Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պատգամը Ս. Յարութեան Տօնի Առիթով

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պատգամը Ս. Յարութեան Տօնի Առիթով

by MassisPost

Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Զի կեանս յաւիտենական ետ մեզ Աստուած, և այս են կեանքն, որ յՈրդին Նորա են» (Ա Յովհ. Ե 11):

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մեծ Պահքի օրերի խոկումներով ու խորհրդով, մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի չարչարանքների ու խաչելութեան իրադարձութիւնների ապրումներով այսօր հասել ենք Փրկչի հրաշափառ Յարութեան լուսափայլ օրուան, որը տօնում ենք հոգու բերկրանքով ու խնդութեամբ: Արդարև, անսահման է ուրախութիւնը այսօր մեր հոգիներում, քանզի Քրիստոսի Յարութեամբ մահը խորտակուեց, և մարդկանց տրուեց պարգևը յաւիտենական կեանքի, երկնքի արքայութեան: «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. և այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»: Յովհաննէս առաքեալի այս խօսքերով Մեր պատգամն ենք բերում ձեզ, սիրելի հաւատացեալներ, որ հաւաքուած էք Մայր Տաճարում և համայն մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփիւռս:

Արդէն բացուած են մեր եկեղեցիների սուրբ խորանների վարագոյրները խորհրդանշելով, որ բաց են յաւիտենութեան դռները: Հնչում է աւետիսը Փրկչի Յարութեան՝ ազդարարելով, թէ ամեն ոք, ով ունի փափագը, քաղցն ու ծարաւը երկնքի արքայութեան, կարող է ժառանգել՝ ընդունելով այն կեանքը, որ Քրիստոսի մէջ է:

Քրիստոսի Յարութեամբ մարդուն տրուել է զօրութիւնը յարուցեալ կեանքի, մեղքն ու չարիքը վանելու, իր նմանի հանդէպ սիրով ու ողորմածութեամբ երկրային կեանքը լցնելու երկնային օրհնութեամբ ու շնորհներով, երկնային արքայութեան պատկերը հաստատելու աշխարհում, որտեղ թագաւորում են արդարութիւնն ու ճշմարտութիւնը, առատանում խաղաղութիւնն ու խնդութիւնը: Քրիստոսի պարգևած յարուցեալ կեանքի մէջ չկան տագնապներ, չկան բռնութիւն ու պատերազմներ, աղքատութիւն ու թշուառութիւններ, չկան տարաբնոյթ մոլութիւններ, որոնք ցաւ ու տառապանք են պատճառում մարդկանց, օտարացնում միմեանցից , բևեռացնում հասարակութիւնները, ծնում աղէտներ: Այս ամենը, սակայն, շարունակում են մնալ աշխարհի կեանքում, քանզի մարդկային սրտերը յաճախ սիրուց պարպուած, շահամոլութիւնից կարծրացած ու անձնակենտրոն՝  անարձագանք են մնում յարուցեալ  նոր կեանքի կոչին: Մինչդեռ խաչելութիւնները յարութեամբ պսակելու, դժուարութիւններից ու նեղութիւններից, վշտերից ու չարչարանքներից յառնելու ուղին քրիստոսակենտրոն կեանքն է, որ խաղաղարար ոգով, բարի գործերով, բարեպաշտ ընթացքով առաքեալի խօսքի համաձայն՝ առաջնորդում է դէպի յաւիտենութիւն. «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. և այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, երկրային այս կեանքը տրուած է մեզ որպէս ժամանակ Աստուծոյ փրկարար կամքի վկայութիւնը բերելու, Աստուծոյ պատուիրաններն ու պատգամները իրագործելու մեր իրականութեան մէջ, մեր ընտանիքներում, մեր երկրում, մեզ շրջապատող աշխարհում: Մեր կեանքը արժէք ու բովանդակութիւն է ստանում Քրիստոսի մահուան ու Յարութեան խորհրդի լոյսի ներքոյ: Պօղոս առաքեալը ուսուցանում է ասելով. «Եւ նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլև Նրա համար, ով մեռաւ և յարութիւն առաւ իրենց համար» (Բ Կորնթ. Ե 15): Ապրել Քրիստոսով և Քրիստոսի համար, ահա այս է փրկարար ուղին մեր կեանքի, հիմքը, պայմանն ու երաշխիքը՝ թէ որպէս անհատ, և թէ որպէս հաւաքականութիւն, մեր հոգևոր աճի ու զօրացման, նաև՝ մեր հայրենիքի առաջընթացի ու զարգացման, աշխարհասփիւռ մեր ժողովրդի բարօրութեան ու լուսաւոր գալիքի:

