Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ 2012-էն ի Վեր Աւելի Քան 15,000 Մարդ Հրաժարած է ՀՀ Քաղաքացիութենէն

2012-էն ի Վեր Աւելի Քան 15,000 Մարդ Հրաժարած է ՀՀ Քաղաքացիութենէն

by MassisPost

Ժողովրդագէտ Արտակ Մարկոսեանը Lragir.am-ի հետ զրոյցի ժամանակ անդրադարձած է ՀՀ ոստիկանութեան պաշտօնական տուեալներուն, ըստ որու՝ 2012-էն ի վեր աւելի քան 15,000 մարդ հրաժարած է ՀՀ քաղաքացիութենէն: Ըստ ժողովրդագէտի՝ ոստիկանութիւնը պէտք է յստակ պարզաբանում ներկայացնէ այս թիւերու հետ կապուած, քանի որ անոնք կասկած կը յարուցեն:

«Ուղղակի այդ թուի վրայ զարմանում եմ, վերջին տարիներին միայն Ռուսաստանում քաղաքացիութիւն ստացած հայաստանցիների թիւը անհամեմատ մեծ է», ըսած է Արտակ Մարկոսեանը:

Անոր խօսքով, Ռուսաստանի Դաշնութեան Ներքին գործոց գաղթի հարցերով գլխաւոր վարչութեան տուեալներու համաձայն՝ 2011-ին Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիութիւն ընդունած է ՀՀ 7,848, 2012-ին՝ 13,176, 2013 -ին՝ 16,550, 2014-ին՝ 11,223, 2015-ին՝ 8,368, իսկ 2016-ին՝ 22,264 քաղաքացիներ:

«Միայն նախորդ տարուան 9 ամսուայ տուեալներով՝ 13,500 մարդ գնացել է Հայաստանից, իսկ վիճակագրական ծառայութիւնը հաշւում է այն մարդկանց, ովքեր հաշուառումից արդէն դուրս են եկել: Եթէ 2017 թուականի 9 ամիսներին միայն 13,500 մարդ է դուրս եկել հաշուառումից, դա ի՞նչ տուեալ է, որ այդ տարիներին ընդամէնը 15 հազար մարդ է հրաժարուել քաղաքացիութիւնից», ըսած է ան:

Ռուսաստանի պարագային, ըստ մասնագէտին, հայերը Հայաստանի  քաղաքացիութենէն կը ձգտին հրաժարիլ այն պատճառով, որ այդ երկիրը փոխած է քաղաքացիութիւն ստանալու կարգերը:

«Եթէ նախկինում Ռուսաստանում ընդունում էին երկքաղաքացիութիւնը, ապա հիմա ասում են՝ ոչ, դու պէտք է հրաժարուես քո երկրի քաղաքացիութիւնից, որպէսզի այստեղ քաղաքացիութիւն ստանաս: Այդ պատճառով էլ վերջին տարիներին աճել է Հայաստանի այն քաղաքացիների թիւը, որոնք արդէն հրաժարւում են ՀՀ քաղաքացիութիւնից եւ ընդունում ՌԴ քաղաքացիութիւն»:

«Եւրոպայի ու ԱՄՆ մասով դժուար է յստակ թուեր ներկայացնելը, քանի որ նման տուեալներ չկան: Միայն կայ յստակ տուեալ, որ 2015 թուականին Հայաստանից 2,500 մարդ է Կրին քարտ շահել ու մեկնել ԱՄՆ»,- աւելցուցած է մասնագէտը:

Մարկոսեանի խօսքով՝ ոստիկանութիւնը ընելիքներ ունի Հայաստանի մշտական բնակչութեան ցուցակները վերջնական մաքրելու ուղղութեամբ, որպէսզի պարզ դառնայ բնակչութեան իրական թիւը:

Հարակից Նյութեր

Leave a Comment