Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ ԼՂ ԱԳՆ․ Ատրպէյճան կը Սպառնայ Հերթական Պատերազմը Սանձազերծել

ԼՂ ԱԳՆ․ Ատրպէյճան կը Սպառնայ Հերթական Պատերազմը Սանձազերծել

by MassisPost

2016 թ․ ապրիլեան պատերազմի աւարտի կապակցութեամբ ԼՂ Արտաքին գործոց նախարարութիւնը հանդէս եկած է յայտարարութեամբ, որու մէջ «ռազմական յանցագործութիւն» որակած է ատրպէյճանական կողմի գործողութիւնները:

«Այսօր լրանում է ուղիղ մէկ տարի, ինչ աւարտուեց ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան ուժային լուծման նպատակով Ատրպէյճանի կողմից Արցախի դէմ սանձազերծուած ռազմական ակրէսիան։ 2016 թ. Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը, կոպտօրէն խախտելով հրադադարի ռեժիմը, ատրպէյճանական զինուած ուժերը սահմանի ողջ երկայնքով նախաձեռնեցին լայնածաւալ յարձակում՝ օգտագործելով ծանր զինթեխնիկա, հրետանի եւ ռազմական օդուժ։ Միայն կենդանի ուժի ու թեխնիկայի զգալի կորուստներ կրելուց յետոյ Ատրպէյճանը ստիպուած եղաւ 2016 թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդութեամբ խնդրել ռազմական գործողութիւնների դադարեցում։

Միջազգային մարդասիրական իրաւունքի բազմաթիւ խախտումներով ու ռազմական յանցագործութիւններով ուղեկցուած ատրպէյճանական ակրէսիան լուրջ մարտահրաւէր դարձաւ տարածաշրջանային խաղաղութեանն ու անվտանգութեանը եւ մեծ վնաս հասցրեց ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում ընթացող ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին։

Ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ անցած մէկ տարուայ ընթացքում ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները ջանքեր էին գործադրում բանակցային գործընթացի լիարժէք վերականգնման համար պայմանների ստեղծման ուղղութեամբ:

Արցախի Հանրապետութիւնը հետեւողականօրէն աջակցութիւն է յայտնում ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների յայտարարութիւններին, որոնք վերաբերում են 1994 թ. Մայիսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի լիակատար պահպանման, 1995 թ. Փետրուարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի դրոյթների գործնական կիրառման, ինչպէս նաեւ միջադէպերի հետաքննութեան մեխանիզմների ներդրման եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի կարողութիւնների ընդլայնման վերաբերեալ Վիեննայում (2016 թ. Մայիսի 16)  եւ Սանթ-Փեթերսպուրկում (2016 թ. Յունիսի 20) ձեռք բերուած համաձայնութիւնների իրագործման անհրաժեշտութեանը։

Ատրպէյճանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլեւ տապալում ցանկացած նախաձեռնութիւն, որն ուղղուած է ռազմական գործողութիւնների վերսկսման հնարաւորութեան բացառմանը։ Աւելին, այս ողջ ժամանակահատուածում Ատրպէյճանը չի հրաժարւում փորձերից՝ տեղափոխել առճակատման տրամաբանութիւնը տնտեսութեան, մշակոյթի եւ նոյնիսկ մարդկային շփումների բնագաւառներ։

Ցուցադրելով բանակցութիւնների միջոցով հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը հասնելու ցանկութեան լիակատար բացակայութիւն՝ ազտպէյճանական իշխանութիւնները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմ։ Հետեւողականօրէն բարձրացնելով լարուածութեան աստիճանն Արցախի եւ Ատրպէյճանի զինուած ուժերի շփման գծում եւ շարունակելով առճակատման ու թշնամանքի քաղաքականութիւնը՝ Պաքուն նպատակաուղղուած կերպով խորացնում է կողմերի միջեւ անվստահութիւնը եւ ձգտում ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը դարձնել սեփական ապակառուցողական քաղաքականութեան ու մաքսիմալիստական պահանջների պատանդը»,- նշուած է ԼՂ ԱԳՆ յայտարարութեան մէջ:

Հարակից Նյութեր

Leave a Comment