Այսօր բազմաթիւ խնդիրների առջև է կանգնած մեր երկիրը, մեր սահմաններում անկայուն է խաղաղութիւնը, տակաւին յաղթահարուած չեն աղքատութիւնն ու գործազրկութիւնը, հրամայական է արտագաղթի կանխումը և մեր ժողովրդի զաւակների դարձը դէպի հայրենիք: Յանդիման այս մարտահրաւէրների` մեր ժողովուրդն ունի վսեմ յատկանիշները հայրենանուիրումի, ազգասիրութեան, ընտանիքի նուիրականութեան, ծնողի հանդէպ սիրոյ, ունի յանձնառութիւն զոհողութիւնների՝ յանուն իր սրբազան արժէքների. և մենք ի զօրու ենք անառիկ պահելու հայրենի սահմանները, բարօր ու բարգաւաճ դարձնելու մեր երկիրը, բացառելու ազգային մեր կեանքից բոլոր տագնապներն ու ցնցումները: Մեր կեանքի ընթացքը, մեր կենսակերպը մեզ ոչ թէ պիտի ջլատի, պառակտի, այլ՝ միաւորի և դարձնի համախումբ՝ դիմագրաւելու համար մեր կեանքի մարտահրաւէրներն ու փորձութիւնները և լաւատեսութեամբ իրականութիւն դարձնելու ազգային մեր տեսիլքները: Մենք Քրիստոսի ժողովուրդ ենք, մեր հաւատը, որ Քրիստոս յարութիւն է առել, անյուսութիւնը փոխում է յոյսի, տկարութիւնը՝ ուժի, անտարբերութիւնը՝ նախանձախնդրութեան,  արծաթսիրութիւնը՝ բարեգործութեան, և ծառայութեանն ու աշխատանքին միախառնում է նուիրումի ու յանձնառութեան ոգին: Այս փոխակերպութեանն ենք կոչուած, որով միայն կարող ենք անկորուստ պահել մեր երկիրն ու ազգային կեանքը և յաղթանակներ արձանագրել մեր ժողովրդի ու հայրենիքի բարօրութեան ու առաջընթացի պայքարում: Արդ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, բոլորս՝ պաշտօնեայ, աշխատաւոր, զինուոր, ձեռնարկատէր, մտաւորական, հոգևորական, նորոգած մեր մէջ քրիստոնէական ոգին՝ ամրապնդուած յոյսով քայլենք այն ճանապարհով, ապրենք այն ճշմարտութեամբ, ընդունենք այն կեանքը, որ Քրիստոսն է՝ յարուցեալ մեր Տէրը, որպէսզի գրոյ յիշատակի արժանի գործերով պայծառակերպուի ազգիս կեանքը ի սփիւռս աշխարհի և լցուի աստուածային պարգևներով և երկնային օրհնութեամբ: Եւ մենք քաջալեր մեր Տիրոջ պարգևած փրկութեան հաւատով և տոգորուած բարի գործոց ջերմ եռանդով՝ առաքեալի հետ վստահութեամբ ասենք. «Եւ մենք Ճշմարտի՝ Նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի մէջ ենք. որովհետև Նա՛ է ճշմարիտ Աստուած և յաւիտենական կեանք» (Ա Յովհ. Ե 20):

Մեր Տէր Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան բերկրալի աւետիսով մեր ողջոյնն ենք բերում մեր հոգևոր եղբայրներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչեանին, քոյր Եկեղեցիների հոգևոր Պետերին և մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին: Հայրապետական օրհնութեամբ ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողութեանը ներկայ Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Տիար Սերժ Սարգսեանին`Առաջին տիկնոջ հետ, ողջոյն ենք յղում Արցախի Հանրապետութեան Նախագահ Տիար Բակօ Սահակեանին, հայոց պետական աւագանուն, նորընտիր Ազգային Ժողովի պատգամաւորներին և մաղթում, որ Տէրը զօրացեալ պահի առ ազգն ու հայրենին սիրոյ մէջ՝ հայրենաշեն ձեռքբերումներով արդիւնաւորելու բարձր ու պատասխանատու իրենց առաքելութիւնը: Օրհնութեամբ ու բարեմաղթանքներով ողջունում ենք Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սէրն ու օրհնութիւնն ենք բերում հաւատաւոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփիւռս:

Աղօթում ենք և հայց բարձրացնում առ մեր Տէրը Յիսուս Քրիստոս, որ հրաշափառ Իր Յարութեան շնորհները լուսաւորեն մարդկութեան կեանքը, խաղաղութիւն տիրի ողջ աշխարհում, խաղաղութիւն հաստատուի մեր հայրենի սահմաններում: Աղօթում ենք, որ մեր ժողովրդի հաւատաւոր գործերի բարի արդիւնքներով հզօրանայ մեր հայրենիքը, միշտ պայծառ լինի մեր Սուրբ Եկեղեցին և աշխարհասփիւռ ազգս հաստատուն ընթացքով առաջնորդուի դէպի փրկութիւն ու յաւիտենութիւն՝ այսօր և միշտ. ամէն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 16 Ապրիլի, 2017 թ.

Հարակից Նյութեր

Leave a Comment