Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ԱՄՆ Նիւթական Օժանդակութիւն Պիտի Տրամադրէ Հայաստանի մէջ Ընտրական Գործընթացներուն

ԱՄՆ Նիւթական Օժանդակութիւն Պիտի Տրամադրէ Հայաստանի մէջ Ընտրական Գործընթացներուն

by MassisPost

ԱՄՆ կառավարութիւնը կ’ողջունէ ՀՀ կառավարութեան եւ խորհրդարանական քաղաքական խմբակցութիւններու միջեւ հայաստանեան ընտրական գործընթացներու անաչառութեան ու վստահարժանութեան ամրապնդման հարցին շուրջ յունիսին եւ սեպտեմբերին ձեռք բերուած համաձայնութիւնները, ուր ներդրում  ունեցած են նաեւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչները: Այդ մասին ըսուած է ՀՀ-ի ԱՄՆ դեսպանատան յայտարարութեան մէջ։ «Մենք այս համաձայնութիւնը համարում ենք բովանդակալի քայլ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահութեան վերականգնման ու հաշուետուողականութեան ապահովման ուղղութեամբ: Հիմք ընդունելով 2015թ. դեկտեմբերին նախագահ Սարգիսեանի ելոյթում հնչեցուած երաշխիքները՝ մենք լրջութեամբ ենք ընդունում ՀՀ կառավարութեան յանձնառութիւնն առ այն, որ 2017թ. խորհրդարանական ընտրութիւններն «անցկացուեն աւելի բարձր վստահութեան մթնոլորտում, որպէսզի ընտրութիւնների արդիւնքները կասկած չհարուցեն ինչպէս կուսակցութիւնների, այնպէս էլ մեր քաղաքացիների մօտ»:

Վստահարժան ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ հրապարակաւ հնչեցուած այս խոստումն իրականութիւն դարձնելու հարցում օգնելու նպատակով Միացեալ Նահանգները միանում է Եւրամիութեանը, Մեծ Բրիտանիային եւ Գերմանիային՝ ապահովելու ֆինանսական օժանդակութիւն Յունիսի 17-ի եւ Սեպտեմբերի 9-ի համաձայնութիւններով նախատեսուող քուէարկութեան նոր գործընթացների ու սարքաւորումների համար, որպէսզի այս գործընթացներն ու սարքաւորումները 2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ապահովուած լինեն: ԱՄՆ դեսպանատունը միջազգային տոնորների հետ միասին, որոնք բոլորն աշխատում են Հայաստանում Միաւորուած Ազգերի կազմակերպութեան գրասենեակի հետ համատեղ, կ’օգնի ֆինանսաւորել ՀՀ կառավարութեան, քաղաքական ընդդիմութեան եւ քաղաքացիական հասարակութեան աշխատանքները, որոնք ուղղուած են Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահութեան ամրապնդմանը՝ քուէարկութեան օրն ընտրողների նոյնականացման եւ ընտրութիւններից յետոյ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման միջոցով, ինչպէս սահմանուել է Յունիսի եւ Սեպտեմբերի համաձայնութիւններով:

Մենք միանում ենք այս ջանքերին, սակայն գիտակցում ենք, որ ընտրական մէկ եզակի մեխանիզմի ներդրմամբ հնարաւոր չէ ամբողջովին վերջ դնել ընտրակեղծիքներին: Սա քաղաքական կամքի հարց է: Բեռն ըստ էութեան կառավարութեան ու վերջինիս մաս կազմող հաստատութիւնների՝ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի, իրավապահ եւ դատական մարմինների ուսերին է, որպէսզի ընտրութիւնների նկատմամբ լինի զգալիօրէն տարբերուող մօտեցում, ապահովուի Հայաստանի ժողովրդի ազատ կամաարտայայտումը քուէախցիկում ընտրութիւն կատարելիս ու երաշխաւորուի տեղական եւ միջազգային դիտորդների եւ լրատուամիջոցների էական ու անարգել աշխատանքն ընտրութեան օրը եւ յաջորդիւ: Ազատ ու արդարացի ընտրութիւնները նաեւ պահանջում են պատասխանատու քաղաքացիական մասնակցութիւն ընտրական գործընթացում, ինչպէս նաեւ ընտրութիւնների աչալուրջ դիտարկում Հայաստանի ընդդիմութեան, քաղաքացիական հասարակութեան եւ բոլոր քաղաքացիների կողմից՝ անկախ քաղաքական հայեացքներից:

ԱՄՆ դեսպանութիւնը համամիտ է նախագահ Սարգիսեանի այն գնահատականի հետ, որ Հայաստան պետութեան «վաղուայ օրը պայմանաւորուած է առաջիկայ ընտրութիւններով»: Միացեալ Նահանգներն առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախութիւնը 1991թ.-ին եւ այդ ժամանակուանից ի վեր արդէն 25 տարի մեր երկրները բարեկամ են եւ գործընկեր: Մենք պատրաստ ենք շարունակել գործուն ներդրում ունենալ՝ մասնակից լինել Հայաստանի ընթացիկ ժողովրդավարական աճին եւ օգնել անկախ, ապահով եւ բարեկեցիկ Հայաստան պետութեան կայացմանը, որին արժանի է հայ ժողովուրդը: Ազատ, առանց սահմանափակումների ու վստահարժան ընտրութիւնները բացարձակապէս անհրաժեշտ բաղադրիչն են այն ճանապարհի, որը տանում է դէպի այս նպատակը»:

Հարակից Նյութեր

Leave a Comment