Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Լոնտոնի «Կոմիտաս» եւ Քարդիֆի Պոլիֆոնիկ Երգչախմբերու Միացեալ Համերգը

Լոնտոնի «Կոմիտաս» եւ Քարդիֆի Պոլիֆոնիկ Երգչախմբերու Միացեալ Համերգը

by MassisPost

Նոյեմբերի 6-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունեցաւ 1964թ. ստեղծուած Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի եւ Լոնտոնի Թէքէեան Խնամակալ մարմնի 3-ամյա «Կոմիտաս» երգչախմբի բացառիկ եւ երկար սպասուած համերգը: Կազմակերպիչներն էին «Կոմիտաս» երգչախմբի նախագահ Վարդան Ուզունեանը,  գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Սիփան Օլահը, Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի պատասխանատուներից Մայք Փեփերը, գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Դեյվիդ Յանգը եւ Ուելսի եկեղեցական ծխական խորհրդի նախագահ Ջոն Թորոսեանը:

Նախքան համերգի սկիզբը «Կոմիտաս» երգչախումբը եւ Լոնտոնից ժամանած աւելի քան 50 հիւրերն այցելեցին Քարդիֆում Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած խաչքար-հուշակոթողը` յարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի յիշատակին:

Համերգի գաղափարը ճանաչողական, ուսուցողական, մշակոյթների եւ լեզուների փոխանակման նպատակ ունէր. խորհրդանշում էր երկու ազգերի՝ հայերի եւ ուելսացիների, բարեկամութիւնը: Ձեռնարկը նաեւ կնպաստեր երգչախմբային երաժշտութեան, ինչպէս նաեւ երկու ժողովուրդների մշակութային ժառանգութեան տարածմանը: Համերգն աննախադէպ էր, քանզի «Կոմիտասը» առաջին հայկական երգչախումբը դարձաւ, որ ելոյթով հանդէս եկաւ Քարդիֆում:

Երաժշտական երեկոյին ներկայ էին հոգեւորականներ, քաղաքական գործիչներ, մտաւորականներ, երաժիշտներ, ներկայացուցիչներ Լոնտոնի հայկական մշակութային միութիւններից, Քարդիֆի ջերմ եւ սիրալիր ուելսացի հանդիսատեսը, ինչպէս նաեւ հայեր Բաթից, Թեթբըրիից, Փլիմըթից, Սոզբըրիից և Սուինդընից:

Համերգային ծրագիրը մանրակրկիտ մշակուել էր խմբավարներ Սիփան Օլահի եւ Դեյվիդ Յանգի կողմից. նպատակն էր երգերի եւ նրանց թարգմանութիւնների միջոցով, որոնք զետեղուած էին միջոցառման գրքոյկում, հանդիսատեսին ներկայացնել երկու ժողովուրդների պատմութիւնը, մշակոյթը, երուանդավանն ու հաւատալիքները:

Համերգի առաջին մասում «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ եւ խմբավար Սիփան Օլահի ղեկավարութեամբ հնչեցին բացառապէս հայկական երգեր՝ Ա. Դոլուխանեանի «Երեւանի գիշերները կապուտակ», Ա. Աճեմեանի «Ծաղկած բալենի», մենակատար՝ Հ. Եղիկեան, Կոմիտասի «Իմ չինարի եարը”, Ա. Տիգրանեանի «Անուշ» օփերայից «Ամպի տակից» եւ «Համբարձում», Ս. Շաքարեանի «Հայկական ժողովրդական երգեր» շարքը: Առաջին մասի վերջին երկու երգերը՝ Ս. Լուսիկեանի «Նոր Հայաստան» եւ Է. Յովհաննիսեանի «Սարդարապատ», միացեալ կատարեցին «Կոմիտաս» եւ Պոլիֆոնիկ երգչախմբերը, մեծ անակնկալ մատուցելով ուելսացի եւ հայ հանդիսատեսին: Յատկանշական էր ուելսացիների կողմից հայերէն խօսքերի յստակ արտաբերումը եւ միացեալ երգչախմբերի 85 երգիչների համահունչ կատարումը:

Համերգի երկրորդ մասում Պոլիֆենիկ երգչախմբի կատարմամբ եւ խմբավար Դեյվիդ Յանգի ղեկավարութեամբ հնչեցին անգլերէն եւ ուելսերէն բարձրաճաշակ երգեր՝ Ջ. Վեբերի «Լիսա Լան», Գ. Հոյստի «Ես սիրում եմ իմ սիրեցեալին», Վ. Մաթիասի «Չորս ուելսական ժողովրդական երգեր», Ռ. Վաուգանի «Հոգիները արդարների» /այս հոգեկերտ երգի հեղինակը ներկայ էր համերգին/: Պոլիֆոնիկ երգչախմբին միացաւ «Կոմիտասը»՝ ուելսերէն լեզուով կատարելու վերջին երկու երգերը՝ Փ. Այրեսի «Սուո Գան» օրօրոցայինը եւ Է. Ջոնսի «Խաղաղութիւն ստեղծողները»: «Կոմիտաս» երգչախմբի երգացանկի առաջին ուելսերէն երգերը բարձր մակարդակով ներկայացուեցին այս համատեղ ելոյթի ընթացքում եւ երկրորդ անգամ անակնկալ մատուցեցին հանդիսատեսին:

Եւ սա դեռ ամենը չէր: Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդայի հայոց թեմի հայրապետական պատուիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկեանը արժանապատիւ Հայր Թորգոմ Տոնոյեանի հետ կատարեցին յատուկ արարողութիւն, որի ընթացքում Հայր Սուրբի կատարմամբ հնչեց «Ի կոյս գերեզմանէն» միջնադարեան շարականը: Գիրք նուիրաբերուեց Ուելսի Խաղաղութեան տաճարի տնօրէն Ստեֆան Թոմասին Ուելսում՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում մեծ աւանդ ունենալու համար: Այնուհետեւ, օրհնուեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամյակին նուիրուած սրբապատկեր, որն էլ նուիրաբերուեց հոգեւորական Պատրիկ Թոմասին՝ ի գնահատանք արժանապատիւ հոգեւորականի՝ հայ ազգի, Հայաստանի եւ Ղարաբաղի վերաբերեալ գրուած մեծաքանակ աշխատութիւնների:

Համերգից եւ բարեգործական ընթրիքից հանգանակուած հասոյթը կազմակերպիչ Ջ. Թորոսեանի գլխաւորութեամբ ուղղուելու է Սիրիայի բարեգործական ֆոնտին՝ եւս մէկ հայ ընտանիք Սիրիայից Հայաստան տեղափոխելու նպատակով:

Հարակից Նյութեր

Leave a Comment