Home ՀԱՅԱՍՏԱՆ ԵՄ-ն Հայաստանին Տրուող Գումարներու Օգտագործումը Ստուգելու Շատ Խիստ Մեթոտաբանութիւն Ունի

ԵՄ-ն Հայաստանին Տրուող Գումարներու Օգտագործումը Ստուգելու Շատ Խիստ Մեթոտաբանութիւն Ունի

by MassisPost

Եւրամիութիւնը շատ խիստ մեթոտաբանութիւն ունի, որուն միջոցով կը ստուգէ, թէ ԵՄ կողմէ Հայաստանին տրամադրուող գումարները ինչպէս կը ծախսուին եւ ինչ արդիւնքներու կը բերեն: Այս մասին, այսօր, 24 Հոկտեմբերին, նշեց Հայաստանի ԵՄ պատուիրակութեան ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Թէ Եւրամիութիւնը տարեկան որքա՞ն գումար կը յատկացնէ Հայաստանին եւ արդեօ՞ք անոնք տրամադրելէ յետոյ լծակ ունին ստուգելու ծախսերու արդիւնաւէտութիւնը, Սվիտալսկին ըսաւ. «Այս թեման մենք քննարկել ենք նաեւ ՀՀ նոր վարչապետի հետ: Ճիշդ կը լինի գնահատել ինչ ենք արել մինչ օրս եւ նոր մօտեցումներն օգտագործելով համագործակցութիւնն աւելի արդիւնաւէտ դարձնել։ Ի՞նչ է արել Եւրամիութիւնը: Մենք 23 ոլորտներում ուսումնասիրութիւններ ենք արել, փորձել ենք տեսնել ԵՄ օժանդակութեան հնարաւորութիւնները։ Մենք մտադիր ենք վերափոխման գործընթացին մեր օժանդակութիւնն աւելի արդիւնաւէտ դարձնել։ Չեմ ուզում հետ գնալ նախկինի փորձին։ Մենք շատ խիստ մեթոտաբանութիւն ունենք, թէ ինչպէս են մեր տուած գումարները ծախսուում։ Բծախնդիր վերլուծուում են ծախսերը։ Մեր տրուած գումարները հիմնուած են քննադատական վերլուծութիւնների հիման վրայ։ Մենք ունենք խիստ չափման միաւորներ»:

ԵՄ դեսպանը որպէս հիմնաւորող օրինակ բերաւ Հայաստանի պետական քոլէճներու կահաւորման ծրագիրը, որ իրականացաւ ԵՄ օժանդակութեամբ. «Երբ նայում էք, թէ ինչի ենք հասել պետական քոլէճներում, ամէն տեղ, ուր գնաք, կը տեսնէք, որ շէնքերն աւելի բարետես են, արտադրամասերում տեխնիկական սարքերը նորացուած են, որոնք նպաստում են կրթութեանը։ Սաներն ու մանկավարժները  գոհ են: Բայց երբ տեսնում ենք, թէ ինչ է տեղի ունենում այդ քոլէճների սաների հետ, որոնք աւարտելով ուսումը, ուզում են աշխատանք գտնել, իրավիճակը չի բաւարարում մեզ։ Այսինքն վերջնական արդիւնքի մասով բաւարարուած չենք»:

Ինչ կը վերաբերի ԵՄ-ի կողմէն Հայաստանին տրուող գումարներուն, Սվիտալսկին նշեց. «ԵՄ-ն Հայաստանին տարեկան մօտ 50 մլն եւրօ է տրամադրում: Անկախութիւնից յետոյ աւելի քան 500 մլն եւրօ է ԵՄ-ն ծախսել Հայաստանում, որի մեծ մասը պիւճետային ֆինանսաւորման տեսքով է։ Սա խօսում է Հայաստանի հաշուետուողականութեան մասին։ Այդ միջոցների մի մասը ՀԿ-ների դրամաշնորհներ են։ Ծրագրեր կան, որ այստեղից են գալիս, մի մասը Պրիւսելից են ղեկավարուում։ Մենք պատրաստ ենք լսելու ցանկացած առաջարկ, որ աւելի շահեկան լինի ծախսերի օգտագործումը»,-ընդգծեց Սվիտալսկին:

Հարակից Նյութեր

Leave a Comment