Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «ՀԺ». Սերժ Սարգսեան կը Նախազգուշացնէ՞ Կարէն Կարապետեանը

«ՀԺ». Սերժ Սարգսեան կը Նախազգուշացնէ՞ Կարէն Կարապետեանը

by MassisPost

«Հայկական ժամանակ» թերթը կը գրէ. «Վարչապետ Կարէն Կարապետեանը երէկ չէր ներկայացել ԱԺ-կառավարութիւն հարցուպատասխանին, բայց սա չխանգարեց ԱԺ «Ելք» խմբակցութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանին՝ բաւականին հետաքրքիր հարցուպատասխան ունենալ նրա հետ։

Փաշինեանն ասաց․ «Վերջերս մամուլում լուրեր հրապարակուեցին, թէ Սերժ Սարգսեանը եւ Կարէն Կարապետեանը հանդիպել են եւ պայմանաւորուածութիւն ձեռք բերել, որ 2018-ի Ապրիլին Սերժ Սարգսեանը կը ստանձնի վարչապետի պաշտօնը, իսկ Կարէն Կարապետեանը՝ փոխվարչապետի։ Փաշինեանը վարչապետ Կարապետեանին խնդրեց տեղեկացնել՝ ճի՞շդ են այդ լուրերը, թէ ոչ, որովհետեւ «շատերը Ձեզ փորձում էին ներկայացնել որպէս փոփոխութիւնների աւետաբեր, եւ այս հարցի պատասխանից է կախուած՝ փոփոխութիւնների աւետաբե՞ր էք, թէ ճահճացման մունետիկ»։

Դժուար է ասել, թէ Կարէն Կարապետեանը երբ կ’անդրադառնայ Փաշինեանի այս հարցադրմանը, բայց քանի դեռ յիշատակուած լուրերը չեն հաստատուել, թեման մնում է ներքաղաքական կեանքի հիմնական ինթրիկը։ ԱԺ եւ քաղաքական քուլիսներում, լրագրողական շրջանակներում արդէն բաւական ժամանակ լուրեր են պտտուում, թէ ԱԺ ՀՀԿ-ական պատգամաւորների շրջանում աքթիւ լոպպինկի աշխատանքներ են տարուում, եւ ինչ-որ ուժեր փորձում են ՀՀԿ գործող պատգամաւորներին համոզել, թէ 2018 թուականի ՀՀ վարչապետի իրենց թեկնածուն պէտք է լինի գործող վարչապետ Կարէն Կարապետեանը։ Որպէս այս փրոցէսի հովանաւոր նշուում է ռուսաստանահայ միլիարտատէր Սամուէլ Կարապետեանի անունը, որի եղբայրը ԱԺ ՀՀԿ խմբակցութեան անդամ է՝ պատգամաւոր Կարէն Կարապետեանը։ Թէ ինչքան են այս լուրերը համապատասխանում իրականութեանը, դժուար է ասել։ Հնարաւոր է սա բամբասանք է, հնարաւոր է՝ իրականութիւն։

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսեանը, այնուամենայնիւ, արձագանգում է այդ լուրերին՝ իր որոշ գործողութիւններով։

Վերջին մէկ ամսուայ ընթացքում նա նախ այցելեց ՀՀ քննչական կոմիտէ՝ ելոյթ ունենալով եւ դիտողութիւններ անելով ՀՀ քննչական էլիտայի առաջ, դրանից յետոյ ոստիկանութեան քոլեկիայի նիստին մասնակցեց նոյն ոճով։ Այս այցերի կարեւորագոյն քոնթեքսթը ներքաղաքականն է։ Ներիշխանական ինթրիկների մթնոլորտում Սարգսեանը փորձում է ցոյց տալ, որ տիրապետում է երկրի իրաւական-ուժային լծակներին, միւս կողմից ոստիկանութիւնում եւ քննչականում լինելով, փորձում է «մուշտարու աչքով» գնահատել դրանցում տիրող մթնոլորտը, հասկանալ՝ իրենց անելիքը լա՞ւ են պատկերացնում Քննչական կոմիտէի ղեկավար Աղուան Յովսէփեանն ու Ոստիկանութեան պետ Վլատիմիր Գասպարեանը, թէ՞ նրանց թոշակի ուղարկելու ժամանակն է։

Ի դէպ, կանխարգելիչ նման միջոցառումներ ՊՆ-ում Սարգսեանը դեռ մի տարի առաջ էր սկսել իրականացնել։ Նախ նա Պաշտպանութեան նախարար նշանակեց իր երկարամեայ մերձաւոր Վիգէն Սարգսեանին, իսկ արդէն այս տարուայ Մայիսին  նախարարի առաջին տեղակալ նշանակեց ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցութեան անդամ Արտակ Զաքարեանին, որը թերեւս ապացուցել է իր հաւատարմութիւնը Սարգսեանին։ Պաշտպանութեան փոխնախարար նշանակուեց նաեւ նոյն չափանիշին համապատասխանող մէկ այլ ՀՀԿ-ական պատգամաւոր․ ԱԺ կրթութեան եւ գիտութեան հարցերի յանձնաժոողովի նախագահ Արտակ Դաւթեանը։

Զինուած ուժերի մասով Սարգսեանը կարող է իրեն հանգիստ զգալ այսպիսով, իսկ ԱԱԾ տնօրէնի պաշտօնում իր երկարամեայ օգնական Կէորկի Կուտոյեանն է։

Ընդ որում, հետաքրքիր է, որ Սարգսեանը անընդհատ խօսում է երկարաժամկէտ ծրագրերից՝ 18 թուին սա ենք անելու, առաջիկայ հինգ տարում սա ենք անելու… Ընդ որում, սա ասում է նաեւ ուժայինների առաջ խօսելիս։ Այսպիսով, Սերժ Սարգսեանը պատրաստուում է 2018 թուականին վարչապետի պաշտօնը ստանձնելուն։ Իսկ Կարէն Կարապետեանը Աժ ամպիոնից դեռ երեք ամիս առաջ յայտարարեց, որ ինքն է հաւակնում այդ պաշտօնին։ Այնպէս որ՝ նա երկար պէտք է մտածի Փաշինեանի հարցին պատասխանելուց առաջ»:

Հարակից Նյութեր

Leave a Comment