Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Հիւսիս-Հարաւ» Ճանապարհի Ճակատագիրը Անյայտ է, Քանի որ Ֆինանսաւորում Չիկայ

«Հիւսիս-Հարաւ» Ճանապարհի Ճակատագիրը Անյայտ է, Քանի որ Ֆինանսաւորում Չիկայ

by MassisPost

«Հիւսիս-Հարաւ» ինքնաշարժներու երթեւեկութեան ճանապարհի կառուցման վերջնաժամկէտը հնարաւոր է յստակեցնել միայն ֆինանսաւորման հարցը լուծելէ ետք: Այս մասին 18 Յուլիսին, Թալինի մէջ լրագրողներուն հետ հանդիպման ժամանակ ըսած է ՀՀ փոխադրութեան, կապի եւ տեղեկատուական թեխնոլոկիաներու նախարար Աշոտ Յակոբեանը՝ աւելցնելով, որ այդ հարցով այսօր կը զբաղուին իրաւապահները եւ եթէ այդպիսիք ըլլան, կը բացայայտուին:

«Ես չեմ ուզում անդրադառնալ, թէ արդեօք մինչեւ այսօր «Հիւսիս-հարաւ» միջանցքի ներդրումային ծրագրով յափշտակութիւններ ու չարաշահումներ եղել են, թէ ոչ, քանի որ դա իմ լիազօրութիւնների սահմաններից դուրս է: Ուզում եմ պաշտօնապէս յայտարարել, որ իրաւախախտումները պարզելու հարցում ես օժանդակութիւն կը ցուցաբերեմ, կանեմ ամէն ինչ, որ այսուհետ նման իրաւախախտումների կատարումը բացառուի ընդհանրապէս Մենք բացում ենք նոր էջ, որտեղ կը լինի առարկայական տեղեկատուութիւն, որտեղ կը լինի միայն կառուցողական աշխատանք, ճշգրիտ տուեալներ եւ փոխադարձ վստահութիւն»,-ըսած է նախարարը՝ աւելցնելով, որ կը ստեղծեն հանրային հարթակ, որպէսզի աւելի թափանցիկ տեղի ունենան աշխատանքները:

Նախարարը նշեց, որ Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը բաղկացած է 5 հատուածներէ , եւ այդ ծրագրի միայն 3  փուլի համար է, որ այսօր ֆինանսաւորում կայ: Անոր խօսքով, 4-րդ  փուլը  փոքր հատուածի մը ֆինանսաւորում կայ, իսկ 5-րդ  փուլը  ֆինանսաւորում չունի. «Ֆինանսաւորումն իրականացւում է երեք պանքերի կողմից՝ Ասիական զարգացման պանք, Եւրասիական զարգացման պանք եւ Եւրոպական ներդրումային պանք: Ասիական զարգացման պանքի հետ կնքուել է երեք համաձայնագիր, որոնցից մէկով ֆինանսաւորում է առաջին  հատուածը։ Դա Երեւան-Աշտարակ եւ Երեւան-Արտաշատ հատուածներն են: Երկրորդ   հատուածը  Աշտարակ-Թաշին հատուածն է: Երրորդ  հատուածն   էլ Թալին-Գիւմրի հատուածն է: 4-րդ    հատուածի  ֆինանսաւորուելու է Քաջարան-Ագարակ հատուածը, առայժմ այնտեղ շինարարութիւն չկայ, որը ֆինանսաւորում է Եւրոպական զարգացման պանքի կողմից: Իսկ Եւրոպական ներդրումային պանքի կողմից ֆինանսաւորում է 3-րդ   հատուածի  Լանջիկ-Գիւմրի հատուածը: Ճանապարհի մնացած մասի ֆինանսաւորման հարցը դեռեւս լուծուած չէ, հետեւաբար, եթէ որեւէ մէկը ճանապարհի կառուցման ժամկէտ կ’ասի, դա կը լինի անլուրջ:

Ֆինանսաւորում դեռեւս չունենք ճանապարհի չորս հատուածների վերաբերեալ, ֆինանսաւորում չունենք Արտաշատ-Սիսիան հատուածի 175 քմ մասով, չունենք Սիսիան-Քաջարան հատուածի շուրջ 60 քմ հատուածի մասով, որն ամենաբարդ հատուածն է, չունենք ֆինանսաւորում Գիւմրիի շրջանցիկ հատուածի 23 քմ-ի եւ Գիւմրի-Պաւրա հատուածի 35 քմ-ի համար»,-ըսած է նախարարը:

Հարակից Նյութեր

Leave a Comment