Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Եկամտային Հարկի Գործող Համակարգը կը Խրախուսէ Ստուերը. Նիկոլ Փաշինեա

Եկամտային Հարկի Գործող Համակարգը կը Խրախուսէ Ստուերը. Նիկոլ Փաշինեա

by MassisPost

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը ներկայացուցած է եկամտային հարկի համակարգին մէջ առաջարկուող փոփոխութիւններու տարբերակները:

Ինչպէս կը հաղորդէ «Արմէնբրես»-ը, ֆէյսպուքի իր էջի ուղիղ եթերին ժամանակ Փաշինեանը նախ ներկայացուցած է եկամտային հարկի գործող համակարգը, ըստ որու մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները կը վճարեն 23 տոկոս, 150 հազար դրամէն մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողները՝ 28 տոկոս, իսկ 2 միլիոն դրամէն աւել ստացողները՝ 36 տոկոս եկամտային հարկ:

Փաշինեանը ներկայացուցած է, թէ ինչու կառավարութիւնը որոշած է եկամտային հարկի համակարգի փոփոխութիւններու երթալ: Անոր խօսքով՝ գործող համակարգը իսկապէս վատ է, քանի որ այն բաւականին ծանր հարկային բեռ կը նախատեսէ քաղաքացիներուն համար: «Կայ եւս մէկ պատճառ, որը մեզ ստիպում է հասկանալ, որ այս հարկային համակարգը վատն է, որովհետեւ հարկային այս համակարգը մեր կարծիքով խրախուսում է ստուերը եւ չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում գոյութիւն ունի շահութահարկ՝ 20 տոկոս դրոյքաչափով եւ գումարած 5 տոկոս շահութաբաժինի հարկ: Եւ, ըստ էութեան, մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ Հայաստանի բնակիչ տնտեսվարողների համար շահութահարկի եւ շահութաբաժինի հարկի գումարը երկու սանդղակի դէպքում առնուազն  աւելի ցածր է, քան եկամտային հարկը: Սա բերում է նրան, որ սեփականատէրերը նախընտրում են հարկուել շահութահարկի եւ շահութաբաժինի հարկի դաշտում: Եւ ինչ են անում նրանք՝ աշխատավարձը չեն վճարում, որպէսզի բարձր եկամտային հարկ չվճարեն, այդ գոյացած եկամուտը ձեւակերպում են որպէս շահոյթ, ապա՝ որպէս շահութաբաժին եւ արդիւնքում աշխատողներին տալիս են աշխատավարձ ծրարներով: Այսինքն, իրականում մարդը ստանում է 250 հազար դրամ աշխատավարձ, բայց ձեւակերպուած է, օրինակ, 100 հազար դրամը, իսկ մնացած մասը վճարուում է առձեռն, իսկ այդ գումարը դուրս է գրւում շահոյթի եւ շահութաբաժինի տեսքով, որովհետեւ աւելի քիչ է հարկուում մի քանի տոկոսով, որոշ դէպքերում՝ շատ բարձր տոկոսով»,- մանրամասնած է Փաշինեանը:

Անոր խօսքով՝  երկաստիճան համակարգն ունի եւս մէկ թերութիւն. Այն, ըստ էութեան, կը շարունակէ խրախուսել ստուերային աշխատավարձը: «Եթէ մենք ունենք երկու սանդղակ, եւ դրանցից մէկն այսպէս թէ այնպէս ցածր է շահութահարկ-շահութաբաժինի հարկ քոմպինացիայից (միախառնութենէն), գործատուները կարող էն էլի շահագրգռուած լինել բուն աշխատավարձերը չվճարել, որպէսզի պակաս հարկուեն եւ աշխատավարձի մնացած մասը վճարեն ստուերային ձեւով՝ ծրարի մէջ»,- ըսած է ան:

Հարակից Նյութեր

Leave a Comment