Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Ուղերձ՝ Համայն Հայութեան

Ուղերձ՝ Համայն Հայութեան

by MassisPost

KarineKhachatryanԱյս օրերին Հայաստան Հիմնադրամը մեծ ոգեւորութեամբ պատրաստուում է Նոյեմբերի 23-ին կայանալիք Գոհաբանութեան Օրուայ իր աւանդական Թելեթոնին, նպատակ ունենալով համայն աշխարհի հայութիւնը ի մի բերել` իրականացնելու համար Արցախի տնտեսութեան համար հսկայական նշանակութիւն ունեցող գիւղատնտեսական զարգացման մի աննախադէպ ծրագիր:

Իրազեկ ենք այն փաստին, որ Հիմնադրամը, իր սկսած օրուանից համախմբելով աշխարհի բոլոր ծայրամասերում բնակուող հայերին, փորձել  եւ փորձում է վերականգնել եւ հզօրացնել Հայաստանի ու Արցախի տնտեսութիւնը: Հանդիսանալով մեր օրերի համահայկական համագործակցութեան ամենակարեւոր օղակը, Հիմնադրամը իր առջեւ առաջնահերթ խնդիր է դրել այս օրհասական պահին, ինչպէս նախկինում, ձեռք մեկնել Արցախի տնտեսական զարգացման գործին, ամրապնդել հայրենի ժողովրդի բարեկեցութիւնը: Այսօր Հիմնադրամի նորագոյն գլխաւոր նախաձեռնութիւնը, «Բերքառատ Արցախ»  խորագրով, նպատակադրում է նորոգել ու ստեղծել բազմաթիւ ոռոգման ենթակառուցուածքներ` 250,000 արտավար (acre) հողի ոռոգմամբ ու մշակմամբ Արցախի գիւղատնտեսութիւնը հսկայածաւալօրէն զարգացնելու եւ ըստ այնմ Արցախցիների կենսամակարդակը բարձրացնելու հեռանկարով: Ծրագիրն ընդգրկում է խորքային հորերի հորատումը, ջրագծերի, պոմպակայանների, զտման համակարգերի եւ ելեկտրական գծերի կառուցումը, եւ կաթիլային ոռոգման համակարգերի ստեղծումը:

Հայրենակիցներ, մենք բոլորս միասին մի ուժ դարձած` պէտք է սատար կանգնենք Արցախի համար խիստ անհրաժեշտ այս ծրագրի իրագործմանը£ Լինելով հայ, եւ գիտակցելով մեր պատասխանատուութեանը, չենք կարող անտարբեր լինել հայրենիքի վաղուայ օրուան հանդէպ: Շատ վաղուց չէր… եւ մենք լաւ գիտենք, որ  «խորթացման սառոյցը»  կոտրուեց երբ հարցը եկաւ Արցախի լինել թէ չլինելուն: Մայր հայրենիքը եւ Սփիւռքը`  մի բռունցք դարձած, թեւ ու թիկունք կանգնած, ազատագրեցին Արցախը թշնամուց:

Մենք չենք կարող եւ չենք ուզում քարոզներ կարդալով ընդառաջ գնալ:  Մենք պարզապէս կանգնած ենք իրականացուած փաստի առաջ – ունենք Արցախ: Ազգային շարժումից ծնուած եւ ազերիներից մազապուրծ փրկուած այս հողը պէտք է իսկապէս բերքառատ դարձնենք, շարունակենք զարգացնել եւ հզօրացնել մեր սուրբ հողը` Արցախը:

Իմ համայնքին յորդորս է`  առատաձեռնօրէն սատար հանդիսանալ եւ զօրավիգ կանգնել այս նախաձեռնութեանը: Մենք այլ ընտրանք չունենք, եւ եկէք փորձենք հեռու մնալ ինչ-ինչ սխալ պատկերացումներից: Մեր յոյսն ու յենարանը մենք ենք: Եթէ ուժեղ ենք, ստեղծարար եւ գիտակից, կարող ենք չվարանել մեր գոյութեամբ որպէս ազգ եւ երկիր:

Ես չէ միայն, որ պէտք է ասեմ`  Արցախը զարկերակն է մեր հայրենիքի: Միահամուռ ուժերով փորձենք ամրապնդել արդարութեան, յաղթանակի յոյսը եւ հաւատքով ներշնչուենք դէպի մեր Արցախի ապագան£ Հայութիւնը դարերի խորքից եկած, երբեմն բզկտուած եւ նոյնիսկ մազապուրծ վերապրած մի ազգ է, որին ոչ մի ուժ չի կարող ոչնչացնել:  Պատմութեան հնոցից կոփուած Հայաստանն ու Արցախը կան ու կը մնան:

Հայը հայ է ամէնուրեք: Ուրեմն եկէք թիկունք կանգնենք այս ազնուագոյն գաղափարին` Արցախի գիւղատնտեսական բովանդակ զարգացման գործին, քանզի թուլանալը մեզ յարիր չէ: Վերջապէս ի՞նչ ենք ուզում թողնել կամ հաղորդել մեր յաջորդ սերունդներին: Այսօր այս է մեզ բաժին հասել պատմութիւնից, եւ այն պէտք է պատուով, յաղթանակով, ստեղծարար ձեռքբերումներով եւ հզօրութեամբ փոխանցենք մեր զաւակներին, մեր փայլուն, լաւատես ու լուսաւոր գալիք սերունդներին:

Կարինէ Խաչատրեան
Կլենտէյլ Ադւենտիստ բժշկական կեդրոնի Վերահսկիչ

Հարակից Նյութեր

Leave a Comment