Home ՀԱՅԱՍՏԱՆ Գերմանա-Ամերիկեան Ներդրումով՝ Հայաստանում Հիմնադրւում է ՀականեխիչՍսրսկող Սարքերի եւ Հականեխիչ Նիւթերի Արտադրութիւն

Գերմանա-Ամերիկեան Ներդրումով՝ Հայաստանում Հիմնադրւում է ՀականեխիչՍսրսկող Սարքերի եւ Հականեխիչ Նիւթերի Արտադրութիւն

by MassisPost

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցութեամբ դեկտեմբերի 3-11-ին  Երեւանում են եղել գերմանական «Ophardt Hygiene Technologies» եւ ամերիկեան «Babikian Design Concepts» ընկերութիւնների ներկայացուցիչները հականեխիչ սրսկող սարքերի եւ հականեխիչ նիւթերի արտադրական ձեռնարկութիւն հիմնելու ներդրումային ծրագրով։ Ներդրողները նախատեսում են առողջապահական արտադրանքը բացի տեղի շուկայում իրացնելուց՝ արտահանել ԵԱՏՄ երկրների և Իրանի շուկաներ։

«Հայաստանի զարգացման հիմնադրամը պատրաստ է ցանկացած փուլում տրամադրելու անհրաժեշտ աջակցութիւնը՝ ներդրումային ծրագիրը յաջողութեամբ իրականութիւն դարձնելու համար»,- ընդգծել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրէն Կարէն Մկրտիչեանը Դեկտեմբերի 5-ին «Ophardt Hygiene Technologies» ընկերութեան հիմնադիր եւ տնօրէն Հայնըր Օբհարդի, փոխնախագահներ Ճան Օմալիի եւ Քեն Ֆրայզընի, ինչպէս նաեւ «Babikian Design Concepts» ընկերութեան տնօրէն Դոկտ. Տիգրան Պապիկեանի հետ հանդիպման ժամանակ։

Ներդրողների խնդրանքով Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է հանդիպումներ կառավարութեան անդամների, Հայաստանում Գերմանիայի և Ամերիկայի Միացեալ Նահանգների դեսպանների, բժշկական կենտրոնների, դրամատների, իրաւաբանական-խորհրդատուական ծառայութիւններ մատուցող ընկերութեան ղեկավարների հետ։ Ներդրողներն այցելել են նաեւ Հայաստանի ամերիկեան համալսարան եւ քննարկել կրթական վերապատրաստումների մշակման և գիտական համայնքի ներկայացուցիչների միջեւ փոխանակման ծրագրերի հնարաւորութիւնները՝ նպատակ ունենալով կայուն ձեւով բարելաւել ձեռքերի առողջ եւ մաքուր պահպանումը (hand hygiene)։ Կայացել են նաեւ այցեր մեծ հիւանդանոցներ, քննարկելու նախնական ծրագրերի իրականացման հարցը՝ ուսումնասիրելու ձեռքերի մաքրութեան արդիւնաւէտութիւնը ուղղուած հիւանդների վիճակի բարելաւմանը։ «Փաստուած իրողութիւն է որ ձեռքերի առողջ եւ մաքուր պահպանման ուղեցոյցին հետեւիլը դրական արդիւնքներ է տուել շատ երկրներում, ինչպէս Գերմանիայում։ Ակնկալւում է, որ այդ ուղեցոյցին գործադրութեան դէպքում, հնարաւոր կը լինի նշանակելի դրական արդիւնքների հասնել նաեւ Հայաստանում», ասել է Օբհարդ։

Սոյն ուսումնասիրութեան ծրագրի իրականացման նպատակաւ, սրսկող սարքեր և հականեխիչ նիւթեր պիտի նուիրաբերուին ներդրողների կողմից մինչ Հայաստանում արտադրութիւն հիմնելը։

Ներդրողները հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետեանի, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարաեանի, Առողջապահութեան նախարար Լեւոն Ալթունեանի եւ Բնապահպանութեան նախարար Արծվիկ Մինասեանի հետ։ Վարչապետի հետ հանդիպմանը ներդրողները հաստատել են Հայաստանում ներդրումային ծրագիրն իրագործելու իրենց որոշումը։

Անդրադառնալով այդ որոշմանը՝ Հայնըր Օբհարդը նշել է. «Բազում ուսումնասիրութիւններից յետոյ եկանք այն եզրայանգման, որ Հայաստանը ճիշտ վայր է մեր գործարքի հիմնադրման և Եւրասիական, ինչպէս նաեւ Իրանի շուկաներ մուտքի համար»։

Տիգրան Պապիկեանն էլ նկատել է. «Հաշուի առնելով, որ Հայաստանն անծանօթ երկիր էր Օբհարդի համար, մեր առաջին այցելութիւնից մինչ հիմա՝ երեք ամսում, ներդրում կատարելու որոշմանը հասնելը համարում եմ նշանակալի ձեռքբերում։ Կառավարութեան կողմից դրական արձագանգի եւ աջակցութիւն տրամադրելու յանձնառութեան հիման վրայ՝ մենք ակնկալում ենք արտադրամասի շինարարութիւնը աւարտին հասցնել եւ արտադրութիւնը սկսել հողը ձեռք բերելուց մօտ 15 ամիս յետոյ»։  Սոյն ծրագրի նախնական նիւթական ներդրումը շուրջ 2 միլիոն ԱՄՆ տոլար կը նախատեսուի:

«Կարեւոր է նկատել, որ այս արդիւնքը հնարաւոր չէր լիներ առանց Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցութեան»,-աւելացրել է Դոկտ. Պապիկեանը։

Սա գործարարների Հայաստանեան երկրորդ այցն է երեք ամսուայ ընթացքում: Առաջինը Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել էր  հայկական արտադրութեանց  «Արտադրուած է Հայաստանում» («Made in Armenia») խոշորագոյն ցուցահանդէսի օրերին, Սեպտեմբերի 16-22-ը։ Հաւանական այս ներդրողներն այդ օրերին նոյնպէս մի շարք գործնական հանդիպումներ են ունեցել պետական եւ մասնաւոր հատուածի ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել Հայաստանում գործարար միջավայրը, ծանօթացել Հայաստանում գործարարութեամբ զբաղուելու պայմաններին, ենթակառուցուածքներին, տնտեսական զարգացման հեռանկարներին, աշխարհագրական պայմաններին եւ մասնագիտական ներուժին, դիտարկել են ապագայ գործարանի կառուցման հողատարածքները։

Սոյն ներդրումային ծրագրի մտայղացման հեղինակը ամերիկահայ Ճարտարագէտ Դոկտ. Տիգրան Պապիկեանն է։ Ծրագրի հիմնական նպատակն է յառաջացնել եւ բարելաւել ձեռքերի առողջ եւ մաքուր պահպանման գաղափարը հանրային եւ առողջապահութեան վայրերում, մասնաւորապէս՝ հիւանդանոցներում Հայրենիքէն ներս՝ միաժամանակ աշխատատեղեր ստեղծելով Հայաստանում: Ծրագրի գործնականացման առաջին քայլերու մասին խորհրդակցել են այս տարուայ Յունիսին Կարէն Մկրտիչեանն ու Դոկտ. Պապիկեան Լոս Անջելեսում կայացած Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումային համաժողովի հանդիպումների ժամանակ։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատուական ծառայութիւն

Հարակից Նյութեր

Leave a Comment