Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Լեւոն Տէր-Պետրոսեան․ Ղարաբաղեան Հարցը Կողմնորոշիչ Պէտք է Ըլլայ Ընտրողի Համար

Լեւոն Տէր-Պետրոսեան․ Ղարաբաղեան Հարցը Կողմնորոշիչ Պէտք է Ըլլայ Ընտրողի Համար

by MassisPost

Հանրային հեռուստատեսութեան «Օրակարգից դուրս» ծրագրի եթերին նորանկախ Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային Գոնկրէսի առաջնորդ Լեւոն Տէր-Պետրոսեան, ըստ էութեան ներկայացնելով Գոնկրէս-ՀԺԿ դաշինքի խաղաղութեան ծրագիրը, յայտարարած է, որ ժողովուրդը իշխանութենէն պէտք է պահանջէ լուծել ղարաբաղեան խնդիրը:

«Ինքն է [ժողովուրդը] ընտրել, ինքը միայն մի բան պէտք է պահանջի՝ լուծէք այս խնդիրը, վերջ տուէք այս մեր դժբախտութիւններին, մեր տառապանքներին, մեր երեխաների ամենօրեայ զոհերին սահմաններում: Հայաստանի եւ Ատրպէյճանի ժողովուրդները պէտք է ստիպեն իրենց իշխանութիւններին գնալու հաշտութեան: Եւ ես այս գաղափարի ամենամոլեռանդ, եթէ կարելի է այս բառը օգտագործել, հաւատաւորն եմ: Եթէ դա չարուի, ոչ մի լուծում էլ չի լինի: Հիմա որ խօսում են, ինչե՞ր են ասում: Ասում են՝ թող նախ Ատրպէյճանը ճանաչի Ղարաբաղի անկախութիւնը, յետոյ տարածքը կը վերադարձնենք: Ինչպէ՞ս կարող ես սա քաղաքական մտածողութիւն համարել: Ինչպէ՞ս կարող է Սերժ Սարգսեանը գնալ, ասել՝ պարոն Փութին, պարոն Թրամփ, պարոն Հոլլանտ, ես պահանջում եմ․․․ Ուղղակի կը ծիծաղեն վրան»:

«Ազատութեան» հետ զրոյցին Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամլոյ խօսնակ Էտուարտ Շարմազանով ընդգծած է․ – «Շատ կարեւոր է, որ պետութեան առաջին նախագահը նաեւ ընդունում է, որ այսօրուայ իշխանութիւնները ընտրուած են, առաջինը: Երկրորդը, ղարաբաղեան հիմնահարցում չեն իրականացնում քայլ, որը չի բխում մեր պետութեան շահերից: Եւ աւելին՝ նշում է, որ այս փաստաթուղթը, խօսքը մատրիտեան փաստաթղթի եւ «Գազան»եան առաջարկներու մասին է, որը մեր իշխանութիւնը ընդունել է որպէս հիմք, դրանք դաւաճանական չեն»:

Լեւոն Տէր-Պետրոսեանի կարծիքով, ղարաբաղեան հարցէն աւելի կարեւոր հարց 88-էն ետք չկայ, եւ ընտրողի համար քուէարկելու ժամանակ այս հարցը պէտք է կողմնորոշիչ ըլլայ․ – «Բոլոր քաղաքական ուժերը պէտք է պատասխանէին մէկ հարցի՝ միակ  իրական հարցին, որը վերաբերում է արցախեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին: Սա հանրաքուէի նման բան պէտք է լինէր․ համաձա՞յն էք Մինսքի խմբի համանախագահութեան կողմից առաջարկուած եւ Հայաստանի իշխանութիւնների կողմից ընդունուած կարգաւորման ծրագրի ստորագրմանը, թէ՞ ոչ: Մենք ասում ենք՝ համաձայն ենք: Ըստ էութեան, շատ յստակ չի ձեւակերպել, Հանրապետական կուսակցութիւնը նոյնպէս այս գծի մէջ է, որովհետեւ շեշտւում է, որ Մինսքի խմբի գործընթացին պիտի ջանքեր գործադրեն: Միւսների մօտ ուղղակի հեքիաթ է, հեքիաթ՝ ոչ մի կապ չունեցող այս իրականութեան հետ: Ես ընտրողին ուղղակի կոչ կանէի՝ եթէ տեսնում էք այս հարցի պատասխանը չկայ՝ այո կամ ոչ, ուղղակի այդ կուսակցութիւններին պէտք է դէմ քուէարկել»:

Հարցին, թէ արդեօք Հանրապետականը կ’ուզէ ոչ թէ պահպանել «ստատուս քօ»ն, այլ լուծել հարցը, Շարմազանովը պատասխանած է․ – «Հանրապետականն ուզում է հարցը լուծել: Եւ մէկ անգամ չէ, որ Հանրապետութեան նախագահը նշել է, որ «ստատուս քօ»ի պահպանման պատճառը ոչ թէ հայկական կողմերն են, այլ Ատրպէյճանի ապակառուցողական դիրքորոշումը: Մենք եւս մէկ անգամ կրկնում ենք՝  ե՛ւ Կազանում, ե՛ւ միշտ, պատրաստ ենք եղել ստորագրել փաստաթուղթը: Բայց դրանից հրաժարուել է Ատրպէյճանը՝ ներկայացնելով ապակառուցողական տասը նոր առաջարկներ: Աւելին, դրա մասին ապրիլեան պատերազմից յետոյ Երեւանում խօսեց Ռուսաստանի արտգործնախարար Սերկէյ Լաւրովը, որը նշեց, որ Երեւանը չի հրաժարուել այդ փաստաթղթից: Նշանակում է, որ հրաժարուել է Ատրպէյճանը, իսկ ապակառուցողական է այն կողմը, որը հրաժարւում է եւ չի ընդունում խաղի կանոնները»:

Հարակից Նյութեր

Leave a Comment