Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Արմէն Սարգսեան․ «Հայաստանի Պատմութեան Մէջ Ունենք Այլեւս Նոր Էջ, Մենք Ապրում ենք Նոր Հայաստանում»

Արմէն Սարգսեան․ «Հայաստանի Պատմութեան Մէջ Ունենք Այլեւս Նոր Էջ, Մենք Ապրում ենք Նոր Հայաստանում»

by MassisPost

Ապրիլ 25-ին, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը խորհրդակցութիւններ  կատարելէ ետք  քաղաքական ուժերու եւ հասարակական-քաղաքական գործիչներու հետ ան Ապրիլ 26-ին հանդէս եկած է ուղերձով:

«Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադէպ երեւոյթ են: Այն, թէ ինչպէս քաղաքացիական շարժումը կազմակերպուած եւ քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայութեան համար հպարտութեան առարկայ է», – յայտարարած է Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանը:

Նախագահը ուղերձին մէջ ըսած է․

«Հայաստանի պատմութեան մէջ ունենք այլեւս նոր էջ: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում: Հայաստան, որտեղ իւրաքանչիւր հայաստանցի եւ աշխարհասփիւռ հայութիւնն իր ուժն ու եռանդը պէտք է դնի երկրի զարգացման համար: Հայաստան, որին մատնացոյց են անելու աշխարհում՝ ժողովրդավարութեան, կառավարման, քաղաքացիական հասարակութեան, մշակոյթի, գիտութեան ու տնտեսութեան զարգացման առումով: Հայաստան, որտեղ հայը տեսնելու է իր եւ իր սերունդների ապագան: Հայաստան, որը սիրելու է իւրաքանչիւր հայ՝ պետական այրն ու շարքային քաղաքացին:

Հայաստան, որը լինելու է իմ եւ քո երազանքների Հայաստանը:

Այս իրողութիւնը ժխտելը քաղաքական կարճատեսութիւն կը լինի:

Այնպէս, ինչպէս Սերժ Սարգսեանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նոյն կերպ քաղաքական բոլոր ուժերը, յատկապէս՝ Ազգային ժողովում ներկայացուած, պէտք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդուելով Սահմանադրութեամբ:

Մենք բոլորս պարտաւոր ենք յաւուր պատշաճի իրագործել այն պատմական առաքելութիւնը, որը մեզ բաժին է հասել, եւ մեր ազգի համար այս բախտորոշ պահին անել այդ քայլը: Ժողովուրդի մեծամասնութեան վստահութիւնը վայելող քաղաքական ուժերը պէտք է միասնաբար երկիրն առաջնորդեն այս ճանապարհով:

Ես համոզուած եմ, որ հազարամեակների ընթացքում կուտակուած ազգային խոհեմութիւնը թոյլ չի տայ բաց թողնել այս պատմական պահը:

Հպարտ եմ, որ տեսնում եմ այսօրուայ Հայաստանը, եւ ուրախ, որ ապրելու եմ վաղուայ հզօր, միասնական, արդար եւ ծաղկող Հայաստանում:

Հարակից Նյութեր

Leave a Comment