Սերժ Սարգսեանը ձեւաւորած է կեղծ պետութիւն՝ յայտնած է Մարտ 30-ին, լրագրողներու հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանը:
«Նա պիտի չլինի վարչապետ: Նրա կառավարման ժամանակ հայկական կողմն առաջին անգամ տարածքային կորուստներ ունեցաւ, Հայաստանի ՀՆԱ-ն ոչ թէ աճել է, այլ՝ նուազել, արտագաղթը մեծ ձեւով շարունակւում է: Նա վարչապետ պիտի չդառնայ, նա է ասել, որ համարում է սխալ, որ որեւէ մէկը երկու անգամից աւելի պետութեան ղեկավարի պաշտօնում լինի»,- ըսած է ան:
Նիկոլ Փաշինյանը նշած է, որ պէտք է կանխել Սերժ Սարգսեանի՝ երրորդ ժամկէտի երկրի ղեկավար դառնալու գործընթացը. «Պայքարի ընթացքում պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք շատ յստակ եւ աներկբայ մեր պայմանն ընդունում են, սակայն, մեր հիմնական բանակցութիւնը ՀՀ քաղաքացիների հետ է, որովհետեւ քաղաքական պայմանագիրի, պարտաւորութեան միւս կողմում խաբուող ՀՀ քաղաքացիներն են: Մենք մերժում ենք բռնութիւնը որպէս համագործակցութիւն, կը համագործակցենք այն ուժերի հետ, որոնք ընդունում են այս սկզբունքը»:
Անոր խօսքով, առաջիկային պիտի գործէ ոչ միայն որպէս պատգամաւոր, կուսակցութեան ներկայացուցիչ, այլ եւ՝ ՀՀ քաղաքացի. «Եթէ հարիւր հազարաւոր քաղաքացիներ արտայայտեն իրենց կամքը եւ թոյլ չտան, որպէսզի ՀՀԿ-ի միակ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսեանը լինի վարչապետ, ժողովուրդը դուրս կը գայ եւ ինքը կ’ընտրի իր վարչապետի թեկնածուին, վաղը մեր ճանապարհային քարտէզը կը հրապարակենք եւ շատ հարցերի պատասխաններ պարզ կը լինեն, Սերժ Սարգսեանը ուղիղ 10 օր անց իշխանութիւնից կը հեռանայ եւ չպէտք է թոյլ տանք, որ վերադառնայ»: