Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Նոր Օրէնքով Ներում Շնորհելու Իրաւունքը Կը Տրուի Վարչապետին

Նոր Օրէնքով Ներում Շնորհելու Իրաւունքը Կը Տրուի Վարչապետին

by MassisPost

Ընդդիմադիր պատգամաւորները հակասահմանադրական կը համարեն խորհրդարան ներկայացուած «Ներման մասին» օրէնքի նախագիծը՝ պնդելով, թէ իշխանութիւնը այդպիսով կը փորձէ «նախագահէն վերցնել ու ապագայ վարչապետին տալ ներում շնորհելու իրաւունքը»։

«Ելք» խմբակցութենէն Էտմոն Մարուքեանն ու «Ծառուկեան» դաշինքէն Գէորգ Պետրոսեանը մատնանշած են Սահմանադրութեան 135-րդ յօդուածը՝ «դատապարտեալներուն ներում շնորհելու հարցը օրէնքով սահմանուած պարագաներուն եւ կարգով կը լուծէ նախագահը»։

«Ձեւականօրէն մենք հռչակում ենք, որ ներման հարցի վերջակէտը դնում է նախագահը, բայց մինչ այդ վերջակէտը դնելը ինչ-որ փոխաբերական իմաստով կետադրական նշաններ բաժանում են խնդիրը նախագահից», – ըսած է Պետրոսեանը:

«Ամբողջութեամբ Կառավարութիւնում է՝ ներման խնդրագրերի հարցի քննարկում, նախագծերի պատրաստում․․․ Նախագահին ներկայացնում են ուղղակի պատրաստի որոշման նախագծերը, որ նախագահը ստորագրի: Բայց Սահմանադրութիւնն ասում է, որ նախագահն է ներողը», – աւելցուցած է Մարուքեանը:

«Վարչապետին հիմնական դերն են տուել օրէնքով: Որ վարչապետը ստանում է ներման խնդրագրերը, քննարկում է եւ միանգամից նախագահին առաջարկում է ներել կամ չներել: Այսինքն նախագահից այս լիազօրութիւնը նոյնպէս օրէնքներով վերցնում են մեծ հաշուով», – նշած է Էտմոն Մարուքեանը:

«Ներման մասին» օրէնքի նախագիծը արդէն արժանացած է պետական իրաւական հարցերու յանձնաժողովի դրական եզրակացութեան: Յառաջիկայ օրերուն այն պիտի ընդգրկուի ԱԺ արտահերթ նիստի օրակարգ։

Հարակից Նյութեր

Leave a Comment