Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սերժ Սարգսեանի Նախագահութեան 10 Տարիները

Սերժ Սարգսեանի Նախագահութեան 10 Տարիները

by MassisPost

Սերժ Սարգսեանի նախագահական լիազօրութիւնները աւարտեցան՝ տասը տարի  ղեկավարելէ ետք Հայաստանը:

Հինգ տարի առաջ Սարգսեանը նախագահական ընտրապայքարին մասնակցած էր «Ապահով Հայաստանի» խոստումով, նաեւ նշած էր, թէ ինչպիսի երկիր պիտի փոխանցէ յաջորդ նախագահին, երբ 2018-ին աւարտէ պաշտօնական ժամկէտը․ – «2018 թուականին ես Հայաստանի յաջորդ նախագահին եւ մեր ժողովրդին յանձնելու եմ բոլորովին ուրիշ Հայաստան՝ նոր ընկերային-տնտեսական եւ քաղաքական նկարագիրներով: Եւ դա լինելու է ապահով Հայաստանը: Ես սա համարում եմ իմ պարտքը»:

Սերժ Սարգսեանի գլխաւորած Հանրապետական կուսակցութեան մամուլի խօսնակ Էտուարտ Շարմազանովը վստահ է, որ այս ժամանակաշրջանը Հայաստանի համար զարգացման շրջան էր․ – «Այս 10 տարիները ապագայ պատմաբանները կը ձեւակերպեն որպէս բարեփոխումների եւ պետականաշինութեան ժամանակաշրջան»:

Տարբեր կարծիք յայտնած է Հայաստանի երեք նախագահներու գործունէութիւնը լուսաբանող լրագրող Թաթուլ Յակոբեանը․ – «Կայուն լճացման տարիներ էին: Դրանք փոփոխութիւնների սպանութեան տարիներ էին, երբ ոեւէ մէկը փոփոխութեան ակնկալիքներ չունի»:

Պաշտօնական տուալներով` Սարգսեանի նախագահութեան շրջանին Հայաստանի մշտական բնակչութիւնը նուազած է շուրջ 260 հազար:

Թաթուլ Յակոբեանի համոզմամբ՝ այս ամենամեծ փաստն է, թէ որքանով  արդիւնաւէտ էր Սերժ Սարգսեանի կառավարումը․ – «Երբ որ մարդը թողնում եւ գնում է Հայաստանի արեւը, Հայաստանի ջուրը, իր տունը, դա նշանակում է, որ երկրում հարց կայ»:

Ըստ Թաթուլ Յակոբեանի՝ Սերժ Սարգսեանը կը յիշուի որպէս Հայաստանի առաջին նախագահ, որու օրով՝ 2016-ի ապրիլեան պատերազմի ժամանակ, հայկական կողմը Ղարաբաղի մէջ 800 հեկտար տարածքային կորուստներ կրած է:

Եօթ տարի Պաշտպանութեան նախարարի, ապա վարչապետի պաշտօնը վարելէ ետք՝ 2008-ին, Սերժ Սարգսեանը նախագահ դարձած էր Հայաստանը առաջ մղելու կարգախօսով: Սակայն այդ բոլոր խոստումները չիրականացան: Վիճակագրութեան համաձայն, Սերժ Սարգսեանի օրով աղքատութիւնը աւելցաւ շուրջ 2 տոկոսով՝ 2016-ի տուեալներով հասնելով գրեթէ 30 տոկոսի: Շուրջ 2 տոկոսով աւելցաւ նաեւ անգործութիւնը՝ հասնելով 18 տոկոսի: Միեւնոյն ժամանակ, աճեցաւ պետական պարտքը՝ 2008-ի 1.9 միլիառ տոլարէն հասնելով շուրջ 7 միլիառ տոլարի:

Ըստ տնտեսագէտ Վահագն Խաչատրեանի, Սերժ Սարգսեանի նախագահութեան շրջանին փտածութիւնն ու կաշառակերութիւնը, ինչպէս նաեւ մենաշնորհները տնտեսութեան զարգացման հիմնական խոչընդոտները հանդիսացած են:

Նախագահութեան ընթացքին Սերժ Սարգսեանը իր խոստումներու մէջ շռայլ էր եւ կը վստահեցնէր, որ յուսախաբ պիտի չընէ․ – «Ինձ չեն կարող քննադատել նրա համար, որ ես երբեւէ ինչ-որ բան խոստացել եմ եւ այդ խոստումը մնացել է օդում»:

Յակոբեանը Սարգսեանի խոստումներու մասին այլ կարծիք յայտնած է․ – «Նա խոստացել էր, որ պէտք է կառուցուի Հայաստան-Իրան երկաթուղի: Նա խոստացել էր նոր աթոմակայան կառուցել, էդ աթոմակայանը մենք չունենք: Նա խոստացել էր Համահայկական պանք, էդ Համահայկական պանքը մենք չունենք: Նա խոստացել էր աշխատավարձի մի չափ, որը մենք էսօր չունենք: Նա խոստացել էր բարեկեցութիւն, էդ բարեկեցութիւնը մենք չունենք»:

Ըստ Յակոբեանի, Սարգսեանի նախագահութեան ամենավատ արդիւնքը, որ ի տարբերութիւն նախորդ երկու նախագահներու՝ Սարգսեանը ամենայն հաւանականութեամբ պիտի չհրաժարի իշխանութենէն:

Սարգսեանը հինգ տարի առաջ յայտարարած էր, թէ ամէն ինչ ժամանակաւոր է, բացի հայրենիքը․ – «Մեր սիրած կամ չսիրած իշխանութիւնները ժամանակաւոր են, իսկ մնայունն ու յաւերժը մեր հայրենիքն է»:

Հարակից Նյութեր

Leave a Comment