Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի Մէջ Համակարգային Կաշառակերութիւն Կայ. Վարուժան Հոկտանեան

Հայաստանի Մէջ Համակարգային Կաշառակերութիւն Կայ. Վարուժան Հոկտանեան

by MassisPost

«Թրանսփարընսի ինթըրնաշընլ» հակակաշառակերական կեդրոնի (ԹԻՀԿ) ծրագիրներու ղեկավար Վարուժան Հոկտանեան դրական կը գնահատէ այն, որ նախագահ Սերժ Սարգսեան Յատուկ քննչական ծառայութեան մօտ (ՀՔԾ) յիշեցուցած է, որ հակակաշառակերութեան պայքարը ազգային անվտանգութեան հարց է։

Երէկ Սերժ Սարգսեան Յատուկ քննչական ծառայութեան կազմաւորման 10-ամեակին նուիրուած հանդիսաւոր նիստին ըսած էր. – «Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգութեան հարց է, որին այլընտրանք պարզապէս չկայ»։

«Միգուցէ առաջին անգամ է դա ասւում բառացի, բայց կարծես թէ առաջներում էլ էր դա ասւում, գիտակցւում։ Մենք արդէն երրորդ ռազմավարութեան շրջանում ենք, այսպէս ասած, բայց կարծես դա ամէն տեղ շեշտւում է, եւ իհարկէ դրական եմ համարում այն, որ յիշեցրել է պարոն նախագահը, որ դա ազգային անվտանգութեան հարց է։ Ես նոյնիսկ աւելի կ’ուժեղացնէի շեշտադրումը՝ սա լինել-չլինելու հարցն է Հայաստանի», – «Ազատութեան» հետ զրոյցի ժամանակ ըսած է Հոկտանեան։

Հարցին, թէ այս յայտարարութենէն ետք ինչ-որ բան կը փոխուի՞, ԹԻՀԿ ծրագիրներու ղեկավարը պատասխանած է. – «2008-ից, երբ Սերժ Սարգսեանը ստանձնեց նախագահի պաշտօնը, յիշում եմ, այն ժամանակ էլ ասւում էր, որ «ձկանը պէտք է գլխից բռնել», «պէտք է մեծ ձկների յետեւից ընկնել» եւ այլն, այսինքն՝ ասել, որ այստեղ ինչ-որ ֆունտամենթալ նոր բան ասուեց, իհարկէ՝ ոչ։ Եթէ նայում ենք օպիեքթիւ ցուցանիշներին, յունուարին կը լինի 15 տարին, որ ես այս ոլորտում եմ, այս 15 տարուայ մէջ էական փոփոխութիւն չեմ տեսնում։ Դրանից ելնելով է, որ ելոյթներ լսելուց վաղուց արդէն ոգեւորութիւն չեմ ապրում, որովհետեւ ես տեսնում եմ օպիեքթիւ թուերն, այն, ինչ իմ շուրջը կատարւում է։ Բայց թէկուզ դրական է այն, որ կտրուկ չի վատացել, չնայած, եթէ նայում ենք «Թրանսփարընսի»-ի կոռուպցիայի ընկալման համաթիւը, 2014 թուականից դանդաղ վատացում կայ, տեսնենք՝ սա կը դառնա՞յ կայուն միտում, թէ՞ կը կանգնի։ Այդպիսի մի իրավիճակ էր 2008-2011 թուերին, որից յետոյ շատ թոյլ որոշ լաւացում եղաւ՝ 2011-2014-ը, բայց, եթէ մաթեմաթիքական լեզուով ասենք, վիճակագրական սխալի սահմաններում է»։

Հոկտանեան նշած է, որ լուրջ հիմքեր կան ըսելու, որ Հայաստանի մէջ համակարգային կաշառակերութիւն է։ «Դա գալիս է հենց այդ համաթուերից, դա գալիս է որոշ որակական հետազօտութիւններից՝ նոյն նուիրապետական բնոյթը կոռուպցիայում, որ բրգաձեւ է, այլ ցուցանիշներ եւ չափանիշներ խօսում են համակարգային լինելու մասին», – ըսած է ԹԻՀԿ ծրագիրներու ղեկավարը։

Հարակից Նյութեր

Leave a Comment