Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Ամէն Ընտրութիւնից Յետոյ Մարդիկ Արտագաղթում են»

«Ամէն Ընտրութիւնից Յետոյ Մարդիկ Արտագաղթում են»

by MassisPost

«Ամէն ընտրութեան յաջորդող շրջանում Հայաստանում արտագաղթի զգալի բարձրացում է լինում»,- այսօր լրագրողներու հետ հանդիպման ժամանակ ըսաւ ազգագրագէտ Հրանուշ Խառատեան:

Տիկին Խառատեան որակական հետազօտութիւն կայացուցած է՝ խորացուած զրոյցներ ընելով որոշակի խումբի մարդկանց հետ. «Կարող եմ ասել, որ այն աշխատանքը, որի համար արտագաղթում են, շատ էական ազդեցութիւն չի ունենում կենսամակարդակի վրայ, մարդիկ փախչում են անյուսութիւնից, իրաւական վիճակից, իրաւունքի սելեկտիւ կիրառումից»,- ըսաւ ան:

Ազգագրագէտը, ուսումնասիրելով 2011-ի մարդահամարի տուեալները, հետաքրքիր դիտարկում ըրած է. «39-49 տարեկանների խումբը 19-29 խմբի համեմատ մինչեւ 42 տոկոս պակաս է: Սա շատ մեծ եւ ծանր թիւ է, ինչը խօսում է, որ կենսափորձով, կայուն, հմտութիւն, գիտելիք ունեցող մարդկանց պակաս ունենք, այսինքն՝ որակական պակասի մասին է խօսում երկրում»:

Քննարկման ներկայ՝ ժողովրդագիր Ռուբէն Եգանեան աւելցուց, որ մեր երկրի ներքաղաքական վիճակը հիմնական կայուն է, իսկ արտագաղթը պայմանաւորուած է աւելի շատ Ռուսիոյ առկայ իրավիճակէն. «Քանի որ Ռուսաստանն է հանդիսանում միկրացիոն հիմնական գործընկերը։ Կան արտագաղթի վերաբերեալ տարբեր տուեալներ, սակայն դրանցից ոչ մէկը իրականութեանն այնքան էլ չի համապատասխանում, քանի որ չենք կարողանում իրականում չափագրել, որովհետեւ մեր միկրանթները չեն հետեւում պետական կարգին, որը նախատեսուած է միկրացիոն տեղափոխումների համար»:

ՄԱԿ-ի Բնակչութեան հիմնադրամի «Օժանդակութիւն բնակչութեան հարցերով քաղաքականութիւններու իրականացման» ծրագրի համակարգող Աննա Յովհաննիսեան նշեց, որ արտագաղթը տարիքային խումբերու մէջ մեծ խեղման բերած է, որուն արդիւնքով՝ Հայաստանի մէջ տարեցներու թուի աճ գրանցուած է:

Հարակից Նյութեր

Leave a Comment