Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը

Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը

by MassisPost

Հայաստանի Հանրապետութիւն ստեղծուել է 1918 թուականի Մայիսի 28-ին` մայիսեան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից եւ Ղարաքիլիսայից յետոյ: Առաջին հանրապետութիւնը հիմնադրուեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատուածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թուի յարձակումը, ինչպէս նաեւ Խորհրդային Ռուսաստանի  քաղաքականութիւնը հնարաւորութիւն չէին ընձեռելու պետութեան ղեկավարներին ստեղծել կայուն պետութիւն: Առաջին հանրապետութիւնը գոյատեւեց մինչեւ 1920 թուականի Դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացաւ: Չնայած կարճ կեանքին Առաջին Հանրապետութեան դերը անգնահատելի է պետականութիւնը վերագտնելու գործում:

1918 թ. Յուլիսի 24-ին հրապարակուեց ՀՀ անդրանիկ կառավարութեան կազմը. Վարչապետ` Յովհաննէս Քաջազնունի (Իգիթխանեան), արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսեան, ներքին գործերի նախարար` Արամ Մանուկեան, ֆինանսների նախարար` Խ. Կարճիկեան, զինուորական նախարար` գեներալ Յովհաննէս Հախուերդեան, արդարադատութեան նախարար` Գ. Պետրոսեան:

1918 թ. Յուլիսին Հայաստանի ազգային դրօշ ընդունուեց եռագոյնը (կարմիր, կապոյտ, նարնջագոյն):

1918 թ. Օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցաւ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսաւոր բացումը` հիւրերի եւ 46 պատգամաւորի մասնակցութեամբ, որի կազմը ձեւաւորուել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրաւումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մէկ ռուս եւ մէկ եզդի:

1918 թ. Հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքուեց զինադադար Անտանտի եւ Օսմանեան կայսրութեան միջեւ, որով Օսմանեան կայսրութիւնը ճանաչեց իր պարտութիւնը եւ դուրս եկաւ Առաջին համաշխարհային պատերազմից:

1918 թ. Նոյեմբերին ՀՅԴ-ն եւ ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարութիւն:

1918 թ. Դեկտեմբերին Վրաստանը գրաւեց Ախալքալաքը եւ Լոռին:

1918 թ. Դեկտեմբերի 5-ին սկսուեց հայ-վրացական պատերազմը:

1918 թ. Դեկտեմբերի 23-ին հայկական զօրքերն ամրացան Սադախլիում:

1918 թ. Դեկտեմբերի 31-ին կողմերի միջեւ կնքուեց համաձայնագիր զինադադարի մասին:

1918 թ. աշնանից մինչեւ 1919 թ. գարուն սովի եւ համաճարակների հետեւանքով մահացաւ մօտ 150.000 մարդ:

1919 թուական
1919 թ. Փետրուարին երկրի ծանր դրութիւնը Հայաստանի խորհրդին ստիպեց դիմել Եւրոպայի եւ ԱՄՆ-ի օգնութեանը:

1919 թ. Մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երեւանում համալսարան հիմնելու վերաբերեալ որոշում ընդունեց:

1919 թ. Յունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին եւ միակ խորհրդարանական ընտրութիւնները: Ընտրուեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թւում` 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը` էսեռներ, 1-ը` անկուսակցական, 2-ը` թուրք-թաթարներ եւ 1-ը` եզդի:

1919 թ. Յուլիսին Հայաստանում բռնկուեց թուրք-թաթարական ընդհանուր խռովութիւն, որի համար Թուրքիան եւ Ադրբեջանը ջանք չէին խնայել:

1919 թ. աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար:

1920 թուական
1920 թ. Յունուարի 19-ին Անտանտի Գերագոյն խորհուրդը փաստացիօրէն ճանաչեց Հայաստանի անկախութիւնը:

1920 թ. Յունուարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գիւմրի) առեւտրային դպրոցի շէնքում մեծ շուքով կատարուեց Հայաստանի համալսարանի բացման հանդիսաւոր արարողութիւնը:

1920 թ. Մարտին ստեղծուեց երդուեալ ատենակալների դատարանը:

1920 թ. Ապրիլին ստեղծուեց ազգային դրամը:

1920 թ. Ապրիլին խորհրդային զօրքերը մտան Ադրբեջան եւ այնտեղ հաստատեցին խորհրդային կարգեր:

1920 թ. Մայիսի 1-ին Երեւանում եւ մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան հակակառավարական ցոյցեր:

