացել։ Հայաստան վերադառնալուց յետոյ` դա անմիջապէս չի ենթադրում, որ ինչ-որ խոչընդոտ է վերացել եւ ըստ դրա պէտք է գործողութիւն իրականացնել», – ըսած է փաստաբանը։

«Ազատութեան» հարցին, թէ մտավախութիւններ կա՞ն, որ հիմա Խաչատուրովի խափանման միջոց գրաւը կը փոխարինուի կալանքով, Միհրան Պօղոսեանը պատասխանած է. – «Քրէական դատավարութիւնում գրաւը հենց հանդիսանում է կալանաւորման այլընտրանքային խափանման միջոց, այսինքն՝ կալանք արդէն իսկ առկայ է Եուրի Խաչատուրովի հանդէպ, որը որ փոխարինուել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրաւով։ Օրէնսդրութիւնը թոյլ չի տալիս, որպէսզի մի հատ էլ գրաւի հանդէպ այլընտրանքային կալանք կիրառուի։ Խափանման միջոցի փոփոխութիւն հնարաւոր է միայն, եթէ մեղադրեալը խախտի արդէն իսկ ընտրուած խափանման միջոցի՝ գրաւի պայմանները»։

Խաչատուրովը ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար նշանակուած էր 2017 թուականի 14 ապրիլէն՝ երեք տարի ժամկէտով։

Հարակից Նյութեր

Leave a Comment