2017 թուականի Ապրիլ 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրութիւնները անցած են բազմաթիւ թերութիւններով եւ խախտումներով, ընտրողներու կամքի արտայայտման վրայ ճնշումներ գործադրուած են եւ անոնք չեն համապատասխաներ ժողովրդավարական ընտրութիւններու սկզբունքներուն եւ չափանիշներուն: Այս մասին ըսուած է Հայաստանի Հելսինքեան կոմիտէի զեկոյցին մէջ, որ կը վերաբերի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրութիւններուն:
Զեկոյցի եզրափակիչ բաժինին մէջ, մասնաւորապէս ըսուած է.
«Հայաստանի Հանրապետութիւնում անկախութեան հռչակումից ի վեր ընտրութիւններն ընթացել են կոպիտ խախտումներով` սպառնալիքներ, լցոնումներ, քուէատուփերի առեւանգումներ, քուէարկութեան արդիւնքների արձանագրութիւնների փոփոխումներ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ահաբեկումներ ու բռնութիւններ, իսկ 2000-ական թուականներից լայն տարածում ստացաւ նաեւ ընտրակաշառքը:
Հերթական ընտրութիւններից յետոյ ստեղծւում էր այն տպաւորութիւնը, որ իշխանութիւնները փորձ են անում հնարաւորինս թափանցիկ դարձնել ընտրութիւնների քուէարկութիւնը եւ ձայների հաշուարկը:
2015 թ. կայացած Սահմանադրութեան փոփոխութիւնների հանրաքուէով, որը նոյնպէս ուղեկցուեց բազմաթիւ խախտումներով, Հայաստանում կառավարման նախագահական համակարգը փոխուեց խորհրդարանականի:
2017 թ. ԱԺ ընտրութիւնների առանձնայատկութիւնը կայանում էր նրանում, որ նախագահի ինստիտուտը չի ձեւաւորուելու համապետական ընտրութիւնների արդիւնքում, եւ յետագայ տարիներին պետական համակարգի ձեւաւորման մէջ առանցքային դեր ունենալու է Ազգային ժողովը:
Թէեւ ընտրութիւնների քուէարկութեան փուլը եւ ձայների հաշուարկը անցան հիմնականում թափանցիկ՝ իշխանութեան վերարտադրումը երաշխաւորուեց վարչական եւ ֆինանսական ռեսուրսների կիրառման օգնութեամբ: Բացայայտնուեցին բազմաթիւ վարչական եւ ֆինանսական ռեսուրսների կիրառման եւ չարաշահման փաստեր, տեղի ունեցան բռնութիւններ որոնք, սակայն, որեւէ պատշաճ իրաւական հետեւանք չունեցան»: