Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ս.Դ.Հնչակեան Կուսակցութեան Կենտրոնական Վարչութեան Յայտարարութիւնը

Ս.Դ.Հնչակեան Կուսակցութեան Կենտրոնական Վարչութեան Յայտարարութիւնը

by MassisPost

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Կենտրոնական Վարչութիւնը խիստ մտահոգիչ ու վտանգաւոր է համարում՝ վարչապետի պաշտօնակատար՝ Կարեն Կարապետեանի ու նրա գործակիցների վերջին օրերի գործունէութիւնն ու վարքագիծը, որ փորձ է արւում արդարացնել՝ արհեստականօրէն վկայակոչելով սահմանադրութիւնն ու օրէնքը:

Յատկապէս դատապարտելի ենք համարում, իշխանութեանն ամեն գնով կառչած մնալու մոլուցքով տարուած՝ համաժողովրդական շարժման նպատակներն ու էութիւնը աղաւաղելու նենգամիտ փորձերը, մի կողմից գործի լծելով ռուսական մամուլն ու տեսաբանները, իսկ միւս կողմից Ռուսաստանին, որ առ այսօր չէզոք կեցուածք էր արտայայտել այս կապակցութեամբ, ներքաշելու և ուղղակի միջամուխ դարձնելու՝ բացառապէս ներ-հայաստանեան գործընթացներին:

Նման պահուածք հարիր չէ, դեռ մէկ ամիս առաջ երկրի վարչապետի պաշտօնը զբաղեցրած անձնաւորութեանը ու անմիջական վտանգ է ներկայացնում Հայաստանի պետականութեանն ու ինքնիշխանութեանը:

Կոչ ենք անում պարոն Կարապետյանին ու նրա գործակիցներին սթափ գնահատել իրավիճակը և սեփական նկրտումներն ու շահը գերադասելով հայրենիքի շահից, երկիրը չմղել դէպի անդունդ:

Համաժողովրդական շարժումը ոչ թէ մի անձի, այլ մի ամբողջ համակարգի դէմ է ուղղուած, որ այսօր դուք շարունակում եք ներկայացնել: Իսկ Հայաստանի քաղաքացին իր վճռական խօսքն արդեն ասել է և եթէ իսկապէս անկեղծ են ձեր մղումները՝ ի խնդիր Հայաստանի կայունութեանն ու պայծառ ապագայի, ապա առաջ շարժուելու միակ ճանապարհը, մինչ իսկապէ’ս արդար ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները, մնում է իշխանութեան խաղաղ անցումը՝ յաղթանակած ժողովրդի ընտրեալին:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչութիւն

Հարակից Նյութեր

Leave a Comment