1920 թ. Մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում հրաժարական տուեց Ալեքսանդր Խատիսեանի կառավարութիւնը: Ընտրուեց նոր կառավարութիւն Համազասպ (Համօ) Օհանջանեանի գլխաւորութեամբ:

1920 թ. Յուլիսին ՀՀ կառավարութիւնը հաստատեց ՀՀ զինանշանը, որը հեղինակել էին Ալեքսանդր Թամանեանը եւ Յակոբ Կոջոյեանը: Օրհներգ ընդունուեց Միքայէլ Նալբանդեանի «Մեր հայրենիք» երգը, որի երաժշտութեան հեղինակն էր Բարսեղ Կանաչեանը:

1920 թ. Օգոստոսի 10-ին Փարիզի արուարձան Սեւրում Առաջին համաշխարհային պատերազմում յաղթած երկրների եւ սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կնքուեց հաշտութեան պայմանագիր: Նրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչւում էր իբրեւ ազատ եւ անկախ պետութիւն:

1920 թ. աշնանը հայկական բանակն ունէր 40.000 զինուոր:

1920 թ. Սեպտեմբերին Բաքւում տեղի ունեցաւ Արեւելքի ժողովուրդների Ա. համագումարը, որտեղ հարց բարձրացուեց Ռուսաստանի ու Թուրքիայի մէջտեղից վերացնել հայկական սեպը:

1920 թ. Սեպտեմբերի 23-ին սկսուեց հայ-թուրքական պատերազմը: ՀՀ վրայ յարձակուած թուրքական բանակի հարուածային ուժը Քեազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսն էր, որն ունէր 30 հազար զինուոր:

1920 թ. Հոկտեմբերի 14-ին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարութիւնը որոշում ընդունեց Հայաստանը խորհրդայնացնելու մասին:

1920 թ. Հոկտեմբերի 30-ին թշնամին գրաւեց Կարսը` գերելով մօտ 3.000 զինուորների եւ զինուորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց: Երեք օր անընդմէջ թուրքերը Կարսում զբաղուած էին իրենց յատուկ վայրագութիւններով, որոնց զոհ գնացին մօտ 6000 հայեր:

1920 թ. Նոյեմբերի 18-ին կնքուեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին ՀՀ համար:

1920 թ. Նոյեմբերի 23-ին Համազասպ  Օհանջանեանի կառավարութիւնը հրաժարական տուեց եւ կազմուեց նորը` Սիմոն Վրացեանի գլխաւորութեամբ: Այն կոալիցիոն էր եւ կազմուած էր էսեռների հետ:

1920 թ. Նոյեմբերի 24-ին Ալեքսանդրապոլում սկսուեցին հայ-թուրքական հաշտութեան բանակցութիւններ, որոնք աւարտուեցին Դեկտեմբերի 2-ի լոյս 3-ի գիշերը, այն բանից յետոյ, երբ Հայաստանն արդէն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարութիւնը հրաժարուել էր իշխանութիւնից: Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային էր անցնում 1914 թ. դրութեամբ Արեւելեան Հայաստանի մէջ մտնող աւելի քան 20.000 կմ. Տարածք` Կարսը, Սարիղամիշը, Կաղզուանը, Արդահանը, Օլթին, Սուրմալուի գաւառը: Փաստօրէն հայ-թուրքական սահմանն անցնելու էր Ախուրեան եւ Արաքս գետերի հունով: Իսկ Նախիջեւանի, Շարուրի, Շահթախթի շրջանները ժամանակաւորապէս յանձնւում էին Թուրքիային, մինչեւ որ այնտեղ կÿանցկացուէր հանրաքուէ, որին Հայաստանը չպէտք է մասնակցեր:

1920 թ. Նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը եւ Բաքւում կազմաւորուած Հայաստանի ռազմայեղափոխական կոմիտէն, որի նախագահն էր  Սարգիս Կասեանը, մտան Իջեւան, որտեղ յայտարարեցին դաշնակցական կառավարութեան տապալման եւ Հայաստանի խորհրդայնացման մասին:

1920 թ. Դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրուեց համաձայնագիր: Դրանով Հայաստանը հռչակւում էր խորհրդային սոցիալիստական հանրապետութիւն, իշխանութիւնը անցնում էր ժամանակաւոր ռազմայեղափոխական կոմիտէին:

Հարակից Նյութեր

Leave a Comment