Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նշուեց Ս. Ծննդեան եւ Աստուածյայտնութեան Տօնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նշուեց Ս. Ծննդեան եւ Աստուածյայտնութեան Տօնը

by MassisPost

Յունուարի 6-ին Ս. Ծննդեան տօնի առիթով համայն հայութեան հոգեւոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, մատուցուեց հայրապետական Ս. Պատարագ:

Սուրբ Պատարագի արարողութեանը ներկայ էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակեանը, ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը, ԱԺ պատգամաւորներ եւ ՀՀ Կառավարութեան անդամներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանում հաւատարմագրուած օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարներ, հասարակական գործիչներ, կրթական, գիտական եւ մշակութային հաստատութիւնների ներկայացուցիչներ:

Հանդիսաւոր թափօրը` խաչերով եւ խաչվառներով զարդարուած, զանգերի ղօղանջների ներքոյ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով ուղեկցեց դէպի Մայր Տաճար:

Այս տարի հայրապետական ամպհովանին կրում էին Տաւուշի մարզի Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքեանը, Ներքին Կարմիրաղբիւր համայնքի ղեկավար Մանուէլ Կամենդատեանը, Բաղանիսի համայնքի ղեկավար Նարեկ Սահակեանը եւ Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադատեանը:

Արարողութեանը՝ որպէս առընթերականեր,  սպասաւորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանն ու Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը։

Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց համայն հայութեանը` ամէնքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ եայտնեցաւ» հրեշտակաբարբառ աւետիսը:

Իր խօսքում Հայոց Հովուապետը նաեւ իր ողջոյններն ու բարեմաղթանքները յղեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների գահակալներին, Քոյր Եկեղեցիների հոգեւոր պետերին եւ Հայոց Եկեղեցու ողջ հոգեւոր դասին:

Նորին Սրբութիւնը Ս. Ծննդեան տօնի առիթով Տիրոջ զօրակցութիւնը մաղթեց Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանին, հայրական իր սէրն ու օրհնութիւնը փոխանցեց հաւատաւոր բոլոր հայորդիներին ի Հայաստան, Արցախ եւ ի Սփիւռս:

Ս. Պատարագի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց նաեւ Ջրօրհնէքի արարողութիւնը, որ կատարւում է ի յիշատակ Յորդանան գետում մեր Տէր Յիսուս Քրիստոսի մկրտութեան: Սրբալոյս Միւռոնը Ս. Խորան բարձրացուեց Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանի կողմից, ապա սուրբգրային ընթերցումներից եւ հոգեզմայլ շարականների երգեցողութիւնից յետոյ Վեհափառ Հայրապետն ընթերցեց Ս. Բարսեղ Կեսարացու Ջրօրհնեաց աղօթքը եւ Ս. Միւռոնով ու խաչով օրհնեց ջուրը:

Օրհնութիւնից յետոյ Մայր Տաճարի խաչը Նորին Սրբութեան կողմից փոխանցուեց Խաչի կնքահօրը: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնէքի արարողութեան Խաչի կնքահայրն էր Հայաստանում հաստատուած սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Կարպիս Յարութիւնեանը:

Արարողութեան աւարտին Մայր Աթոռի «Ալէք եւ Մարի Մանուկեան» Գանձատանը տեղի ունեցաւ ընդունելութիւն Տիրոջ Ս. Ծննդեան տօնի առիթով, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին ներկաներին բերեց հայրապետական իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները:

Հարակից Նյութեր

Leave a Comment