Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի Քաղաքացիական Հասարակութեան Կազմակերպութիւններու Կոչը Սփիւռքին

Հայաստանի Քաղաքացիական Հասարակութեան Կազմակերպութիւններու Կոչը Սփիւռքին

by MassisPost

Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակութեան եւ իրաւապաշտպան մի խումբ կազմակերպութիւններս, սոյն բաց նամակով դիմում ենք սփիւռքի մեր հայրենակիցներին՝ անհատների, կազմակերպութիւնների եւ ոչ ֆորմալ խմբերի` աքթիւ դիրքորոշում ստանձնելու Հայաստանի քաղաքական կեանքում:

Միշտ զգացել ենք մեր երկրի հանդէպ սփիւռքի մեծ սէրը եւ իրապէս երախտապարտ ենք արտերկրի մեր հայրենակիցների կողմից բազում տարիներ Հայաստանի ժողովրդին ցուցաբերած հսկայական ու երկարատեւ աջակցութեան համար: Այդուհանդերձ, 1991թ. Հայաստանի անկախութիւնից ի վեր ապրում ենք անմխիթար պայմաններում, ինչի ականատեսն էք նաեւ դուք. աղքատութիւն, բնակչութեան քանակի նուազում եւ ազգային ինքնիշխանութեան աստիճանական նահանջ: Շարունակաբար կեղծուող ընտրութիւններն ու քաղաքական կոռուպցիան (կաշառակերութիւնը) գրեթէ ողջ սոցիալ-տնտեսական իշխանութիւնը կեդրոնացրել են ոչ ներկայացուցչական օլիկարխիկ վերնախաւի ձեռքում: Բնական ռեսուրսները սպառւում են՝ ծառայելով կարճատեւ եւ փոքր խմբային շահերին, աղքատութիւնն ու սոցիալական անարդարութիւնը ահագնացող չափերի են հասնում` մի խումբ որոշում կայացնողների բարեկեցութեան աճին զուգահեռ: Քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրաւունքները պարբերաբար ոտնահարւում են, անարդարութեան դէմ խաղաղ հաւաքները դաժանօրէն ճնշւում են, կախման մէջ գտնուող դատական իշխանութիւնն արդար դատավճիռներ չի կայացնում՝ աւելացնելով քաղաքական բանտարկեալների թիւը: Աւելին, 2016 թ. ապրիլեան քառօրեայ պատերազմը բացայայտեց, թէ ինչպէս է անվերահսկելի ու անպատժելի կոռուպցիան մսխում հայոց բանակի ռեսուրսներն ու սպառնում Հայաստանի անվտանգութեանը:

Անկախութիւնից 25 տարի անց նման պայմաններն այլեւս անընդունելի են: Առաջին հայեացքից թերեւս ոչ այդքան ակնյայտ, սակայն հենց ժողովրդավարութեան պակասով են պայմանաւորուած միւս գրեթէ բոլոր ազգային խնդիրները: Յիրաւի 21-րդ դարում ժողովրդավարութիւնն է ընկած պետութեան կառուցման հիմքում:

Մենք՝ ներքոստորագրեալներս, աշխատել ու անխոնջ պայքարել ենք յանուն Հայաստանում օրէնքի գերակայութեան եւ ժողովրդավարութեան: Զարգացրել ենք ենթակառուցուածք ու աքթիւացրել մեր քաղաքացիների ջանքերը ընտրութիւնների դիտորդութեան ուղղութեամբ, ինչը ժողովրդավարութեան միակ ամենահիմնարար գործընթացն է Հայաստանում: Բայց մեր ռեսուրսները սահմանափակ են:

Յղելով այս կոչը, ցանկանում ենք յայտնել, որ մեծապէս զգում ենք ձեր կարիքը ոչ թէ ձեր նուիրատուութիւններով ու արտերկրից ուղարկուող փոխանցումներով, այլ՝ ձեր ոգու ու  ֆիզիքական ներկայութեամբ Հայաստանում՝ ընտրական տեղամասերում ներգրաւուելով դիտորդական առաքելութիւնում եւ ստանձնելով ձեր դերը Հայաստանի ժողովրդավարութեան այս պատմական փնտռտուքում:

Առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները երկրի համար յոյժ կարեւոր են: 2015թ. սահմանադրական հանրաքուէի արդիւնքում, որն ինքնին ուղեկցուել է լայնածաւալ կոռուպցիայով, Հայաստանն սկսում է անցում կատարել դէպի խորհրդարանական հանրապետութիւն: Սա նշանակում է, որ առաջիկայում նախագահական ընտրութիւններ չեն լինի եւ խորհրդարանական ընտրութիւններն են կանխորոշելու Հայաստանի ապագան:

Մենք կոչ ենք անում սփիւռքի բոլոր կազմակերպութիւններին, հաստատութիւններին ու աքթիւ անհատներին միանալ մեզ մեր ջանքերում եւ աջակցել՝ յանուն արդարութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան, ազատ ու արդար ընտրութիւնների, հաշուետու կառավարման, քաղաքացիական իրաւունքների ու արժանապատուութեան: Կապ հաստատէք մեզ հետ, եկէ՛ք մեզ մօտ` միասին անցնելու այս խրթին ճանապարհը:

Հայաստանի ապագան ժողովրդավարական է, եւ այդ ապագան սկսւում է այսօր ձեր մասնակցութեամբ եւ համախմբմամբ:

Միացէ՛ք մեզ:

Մեր ընտրական դիտորդական առաքելութեանը կարող էք միանալ՝ այցելելով http://citizenobserver.am կայք կամ գրելով [email protected] հասցէին: Կոչ ենք անում սփիւռքի մեր բոլոր հայրենակիցներին, անկախ տարիքից, քաղաքացիութիւնից, քաղաքական պատկանելիութիւնից կամ հայերէնի իմացութիւնից, միանալ մեզ մեր ջանքերում:

Ստորագրել են
Թրանսփարէնսի Ինթերնէշնլ հակակոռուպցիոն կեդրոն
Ժուռնալիսթների «Ասպարէզ» ակումբ
Իրաւունքի Եւրոպա միաւորում
Հելսինկեան քաղաքացիական ասամպլէայի Վանաձորի գրասենեակ
Գորիսի լրագրողների ակումբ
Համայնքների համախմբման եւ աջակցութեան կեդրոն
«Սոսէ» ՀԿ
Հայաստանի երիտասարդ կանանց քրիստոնէական ազգային ասոցիացիա
Եւրասիա համագործակցութեան հիմնադրամի հիւսիսային մասնաճիւղ
Խաղաղութեան երկխօսութիւն ՀԿ
Կանանց ռեսուրսային կեդրոն
Հանրային տեղեկատուութիւն եւ գիտելիքի կարիք ՀԿ
Ընդդէմ իրաւական կամայականութեան
«Երաշխիք» քաղաքացիական հասարակութեան կեդրոն
«Լոռեցիների միաւորում» ՀԿ
«Լոգոս» ՀԿ

Հարակից Նյութեր

Leave a Comment