Home ՀԱՅԱՍՏԱՆ Սէյրան Օհանեան կը Մեկնաբանէ` Ինչու Դուրս Եկած է Պետական Համակարգէն

Սէյրան Օհանեան կը Մեկնաբանէ` Ինչու Դուրս Եկած է Պետական Համակարգէն

by MassisPost

Պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեան մեկնաբանած է, թէ ինչու դուրս եկած է պետական համակարգէն եւ խորհրդարանական ընտրութիւններէն առաջ քաղաքական յայտ ներկայացնելու որոշում կայացուցած:

«Անկեղծ լինելու համար կը ցանկանայի բոլորիդ հայեացքն ուղղել դէպի ոչ վաղ անցեալ` խորհրդային պետութիւն եւ փորձել զուգահեռներ անցկացնել ներկայիս իրավիճակի հետ: Որպէս պրոֆեսիոնալ զինուորական` իմ ծառայութիւնը սկսել եմ ԽՍՀՄ բանակում: Մեզնից ոչ ոք չի կարող ժխտել, որ ԽՍՀՄ-ը ժամանակի հզօրագոյն եւ կայացած պետութիւններից մէկն էր: Թէ ինչ խորքային խնդիրներ ունէր եւ ինչը բերեց այդ պետութեան փլուզմանը, այլ քաղաքական վերլուծութիւնների դաշտից է, սակայն ակնյայտ է, որ Խորհրդային միութեան իշխող վերնախաւի անհեռանկար գործելաոճը յանգեցրեց ներքաղաքական դրութեան սրման, ազգամիջեան բախումների, որն էլ բերեց ինքնափլուզման: Խորհրդային միութեան սպան իրաւունք չունէր միջամտելու ներքաղաքական կամ ազգամիջեան խնդիրներին:

Որպէս զինուորական` ես Խորհրդային միութեան գաղափարախօսութեան կրողն էի եւ առաջամարտիկը, բայց դա չխանգարեց, որ ազգային անվտանգութեան սպառնալիքի ժամանակ ճիշդ որոշում կայացնեմ, եւ ես եւ իմ համախոհները ոտքի կանգնեցինք Արցախի պաշտպանութեան համար: Այդ ժամանակ էլ քննադատողների եւ ըմդդիմախօսների պակաս չկար: Սակայն ես չէի կարող հեռուից դիտել, թէ անզէն ժողովուրդն ինչպէս պէտք է դիմակայի իրեն պարտադրուած ոտնձգութիւններին: Ես կանգնեցի երկընտրանքի առաջ` ընտրել հեշտը` որպէս զինուորական չխառնուել ազգամիջեան բախումներին եւ հեռանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում տեղակայուած իմ գնդի հետ եւ պահպանել իմ տեղը, թէ դժուարը` դուրս գալ ԽՍՀՄ բանակից, դառնալ շարքային ֆիտային, վտանգել կեանքը եւ մասնակցել ժողովրդի պայքարին: Ես ընտրեցի դժուարը: Ի դէպ, այդ 25 տարիներից 17-ը ես ծառայութիւնս տարել եմ որպէս զինուորական:

Այժմ էլ մենք շատ վտանգաւոր պահեր ենք ապրում եւ նորից կանգնելով ընտրութեան առաջ` ընտրել եմ դժուարինը: Իմ նպատակը քաղաքական դաշտում ոչ թէ թատերական ներկայացումներին մասնակցելն է, այլ սահմանադրական իրաւունքով հայրենիքի համար հայրենասէր մտահոգ ուժերին համախմբելն ու ժողովրդի անվտանգութեան ապահովման համար ուղիներ փնտռելը: Ես չեմ զղջում, որ հրաժարուել եմ ինձ առաջարկուող բարձր պաշտօններից»,- իր Եութիւպեան էջին տեղադրուած տեսանիւթով ըսած է Սէյրան Օհանեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment