Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Վարչապետ Փաշինեան Ապշած է Հայաստանի Մէջ Կաշառակերութեան Ծաւալեն

Վարչապետ Փաշինեան Ապշած է Հայաստանի Մէջ Կաշառակերութեան Ծաւալեն

by MassisPost

«Ես էսօր ապշած եմ, թէ Հայաստանում կոռուպցիան (կաշառակերութիւնը) ինչ ծաւալի է եղել: Դա ուղղակի աներեւակայելի է, եւ իմ ամենասուր ելոյթը կոռուպցիայի մասին ուղղակի ծիծաղելի է  այն թալանի իրական մասշտապների հետ, որը տեղի է ունեցել»,- երէկ հրաւիրած ասուլիսի ժամանակ ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Ան նշած է, որ ամէն օր ինք կը զարմանայ՝ լսելով, թէ ինչ բացայայտումներ կ’ըլլան երկրի մէջ:

«Երկու ամիս է անցել, եւ ամէն օր ես զարմանում եմ՝ ո՞նց, ըտենց փրոպլեմ էլ ունի՞ էս երկիրը, լո՞ւրջ էք ասում: Եւ որքանով հասկանում եմ, դեռ մի չորս ամիս էլ ես զարմանալու եմ: Ես ամէն օր ստանում եմ տեղեկութիւն, որն ինձ զարմացնում է, ես հրաժարւում եմ հաւատալ էդ տեղեկութիւններին, մինչեւ ինձ ապացոյցներ չեն ներկայացնում: Այն օրը ես մեր պետական կառավարման մարմիններից մէկի ղեկավարին կանգնեցրել եմ, ասել եմ՝ խնդրում եմ, մի շարունակէք, ես չեմ կարող մէկ օրուայ մէջ այսքան տեղեկութիւն ստանալ եւ հոգեկան հաւասարակշռութիւնս պահպանել: Նա հանում էր թղթեր, ապացոյցներ, ֆոթօներ, վիտէոներ, ես նրան ասացի՝ ցտեսութիւն, յաջողութիւն, ես չեմ կարող, գնացէք ուրիշի պատմէք: Պատկերացրէք մի երկիր, որտեղ վարչապետն ամէն օր շոքի է ենթարկուում եւ այն վարչապետը, որն իր ամբողջ քաղաքական ու լրագրողական գործունէութեան ընթացքում անընդհատ ասել է, որ թալանուում է այս երկիրը: Բայց այդ վարչապետն ամէն օր շոքի է ենթարկուում, որովհետեւ չի կարողանում հաւատալ, որ կարելի է այդ աստիճանի լկտի լինել»,- նշած է Փաշինեան:

Ան ըսած է, որ թալանը եղած է անգամ այն ոլորտներուն մէջ, ուր դժուար է հաւատալ: Ըստ Փաշինեանի՝ մինչեւ չհասկնան այս աղէտի իրական մաշտապները, բարեփոխումներ չեն կրնար ըլլալ երկրի մէջ:

Նիկոլ Փաշինեանը նշած է, որ երկու ամիսներու ընթացքին կառավարութիւնը ցոյց տուած է, որ իր համար կապ չունի, թէ ով երբ ինչ ելոյթ ունեցած է կամ ինչ քաղաքական դիրքորոշում ունեցած է, կաշառակերութիւնը պէտք է պատժուի, կապ չունի, ով է անոր հեղինակը: Եւ անով պայմանաւորուած է այն, որ հանրութեան մէկ հատուածը այլեւս ոգեւորուած չէ նոր իշխանութեամբ:

«Եւ ֆունտամենթալ (հիմնական) հարցը հետեւեալն է՝ մենք ի վիճակի՞ ենք լինելու ճշմարտութեան վրայ հիմնուած յարաբերութիւններ հաստատել մեր երկրում: Այս իրավիճակին սպառնացող ամենամեծ վտանգը հետեւեալն է՝ ես վախենում եմ ստի եւ ճշմարտութեան հարցում չկարողանամ քոմփրոմիզի (փոխզիջման) գնալ: Կարող է դա շատ վատ է, բայց կարող է նման իրավիճակ լինել: Երբ դու չգիտես ճշմարտութիւնը, դա այլ է, բայց երբ գիտես, քո առաջ հարց կայ՝ ի՞նչ անել այդ ճշմարտութեան հետ: Եւ ես հիմա ի պաշտօնէ գիտեմ ճշմարտութիւններ, որ վստահ չեմ՝ եթէ հանրութիւնն այդ ճշմարտութիւնն իմանայ, կասի՝ կառավարութիւն, ինչ լաւ է, որ մեզ ճիշդն ասացիր, թէ՞ կ’ասի՝ այս ճշմարտութիւնը մեզ պէտք չէր: Ինչպէս ես եմ ասում՝ մի պատմէք ինձ, էլ չեմ ուզում լսել, հանրութիւնն էլ կ’ասի»,- նշած է Փաշինեանը:

Ան աւելցուցած է, որ ամէն օր կը մտածէ այն մասին, թէ ճշմարտութեան մինչեւ որ կէտը պիտի բանայ, որ հանրութիւնը չըսէ՝ այս ինչ ըրիք մեզ հետ: «Ես, օրինակ, հակուած եմ նրան, որ ճշմարտութիւնը մինչեւ վերջին կէտը պէտք է բացուի: Բայց ես վստահ չեմ, որ դա իր հետ վտանգներ չի բերի»,- ըսած է վարչապետը:

Հարակից Նյութեր

Leave a Comment