Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Յայտարարութիւն Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան XXI Համագումարի

Յայտարարութիւն Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան XXI Համագումարի

by MassisPost

Սեպտեմբեր 22-ից 24-ը քաղաքամայր Երևանում ընթացաւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան XXI  հերթական փակ Համագումարը, որին մասնակցում էին աշխարհի 15 և Հայաստանից ընտրուած  շուրջ 100 կուսակցական պատուիրակներ: Համագումարի մեկնարկը տրուեց Եռաբլուրում, որտեղ մասնակիցները յարգանքի տուրք մատուցեցին Արցախեան ազատամարտում նահատակուած ազատամարտիկներին:

Համագումարի մասնակիցները, քննարկելով Հայաստանում և Սփիւռքում հայ ժողովրդի ու Հայրենիքի առջև ծառացած մարտահրաւէրները և, որոշելով ՍԴՀԿ-ի առաջիկայ 4 տարուայ հաւաքական ռազմավարութիւնն ու գործունէութեան ոլորտը, որոշեցին.

  1. Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնն առաջիկայում նոյնպէս պէտք է շարունակի իր կազմակերպչական, քաղաքական ու տնտեսական առաջնահերթութիւնները ուղղել դէպի Մայր Հայրենիք:
  2. ՍԴՀԿ XXI համագումարը գտաւ, որ Հայաստանի բնակչութեան ստուար մասը երկրում տիրող սոցիալական անարդարութեան պատճառով ապրում է տնտեսապէս անբաւարար վիճակում, ինչը համարւում է  արտագաղթի գլխաւոր պատճառներից մէկը, որի կասեցումը ազգային առաջնահերթութիւն է:  Քաղաքական դաշտը վատառողջ է, չեն գործում արդար մրցակցութեան պայմանները:   Այս հանգամանքի և սոցիալական արդարութեան բացակայութեան հետևանքով, չնայած որոշակի առաջընթացի, Հայաստանի Հանրապետութիւնում դեռ օրէնքի լիակատար գերակայութիւնն ապահովուած չէ:
  3. Համագումարը գտաւ, որ Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է վարի տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակներից թելադրուած արտաքին քաղաքականութիւն: Համագումարը դրական է համարում Եւրասիական տնտեսական միութիւնում Հայաստանի Հանրապետութեան անդամակցութիւնը, ինչպէս նաև հոյս է յայտնում, որ մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթութիւններից մէկը պէտք է շարունակի մնալ Եւրամիութեան հետ ասոցացման համաձայնագրի վաւերացումը:
  4. Ս.Դ. Հնչակեան Կուսակցութիւնը Հայաստանում գործում է որպէս Անկախ քաղաքական միաւոր, այն իրաւունք ունի համագործակցելու բոլոր այն քաղաքական կազմակերպութիւնների հետ, ովքեր ընդունում են Հնչակեան կուսակցութեան սկզբունքներն ու գաղափարախօսութիւնը, յատկապէս, ժողովրդավարութեան և սոցիալական արդարութեան սկզբունքները:
  5. ՍԴՀԿ XXI համագումարը գտաւ, որ Արցախի հիմնախնդիրը հայ ժողովրդի և յատկապէս Հնչակեան կուսակցութեան համար մնում է առանցքային հիմնախնդիր և շեշտում է, որ Կուսակցութիւնն իր բոլոր անհնարաւորութիւնով պէտք է ընդդիմանայ ադրբեջանական ցանկացած ագրեսիային` լինի այն ռազմական, քաղաքական, քարոզչական, թէ տնտեսական:

Համագումարը գտաւ, որ Արցախի հիմնախնդիրն անհնար է լուծել ռազմական ճանապարհով, այլ միայն  ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի և իրաւահաւասար բանակցութիւնների արդիւնքում ձևաւորած բանաձևերի հիման վրայ:

Համագումարը շեշտեց միջազգային հարթակներում Արցախի հիմնախնդրին աւելի լայն ճանաչում ապահովելու միտուած ջանքերը բազմապատկելու անհրաժեշտութիւնը:

Համագումարը վերահաստատեց  Արցախի Հանրապետութիւնը  բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտութիւնը:

Համագումարը վերահաստատեց, որ ՍԴՀԿ-ի գործիչները կարող են շարունակել իրենց քաղաքական փոխյարաբերութիւնը թուրքական առաջադէմ ձախակողմեան կուսակցութիւնների և անհատների հետ  իբրև նախապայման ընդունելով վերջիններիս կողմից Հայոց ցեղասպանութիւնն անվերապահ ընդունելու փաստը:

Համագումարը քննարկեց ՍԴՀԿ-ի ներքին կազմակերպչական հարցեր:

Սեպտեմբերի 24-ին աւարտուեց համագումարի աշխատանքները, որի արդիւնքում ընտրուեց նոր Կենտրոնական վարչութիւն հետևեալ կազմով.

  1. Համբիկ Սարաֆեան (ատենապետ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ)
  2. Վազգէն Համալեան (փոխատենապետ, Սիրիայի Արաբական Հանրապետութիւն)
  3. Նարեկ Գալստեան (քարտուղար, Հայաստանի Հանրապետութիւն)
  4. Յակոբ Տիգրանեան (Կիպրոս)
  5. Շաւարշ Ակինեան (Գանատա)
  6. Մանօ Շխրտմեան (Հայաստանի Հանրապետութիւն)
  7. Ալեքսան Քեոշքերեան (Լիբանան)
  8. Կիրակոս Թութունճեան (Գանատա)
  9. Ճորճ Յակոբեան (Ամերիկայի Միացեալ Նահանգներ)
  10. Թադէոս Քօրօղլեան (Ամերիկայի Միացեալ Նահանգներ)
  11. Գէորգ Սաչլեան (Ֆրանսիա)

Հարակից Նյութեր

Leave a Comment