«Յատուկ Քննչական Ծառայութեան (ՀՔԾ) ամենակարեւոր անելիքներից մէկը Մարտի 1-ի ոճրագործութեան բացայայտումն է», – Յունիս 12-ին յայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը ծառայութեան նոր շանակուած պետ Սասուն Խաչատրեանը ներկայացնելու ընթացքին:
«Ամենակարեւոր գործերից մէկը, որ պէտք է իրականացնի ՀՔԾ-ն` Մարտի 1-ի ոճրագործութեան, սպանութիւնների բացայայտումն է: Ուզում եմ յստակ ասել, երբ մենք ասում ենք, որ չկան եւ գոյութիւն չունեն սահմանափակումներ` նկատի ունենք, որ չկան եւ գոյութիւն չունեն սահմանափակումներ: Եթէ նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ քաղաքական, մերձքաղաքական կամ այլ պատճառներով չեն գնացել առաջ, յոյս ունեմ, որ ՀՔԾ նոր պետի ղեկավարութեամբ քննիչները կ’անդրադառնան բոլոր այդ գործերին` Հայաստանում լիարժէք իրաւակարգ ապահովելու նպատակներից ելնելով»,- ըսած է վարչապետը:
Կառավարութեան ղեկավարի խօսքով, յաջորդ ամենակարեւոր գործառոյթը ընտրական յանցագործութիւններու հետ կապուած գործերն են եւ այս շրջանակը արդէն ցոյց կու տայ այն բացառիկ կարեւորութիւնը, որ ունի ՀՔԾ-ն մեր կեանքի մէջ եւ ընդհանրապէս իրաւակարգի ապահովման բնագաւառի մէջ:
«Ուզում եմ որպէս ՀՀ ժողովուրդի վստահութեամբ ՀՀ վարչապետ ընտրուած անձ յայտարարել հետեւեալը. Այն` ինչ յայտարարում ենք հրապարակային, դա այն է, ինչ կայ մեր մտքում: Երբ ասում ենք, որ օրէնքի առաջ բոլորը հաւասար են, նկատի ունենք, որ օրէնքի առաջ բոլորը հաւասար են, նկատի չունենք, որ ոմանք օրէնքի առաջ աւելի հաւասար են: Երբ ասում ենք, որ Հայաստանում պէտք է արմատախիլ արուի կոռուպցիան (կաշառակերութիւն) նկատի ունենք, որ Հայաստանից պէտք է արմատախիլ արուի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյութիւն ունենալ: Ուզում եմ յստակ ընդգծել, որ ՀՔԾ-ի առջեւ դրուած է այս խնդրի ապահովման հսկայական մասը եւ յոյս ունեմ, որ ծառայութիւնն կ’իրականացնի իր այդ գործառոյթը:
«Ուզում եմ նաեւ ի վերջոյ լուծել իմ եւ ՀՔԾ-ի յարաբերութիւններում առկայ մի փոքրիկ դրուագ: Կարծում եմ, որ ՀՔԾ քննիչների աշխատասենեակներում ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտօնյայի լուսանկար պէտք է չլինի, որովհետեւ ՀՔԾ-ն զբաղւում է այնպիսի գործերով, որոնցով կարող է առընչութիւն ունենալ նաեւ այդպիսի պաշտօնեաների հետ: ՀՔԾ քննիչների սենեակներում պէտք է լինի ՀՀ զինանշանը, դրօշը եւ այս խորհրդանիշները պէտք է արտայայտեն այն գործառոյթը, որ իրականացնում է ՀՔԾ-ն»,- ըսած է Նիկոլ Փաշինեան: