Home ԱՅԼԱԶԱՆ «Յովհաննէս Թումանեանի Տուն» Գիտական Մշակութային Կենտրոնի Բացումը Թիֆլիսի Մէջ

«Յովհաննէս Թումանեանի Տուն» Գիտական Մշակութային Կենտրոնի Բացումը Թիֆլիսի Մէջ

by MassisPost

2017 թուականի Օգոստոսի 5-ին, Յովհաննէս Թումանեանի թիֆլիսեան վերջին բնակարանում, Ամաղլեբա փողոցի թիւ 18 տանը կայացաւ «Յովհաննէս Թումանեանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը՝ նոր էջ դառնալով հայ-վրացական մշակութային կապերի տարեգրութիւնում:

Յիրաւի պատմական այս իրադարձութեան հենքը 100–ամեայ վաղեմութեան Մեծն Թումանեանի տան թիֆլիսահայ համայնքին վերադարձն էր, որտեղ ժամանակին սիրով հիւրընկալուել են Աղայեանն ու Կոմիտասը, Ծիրանազարդեն, Իսահակեանը, Փափազեանը, Մառը, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին, Բրյուսովը եւ ուրիշներ, որտեղ կազմակերպուել են գրական զրոյցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրուած եւ անտիպ երկերի քննարկումներ, ուսումնասիրուել են հայ, վրաց եւ համաշխարհային գրականութեան նմուշներ:

Վրաստանի անկախացումից յետոյ հայ համայնքից օտարուած Ամենայն հայոց բանաստեղծի տան ճակատագիրն օրհասական էր. մասնաւոր սեփականատիրոջ պատկանող չգործող գրադարանային հատուած և ժառանգներին մնացած կիսափուլ բնակարան:

toumanian-1Թումանեանի տունն իր օրինական սեփականատիրոջը յանձնուեց Հայաստանի գրողների միութեան նախկին նախագահ երջանկայիշատակ Լեւոն Անանեանի անդուլ ջանքերով, ում աջակից դարձան Գիւմրիի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Վարդան Ղուկասեանը եւ IdeA հիմնադրամի համանախագահ Ռուբէն Վարդանեանը: Ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին նուիրաբերուած տան վերանորոգութիւնը, բարեկարգումը եւ կահաւորումն իրականացուեց Ճինիշեան յիշատակի եւ IdeA հիմնադրամների ու թեմի միջոցներով:

Անճանաչելի տեսք ստացած Յովհաննէս Թումանեանի տան բացման հանդիսութեանը մասնակցեցին Մայր Աթոռի պատուիրակութիւնը, պետական,քաղաքական և հասարակական գործիչներ Վրաստանից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնութիւնից, թբիլիսահայ համայնքային կառոյցների ղեկավարներ, մտաւորականներ:

Կենտրոնի բացման արարողութիւնը սկսուեց հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթէոնում Յովհաննէս Թումանեանի շիրիմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի եւ Տավուշի թեմի առաջնորդների նախագահութեամբ կատարուած հոգեհանգստեան կարգով:

Հարակից Նյութեր

Leave a Comment