Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ՕՐՕ Դաշինք .- Սա Ոչ Թէ Ընտրութիւն Էր, Այլ Ձայներու Առեւտուր

ՕՐՕ Դաշինք .- Սա Ոչ Թէ Ընտրութիւն Էր, Այլ Ձայներու Առեւտուր

by MassisPost

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւններով Հայաստանը եւս մէկ մեծ ետքայլ արձանագրեց: Սա ոչ թէ ընտրութիւն էր, այլ ձայների առեւտուր եւ իշխանութիւնների կողմից կազմակերպուած համակարգային կեղծարարութիւն:

Ո՛չ ոստիկանութեան յայտարարած ընտրողների թիւը՝ 2 միլիոն 588 հազար, ո՛չ ԿԸՀ-ի յայտարարած՝ ընտրութիւններին մասնակցածների թիւը՝ 1 մլն 575 հազար, եւ ոչ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քուէները որեւէ աղերս չունեն իրականութեան հետ:

Ընտրութիւնների արդիւնքները չեն արտացոլում մեր հասարակութեան իրական տրամադրութիւնները, չեն արտայայտում ժողովրդի շահերը: Ներքին ու արտաքին քաղաքականութեան բոլոր ոլորտները ձախողած եւ տապալած ուժը չի վայելում Հայաստանի ժողովրդի անգամ նուազագոյն վստահութիւնը:

Այսպիսով, մենք կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձեւաւորուած ո՛չ լեկիթիմ իշխանութիւն, ինչի արդիւնքում է՛լ աւելի խորացաւ քաղաքական մենաշնորհը, աւելի են սրուելու երկրում առկայ խնդիրները, աւելի է խորանալու անյուսութիւնն ու անարդարութեան զգացումը, աւելի է մեծանալու արտագաղթը եւ լրջօրէն վտանգուելու է մեր երկրի անվտանգութիւնը:

Իշխանութիւնը, կարծես, ուզում է ամրապնդել ժողովրդի մէջ առկայ այն մտայնութիւնը, որ Հայաստանում ընտրութիւնների ճանապարհով որեւէ փոփոխութեան հասնել հնարաւոր չէ:  Տեղի ունեցաւ քաղաքականութիւնից հեռու փողատէր թաղային «հեղինակութիւնների» կռիւ՝ երկրի համար ամենածանր հետեւանքներով:

Անկախ ամէն ինչից՝ մեզ համար մեծ պատիւ է, որ մենք մշտապէս պաշտպանել եւ պաշտպանելու ենք ժողովրդի շահերը՝ մնալով ժողովրդի մէջ որպէս նրա բաղկացուցիչ մաս: Մեզ համար թանկ է իւրաքանչիւր քուէն, որը տրուել է դաշինքին: Շնորհակալ ենք մեր աքթիւիսթներին ու համակիրներին, որոնք այս կեղտոտ եւ գաղջ մթնոլորտում ցուցաբերել են քաղաքացիական բարձր գիտակցութիւն:

Մենք նաեւ շնորհակալութիւն ենք յայտնում բոլոր այն ընտրողներին, որոնք քուէարկել են խղճի մտօք՝ անկախ նրանից, թէ որ ուժին են տուել իրենց ձայնը:

Վստահեցնում ենք, որ դաշինքում ներգրաւուած ուժերը շարունակելու են իրենց գործունէութիւնը յանուն Հայաստանի եւ նրա քաղաքացիների արժանապատիւ կեանքի:

Համոզուած ենք, որ այս մղձաւանջը երկար չի կարող շարունակուել, քանզի մեր երկիրն այնպիսի մարտահրաւէրների առաջ է կանգնած, որ մեծ շռայլութիւն է նման իշխանութիւններին պետութիւն վստահելը: Փոփոխութիւններն անխուսափելի են եւ մենք լինելու ենք այդ փոփոխութիւններին տանող գործընթացների առաջին շարքերում:

 «Օհանեան-Ռաֆֆի-Օսկանեան» դաշինք

Հարակից Նյութեր

Leave a Comment