Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի մէջ Մարդիկ Լուրջ Չեն Վերաբերուիր Կուսակցութիւններուն. Դանիէլ Իոաննիսեան

Հայաստանի մէջ Մարդիկ Լուրջ Չեն Վերաբերուիր Կուսակցութիւններուն. Դանիէլ Իոաննիսեան

by MassisPost

«Իրազեկ քաղաքացիների միաւորում» հասարակական կազմակերպութեան համակարգող Դանիէլ Իոաննիսեանի կարծիքով՝ Հայաստանի մէջ մարդիկ հիմնական լուրջ չեն վերաբերուիր կուսակցութիւններուն։

«Օրերս հրապարակուեցին սոցհարցումների արդիւնքներ, ըստ որոնց, հայաստանցիների միայն 9 տոկոսն է վստահում կուսակցութիւններին։ Համեմատութեան համար ասեմ, որ քաղաքացիական հասարակութեանը վստահում է հասարակութեան 29 տոկոսը։ Սա աննորմալ ցուցանիշ է: Ես չեմ կարծում, որ որեւիցէ երկրում քաղաքացիական հասարակութիւնը կարող է այն էլ երեք անգամ աւել հեղինակութիւն ունենալ, քան կուսակցութիւնները։ Անգամ ոստիկանութեանը երկուսուկէս անգամ աւելի շատ են վստահում հայաստանցիները, քան կուսակցութիւններին, Ազգային ժողովին վստահում են ընդամէնը 12 տոկոսը։ Այսինքն՝ թէեւ մենք անցնում ենք խորհրդարանական պետութեան, բայց խորհրդարանի եւ դրա ձեւաւորման հիմնական ուժերի՝ կուսակցութիւնների վստահութեան ցուցանիշը շատ-շատ ցածր է եւ անվստահութեան ցուցանիշը շատ բարձր է», – «Կիրակնօրեայ վերլուծական Հրայր Թամրազեանի հետ» հաղորդման ժամանակ ըսած է Իոաննիսեանը՝ նշելով, որ սա արդիւնք է տարիներու ընթացքին վերգետնեայ սփռման լրատուամիջոցներու՝ հեռուստատեսութիւններ եւ այլն, հարցերու միակողմանի լուսաբանման։

«Երբ լուսաբանման արդիւնքում մարդկանց մօտ տպաւորութիւն է ստեղծւում, որ Հայաստանում կայ մէկ կուսակցութիւն, այդ մէկ կուսակցութիւնից մարդիկ առարկայական եւ ենթակայական պատճառներով դժգոհ են, այդ մէկ կուսակցութեանն էլ շատերը չեն սիրում, եւ ստացւում է, որ ոչ մի կուսակցութեանը մարդիկ չեն սիրում, որովհետեւ մարդկանց թւում է, որ միւս կուսակցութիւնները ոչինչ չեն անում», – ըսած է Իոաննիսեանը։

«Պարզ օրինակ՝ բոլորովին վերջերս, երբ «Ելք» դաշինքը ներկայացրեց առաջարկ Եւրասիական տնտեսական միութիւնից Հայաստանի դուրս գալու վերաբերեալ, Հանրային հեռուստաընկերութիւնը, որին մեր խումբը մշտադիտարկում է, որեւիցէ խօսք չմէջբերեց, որեւիցէ կերպով չանդրադարձաւ «Ելք»-ի փաստարկներին, միմիայն ներկայացնում էր հակափաստարկներ, միմիայն ներկայացնում էր Հանրապետական կուսակցութեան դիրքորոշումը։ Այսինքն՝ արդիւնքում մարդկանց մօտ ընդհանրապէս տպաւորութիւն չէր ստեղծւում, որ «Ելք»-ն էլ է ինչ-որ բաներ առաջարկում՝ այլընտրանքային բաներ առաջարկում պետութեան ապագայի մասին։ Սա ընդամէնը պարզ օրինակ է։ Չեմ ուզում ասել, որ դա վերաբերում է միայն «Ելք»-ին, որ դա վերաբերում է միայն ԵԱՏՄ-ին, դա  համաշխարհային կանխատրամադրուածութիւն է, որը տասնամեակներ շարունակ, ամէն դէպքում՝ «Ա1+»-ի եւ «Նոյեան Տապան»-ի փակումից յետոյ մենք ականատես ենք լինում եւ որի արդիւնքում մարդկանց վստահութիւնը կուսակցութիւնների նկատմամբ շատ ցածր է։ Այդ վստահութեան ցածր լինելու ֆոնին այնպիսի մեթոտներ, ինչպիսին են վարչական եւ այլ միջոցներով ընտրողների հաւաքագրումը, 10 հազար դրամով ընտրողների գնումը, այդպիսի մեխանիզմները բարձր արդիւնքի են բերում, որովհետեւ հակառակ պարագայում մարդկանց 10 հազար դրամով, կամ դպրոցում երեխայի դասղեկի զանգով ստիպել, որպէսզի քուէարկեն այս կամ այն կուսակցութեանը, հնարաւոր չէր լինի», – յայտարարած է «Իրազեկ քաղաքացիների միաւորում» ՀԿ համակարգողը:

Հարակից Նյութեր

Leave a Comment