Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Նորանշանակ Վարչապետը Շնորհաւորանքներ Կը Ստանայ Հայաստանէն Եւ Արտասահմանէն

Նորանշանակ Վարչապետը Շնորհաւորանքներ Կը Ստանայ Հայաստանէն Եւ Արտասահմանէն

by MassisPost

Նիկոլ Փաշինեանին վարչապետ ընտրուելու կապակցութեամբ օտարերկրեայ պետութիւնների ղեկավարներից առաջինը շնորհաւորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դեռ մինչեւ Հայաստանի խորհրդարանի կողմից ընտրուած վարչապետին նախագահի հրամանագրով այդ պաշտօնում նշանակելը, Ռուսաստանի նախագահը շնորհաւորական հեռագիր է յղել Փաշինեանին:

Կրեմլի պաշտօնական կայքում տեղադրուած հաղորդագրութեան համաձայն. Պուտինը նշել է. «Ակնկալում եմ, որ Ձեր գործունէութիւնը կառավարութեան ղեկավարի պաշտօնում կը նպաստի մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային կապերի, ԱՊՀ-ի, Եւրասիական տնտեսական միութեան եւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան շրջանակներում գործընկերային փոխգործակցութեան հետագայ ամրապնդմանը»:

Պուտինի շնորհաւորական հեռագրին հետեւել է Ռուսաստանի վարչապետի պաշտօնակատար Դմիտրի Մեդվեդեւի շհորհաւորական ուղերձը, վերջինս աւելի շատ ընդգծել է տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտութիւնը: «Վստահ եմ, որ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային-հումանիտար համագործակցութեան հետագայ զարգացումը, համատեղ խոշոր ծրագրերի իրագործումը, ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումը ԵԱՏՄ շրջանակներում լիովին բխում է Հայաստանի ու Ռուսաստանի շահերից»,- ասուած է Մեդվեդեւի ուղերձում:

Մինչ այս շնորհաւորական հեռագրերի յղումը, Մոսկուան յայտարարել էր, որ սպասում է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը: Մի քանի օրից. Մայիսի 14-ին Սոչիում անցկացուելու է ԵԱՏՄ գագաթնաժողովը: Ռուսաստանի նախագահի մամուլի խօսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլում սպասում են Հայաստանի մասնակցութեանն այդ գագաթնաժողովին եւ ակնկալում, որ հաւաքի ժամանակ տեղի կ’ունենայ երկու երկրների ղեկավարների հանդիպումը: Աւելի ուշ Նիկոլ Փաշինեանը յայտնել է, որ մասնակցելու է Սոչիում կայանալիք գագաթնաժողովին:

Եւրասիական տնտեսական յանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսեանն իր շնորհաւորական ուղերձում, ըստ «Արմենպրեսի», մասնաւորապէս, ասել է. «Թոյլ տուէք անձամբ իմ եւ Եւրասիական տնտեսական յանձնաժողովի անունից շնորհաւորել ձեզ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ: Վստահ եմ, որ ձեր քաղաքական եւ պրոֆեսիոնալ փորձը, ինչպէս նաեւ հասարակական վստահութեան եւ աջակցութեան բարձր մակարդակը կը ծառայեն հայկական տնտեսութեան, սոցիալական ոլորտի եւ պետականութեան զարգացմանը:

Հայաստանը Եւրասիական տնտեսական միութեան ակտիվ եւ կարեւոր անդամ է: Մեր միութեան յաջողութիւնն ու մրցունակութիւնը մեծապէս կախուած է անդամ երկրների տնտեսական բարգաւաճումից: Վստահ եմ, որ ներդրումը, որը կ’ունենայ Հայաստանը մեր միութեան զարգացման եւ ամրապնդման գործում, միայն աճելու է: Օգտուելով առիթից, յարգելի պարոն Փաշինեան, ցանկանում եմ շնորհաւորել ձեզ յաղթանակի օրուայ առթիւ, որը միաւորել է մեր ինտեգրացիոն միութեան պետութիւններն ու ժողովուրդներին»:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եւս շնորհաւորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինեանին: «Վրաստանը հաստատապէս աջակցում եւ կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին: Կարծում եմ, որ մեր երկրների միջեւ ամուր կապերն ու բարեկամութիւնն էլ աւելի կը խորանան»,- ասուած է Կվիրիկաշվիլիի ուղերձում:

