Ռիօ տը Ժանէյրոյի մէջ աւարտեցան 31-րդ ամարային ողիմպիական խաղերը։
Հայաստանի ազգային ողիմպիական կոմիտէի փոխանցմամբ (ՀԱՕԿ), մետալներու ոչ պաշտօնական հաշուարկին, Հայաստանը 206 երկրներու շարքին մէջ կը զբաղեցնէ 42-րդ տեղը:
«Յունահռոմէական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանեանն անկախ Հայաստանի պատմութեան մէջ երկրորդ ոսկէ մետալը նուաճեց: Հայաստանը 20 տարուայ դադարից յետոյ կրկին ողիմպիական շեմփիոն ունի: Անկախ Հայաստանը կարող էր ունենալ նաեւ ողիմպիական խաղերի 3-րդ շեմփիոնը, սակայն մրցավարութեան կոպիտ եւ կողմնակալ որոշումը զրկեց 66 քկ քաշային Միհրան Յարութիւնեանին պատուոյ հարթակի առաջին աստիճանին կանգնելու բերկրանքից: Մրցավարների խայտառակ որոշմամբ` ողիմպիական ոսկին տրուեց սերբ ըմբիշին: Յարութիւնեանը ստացաւ ողիմպիական արծաթը: 105 քկ քաշային ծանրորդների պայքարում պատանեկան ողիմպիական խաղերի շեմփիոն Սիմոն Մարտիրոսեանը երկամարտի 417 քկ արդիւնքով դարձաւ Խաղերի արծաթէ մեդալակիր: Ծանրորդներից Գոռ Մինասեանը (105+ քկ) եւս դարձաւ ողիմպիական խաղերի փոխշեմփիոն: Գիւմրեցի ծանրորդը երկամարտում գրանցել էր 451 քկ արդիւնք: Ազատ ոճային ըմբիշ Լեւան Բերիանիձէն շատ մօտ էր ողիմպիական պրօնզէ մետալ նուաճելուն, սակայն վերջինս բաւարարուեց միայն 5-րդ տեղով: Հայաստանի ողիմպիական հաւաքականի մէկ այլ ծանրորդ` գերծանր քաշային Ռուբէն Ալեքսանեանն ընդամէնը մէկ քայլ հետ մնաց պատուոյ հարթակից», – յայտնուած է ՀԱՕԿ-ի հաղորդագրութեան մէջ: