Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սարդարապատը` Հայոց Զանգահար…

Սարդարապատը` Հայոց Զանգահար…

by MassisPost

ՍԱՐՕ ԳԻՒՄՐԵՑԻ

Հնչու’մ եմ զանգերն ու նրանց ղօղանջը գնու°մ, հասնում է դէպի խորքը դարերի, մարդկանց գտնում Աւարայրի դաշտում, նահատակուած Վարդանանց հոգիներում:

Հնչու’մ են զանգերն, ու հաղթութեան Եռագոյնն է կրկին ծածանւում Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում:

Հնչու’մ են զանգերն ու հրաշքով յարութիւն են առնում հերոսամարտի արծիւները` Դանիէլ-Բեկ Փիրումեանն ու Մովսէս Սիլիկեանը, Ալեքսանդր Վեքիլեանն ու Սերգօ Աթանեսեանը, Վարդան Ջաղինեանն ու Խորէն Իգիթեանը, Պանդուխտն ու հարիւրաւո’ր շարքային մարտիկներ, կամաւորներ, ֆիդայիներ:

Հնչու’մ են զանգերն ու զանգերի խրոխտ հնչիւնների ներքոյ տարածւում է Հայոց կաթողիկոսի սրբազան կռուի ոգեւորիչ կոչը. «Հայե’ր, շտապէ’ք հայրենիքն ազատելու: Հասել է րոպէն, երբ իւրաքանչիւր հայ, մոռանալով իր անձնականը, յանուն մեծ գործի, հայրենիքի փրկութեան եւ իր կնոջ ու աղջիների պատուի պաշտպանութեան, պիտի դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարուածելու համար…

Հայե’ր, ժամանակը չի’ դանդաղելու… Հայուհինե’ր, յիշեցէ’ք հինգերորդ դարու փափկասուն տիկնանց, որոնք ոգեւորեցին իրենց ամուսիններին դէպի մեծ գործը` անմահ Վարդանի կռիւների ժամանակ, հետեւեցե’ք նրանց օրինակին, եթէ չէք ուզում, որ ձեր պատիւը ոտնատակ լինի, խրախուսեցէ’ք այրերին, յանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիքական գոյութեան, յանուն ոտնակոխ եղած ճշմարտութեան: Ոտքի’ կանգնեցեք: Դէպի’ գործ, դէպի’ սրբազան պատերազմ… »:

Հնչու’մ են զանգերն, ու մեզ ոտքի է կանչում մի ո’ղջ ժողովուրդ: Ժողովուրդ, որն իր դարաւոր պատմական փորձով համոզուել էր, որ առանց թշնամուն հարուածելու ու յաղթանակի նկատմամբ խոր հաւատի` չէր կարող գոյատեւել, ձեւաւորուել որպէս ժողովուրդ, որպէս ազգ:

Հնչում են զանգերն ու հայոց պատմութեան հերոսամարտում`  451թ. Մայիսի կողքին աւելանում է եւս մի ճակատագրական Մայիս:  1918թ. Մայիսի 26-ին Սարդարապատի հերոսամարտում թուրքական կանոնաւոր բանակը գլխովին ջախջախուեց, Մայիսի 24-26-ը` եռօրեայ արիւնահեղ մարտերում զաւթիչները ծանր պարտութիւն են կրում Բաշ-Ապարանում, Մայիսի 24-28-ը թշնամին կասեցուեց Ղարաքիլիսայի մօտ մղուող պայքարում:

Հնչու’մ են զանգերն, ու հայոց հինաւուրց հողում կրկին վերականգնւում է Հայոց պետականութիւնը, կրկին ծիածանւում է ԱՒԱՐԱՅՐԻՑ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, իսկ տարիներ անց նաեւ ԱՐՑԱԽ, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը խորհրդանշող ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ…

Այսօ’ր էլ հնչում են զանգերը.

Հարակից Նյութեր

Leave a Comment