Լեռնային Ղարաբաղի նախագահի շնորհաւորական ուղերձում Բակօ Սահակեանը յոյս է յայտնել, որ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը կը շարունակի անել հնարաւորը. հայկական երկու հանրապետութիւնների փոխգործակցութեան ընդլայման ու խորացաման ուղղութեամբ:

«Եւրամիութիւնը անհամբեր սպասում է Փաշինեանի եւ նրա կառավարութեան հետ աշխատանքին»: Այդ մասին համատեղ յայտարարութեամբ ազդարարել են Եւրամիութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ Եւրամիութեան հարեւանութեան քաղաքականութեան ու ընդլայնման հարցերով յանձնակատար Եոհանէս Հանը:

Նրանց համատեղ յայտարարութիւնում նշուած է. «Եւրամիութիւնն անհամբեր սպասում է Փաշինեանի եւ նրա կառավարութեան հետ աշխատանքին. անցած տարուայ Նոյեմբերին ստորագրուած ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրի իրականացման ուղղութեամբ»: Ֆեդերիկա Մոգերինին եւ Եոհանես Հանը շեշտել են ժողովրդավարութեան, օրէնքի իշխանութեան եւ մարդու իրաւունքների հետագայ ամրապնդման եւ բարգաւաճ ու կենսունակ երկրի ստեղծման անհրաժեշտութիւնը. ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների:

Եւրոպայի Խորհրդի Գլխաւոր քարտուղար Թորբյորն Եագլանդը եւս շնորհաւորական ուղերձ է յղել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինեանին: «Հայաստանի խորհրդարանի այսօր կայացրած որոշումը ցոյց է տալիս, որ մեր կազմակերպութեան օգնութեամբ իրականացուած սահմանադրական բարեփոխումները սկսել են կեանքի կոչուել:

Այս գործընթացը պետք է շարունակուի. Հայաստանի ժողովրդի ցանկութիւններին համապատասխանՙ,- յայտարարել է Եագլանդը‘ յաւելելով. ՚Եւրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել աջակցութիւն ցուցաբերել Հայաստանի իշխանութիւններին այս անչափ կարեւոր գործընթացում. հիմնուելով մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան եւ օրէնքի գերակայութեան արժէքների վրայ»:

Նիկոլ Փաշինեանին շնորհաւորել են նաեւ հայոց կաթողիկոսները: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ առաջինը Նիկոլ Փաշինեանին դիմելով «սիրելի պրն. վարչապետ», իր ուղերձում նաեւ նշել է, որ ժողովրդի թեկնածու լինելը մեծ պատիւ է ու միաժամանակ. ծանր պարտաւորութիւն: «Մեր սպասումն է, որ Ձեր տուած խոստումները բարոյական արժէքների ու մարդկային իրաւունքների ամուր պահպանմամբ յանձնառութեան ու կեանքի վերածէք»,- ասել է Արամ առաջինը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն էլ իր շնորհաւորական ուղերձում նշել է. «Պատասխանատու այս պաշտօնին Դուք կոչւում եք երկրում ստեղծուած ներքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում. հանրային լայն շրջանակների աջակցութեամբ, քաղաքական ընդարձակ խորհրդակցութիւնների արդիւնքում: Լիայոյս ենք, որ նախանձախնդիր ու հետեւողական ջանքերով պիտի նպաստէք մեր երկրում կայունութեան հաստատմանը եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը. յանուն մեր հայրենիքի զօրացման ու առաջընթացի»:

Հարակից Նյութեր

Leave a Comment