Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Արմէն Սարգսեանի Ընտրութեամբ Հանրապետութիւնը Նոր Փուլ Թեւակոխեց.Արմէն Մկրտչեան

Արմէն Սարգսեանի Ընտրութեամբ Հանրապետութիւնը Նոր Փուլ Թեւակոխեց.Արմէն Մկրտչեան

by MassisPost

Ինչպէս արդէն յայտնի է, Ազգային ժողովը 90 կողմ, 10 դէմ ձայներով քուէարկեց Հայաստանի Հանրապետութեան 4-րդ նախագահի միակ թեկնածու Արմէն Սարգսեանի օգտին:

Politics.am-ը այս գործընթացի մասին զրուցել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Հայաստանի կառոյցի քաղաքական խորհրդի ղեկավար Արմէն Մկրտչեանի հետ:

-Ինչպէս մամուլից տեղեկացանք, դեռ շաբաթներ առաջ նախագահի թեկնածու Արմէն Սարգսեանը արտախորհրդարանական ուժերից առաջինը հիւրընկալուեց ձեր կուսակցութեան գրասենեակում: Ի՞նչ տուեց այդ հանդիպումը:

-Ճիշտ էք նկատել, եւ մենք հանդիպման ընթացքում Արմէն Սարգսեանին ներկայացրել ենք թէ համայն հայութեան առաջ դրուած մարտահրաւէրների վերաբերեալ մեր մտահոգութիւնները, թէ ներհայաստանեան խնդիրների շուրջ, եւ ստացել ենք բաւական հետաքրքիր ու ծանրակշիռ պատասխաններ: Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկրում առկայ սոցիալական խնդիրները, արտագաղթի տեմպերը, բոլորիս այդքան յուզող գնաճի կարգաւորման հնարաւորութիւնները, նոր աշխատատեղերի ստեղծման հնարաւորութիւնները եւ այլն: Մեզ բաւական հարցերի պատասխաններ տուեց այդ հանդիպումը: Դա հանդիպում էր Հայաստանի ապագայով մտահոգ մարդու, բովանդակալից ծրագրեր ունեցող մարդու եւ հայկական ամենահին քաղաքական ուժի միջեւ:

-Արմէն Սարգսեանը ստացաւ խորհրդարանի ճնշող մեծամասնութեան քուէները: Ինչպէ՞ս կը գնահատէք այս փաստը:

-Նախ ասեմ, որ Արմէն Սարգսեանի հետ անձնական շփումը եւ նրա հանդէպ հանրային ընկալման դրական աեուրան ամբողջութեամբ համընկան, եւ տրամաբանական էր, որ նոյն տպաւորութիւնը շատերի մօտ է լինելու: Մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք կենսագրութիւն չունեցող, գիտութիւնից հեռու, կամային յատկանիշներից զուրկ ու հայ ժողովրդի հաշուին հարստացած իշխանաւորների դէմ, եւ այս դէպքում Արմէն Սարգսեանը 180 աստիճանով հակառակ օրինակն է: Մենք մեր առջեւ ունենք մարդու, ով դեռ խորհրդային տարիներից է համաշխարհային հռչակ ձեռք բերել, մարդու, ով անկախ Հայաստանի կայացման գործում ունի իր աւանդը, ով դիւանագիտական լրջագոյն գործունէութիւն է ծաւալել եւ մարդու, ով իր ընտանեկան բիզնեսներն է կարողացել զարգացնել հայրենիքից հեռու, մշտապէս կապ պահելով Հայաստանի հետ: եւ եկէք հաշուի առնենք, որ բացի իշխող կուսակցութիւնից, մեծ հաշուով որեւէ քաղաքական ուժ այլընտրանք չէր կարող ներկայացնել, իսկ իշխող կուսակցութեան կադրային բազայում Արմէն Սարգսեանի որակական յատկանիշներին համեմատուող երկրորդ անձը չկայ:

-Փաստօրէն դուք ողջունում է՞ք Սարգսեանի ընտրուելը:

-Փաստօրէն մենք ֆիքսում ենք, որ հնարաւոր այլընտրանքների բացակայութեան, եղած ներկապնակի առկայութեան պայմաններում Արմէն Սարգսեանը լաւագոյն տարբերակն էր եւ մեզ համար ընկալելի նախագահի թեկնածու:

-Այնուամենայնիւ նախագահը նոր Սահմանադրութեամբ բաւական քիչ լիազօրութիւններ ունի: Ի՞նչ ակնկալիքներ ունէք, արդեօք Արմէն Սարգսեանը կը կարողանայ կեանքի կոչել իր ծրագրերը:

-Ինձ թւում է ցանկացած պաշտօն կարեւորւում եւ ուժ է ստանում պաշտօնը զբաղեցնող անձով: Կեանքը առջեւում է, սակայն ես լիայոյս եմ որ Արմէն Սարգսեանի ընտրուելով դրական փոփոխութիւնների սկիզբ կը դրուի:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment