Անդրադառնալով վաղը Մոսկուայի մէջ կայանալիք Վլատիմիր Փութին – Սերժ Սարգսեան հանդիպման՝ Հայաստանի Պաշտմանութեան Նախարար Սեյրան Օհանեան յայտնեց, թէ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նպատակը եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, անկախութիւնն ապահովելն է: Ներկայացնելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ նախարարն ըսաւ, որ միակողմանի զիջումներու մասին խօսք կարելի չէ կատարել․ – «Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման շրջանակներում բանակցային գործընթացի ակտիւացում ենք մենք տեսնում, եւ այդ ակտիւացման մէջ [ԵԱՀԿ Մինսքի խմբի] համանախագահ երկրները, Ռուսաստանի Դաշնութեան նախաձեռնութեամբ այսօր աշխատանք են տանում, որպէսզի ԼՂ համակարտութեան խնդիրը լուծւի միայն ու միայն խաղաղ եւ քաղաքական ճանապարհով: Մենք ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի իրականութեան մէջ այն նպատակը, որ մենք այսօր ունենք՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ինքնորոշումը, ազատ, անկախ ապրելը Հայաստանի Հանրապետութեան հետ լայն համագործակցութեան եւ լայն կապի շրջանակներում ապրելը․․․ որպէսզի այդ նպատակին մենք կարողանանք հասնել: Ես միշտ ասել եւ այսօր էլ ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան վտանգի ենթարկվելու պայմաններում, այսինքն ակրեսիայի եւս մէկ անգամ սանձազերծման պայմաններում, ե՛ւ Պաշտպանութեան բանակը, ե՛ւ համագործակցութեան շրջանակներում հայկական բանակն ամէն ինչ անելու են, որ Ղարաբաղի իւրաքանչիւր թիզ հողը պաշտպանւի»:
Օհանեան նաեւ յայտնց, թէ Ռուսաստանի կողմէ տրուած 200 միլիոն տոլար վարկի սահմաններուն մէջ եղող բոլոր պայմանագիրները ռուսական կողմին հետ կնքուած են, եւ զէնքի մատակարարումը Հայաստան արդէն սկսած է՝ առանց, սակայն, մանրամասնելու, թէ ինչ զինատեսակներու մասին է խօսքը․ – «Ինչ վերաբերում է այն հարցին, որը որ իրականութեան մէջ շրջանառութեան մէջ է արդէն երկար ժամանակ՝ վարկի տրամադրմանը Ռուսաստանի Դաշնութիւնից եւ դրա շրջանակներում սպառազինութեան եւ ռազմական տեխնիկայի ձեռք բերմանը, գրեթէ ամբողջութեամբ պայմանագրերը կնքւած են, համաձայնեցւած են, ներպետական գործընթացները ավարտված են: Ամբողջությամբ այդ համաձայնութիւնները կան, աշխատանքները ընթացքի մէջ են: Դեռ աւելին՝ առկայ միջոցներից, նաեւ նախկինում ձեռք բերւած պայմանաւորւածութեան շրջանակներում սպառազինութեան ներկրումն այսօր ընթացքի մէջ է եւ իրականացւում է: Ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտի հետ մենք համագործակցութիւն ենք իրականացնում, յատկապէս ժամանակակից միջոցների դէմ պայքարի արդիւնաւէտ մեխանիզմների ձեւաւորման համար: Ես գտնում եմ, որ գոյութիւն ունեցող պայմանագրերը մեր ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցութեան շրջանակներում մանրակրկիտ ուսումնասիրւել, վերլուծւել են, եւ այդ ժամանակահատւածի համար բաւականին լուրջ աշխատանք է կատարւել, եւ չէր կարող Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը այնպէս աներ, որ այդ պայմանագրերում մեր շահերը լիարժէք ընդգրկւած չլինէին: Եւ կարծում եմ, որ, հաշւի առնելով այդ ամէնը, մեր ռազմավարական գործընկերը իր պայմանագրային պարտականութիւնները կատարելու է՝ եթէ Հայաստանի Հանրապետութիւնը ագրեսիայի ենթարկւի»:
«Գիտէք, որ քառօրեայ այս մարտական գործողութիւնները եղել են Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան տարածքում, շատ կարճ տեւեց, եւ հենց նույն Ռուսաստանի Դաշնութեան նախաձեռնությամբ արվեց ամեն ինչ, որպեսզի այդ մարտական գործողութիւնները կանգնեցվեն, եւ շարունակութիւն չլինի: Եվ դրա շարունակութիւնն է, որ այսօր բանակցային գործընթացը ինտենսիվացել է՝ խաղաղ, քաղաքական ճանապարհով կարգավորման համար», – եզրափակեց Հայաստանի պաշտպանութեան նախարարը: