Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուէլ Պապայեանը կը զգուշացնէ՝ այսօր Ատրպէյճանը կը պատրաստուի պատերազմի:
«Համապատասխան ժամկէտ է պէտք, որ պատրաստուի: Ես ժամանակին եւս այդ մասին ասել եմ՝ գործարաններ է կառուցում հրթիռներ արտադրելու, արկեր արտադրելու, իրենց երկաթուղու խնդիրն են լուծում: Ատրպէյճանը գնում է պատերազմի՝ լայնամաշտաբ ու երկարատեւ, պարզապէս մենք չենք ուզում դա ճիշդ վերլուծել»,- այսօր յայտարարեց Սամուէլ Պապայեանը:- «Խնդիրն այն է, որ երբ նա գործարան է դնում, որ արկեր արտադրի կամ հրթիռներ արտադրի, դա խօսում է այն մասին, որ նա չի վստահում իր գործընկերներին, որոնք մատակարարում են, մտածելով, որ կարող է ինչ-որ մի փուլում իրենց չմատակարարեն: Եւ ինքը փորձում է, զէնք գնելով՝ հրթիռային, արկային եւ այլ արտադրանքը, ինչը յետագայում պիտի մատակարարուի, իր մօտ արտադրի»,- աւելցուց ան։
ԼՂ պաշտպանութեան նախկին նախարարը ընդգծեց՝ Ատրպէյճանը այն երկիրը չէ, որ զէնք արտադրէ «աշխարհով մէկ առեւտուր անելու համար»:- «Այսինքն, երբ նա նման քայլերով առաջ է գնում, նշանակում է՝ պատրաստուում է երկարատեւ պատերազմի: Սա իմ կարծիքն է»,- ըսաւ Սամուէլ Պապայեանը:
Թէ՝ ինչպէ՞ս կը գնահատէ պաշտպանութեան նախարարի փոփոխութիւնը, ԼՂ պաշտպանութեան նախկին նախարարը պատասխանեց․- «Կոնկրետ չեմ կարող ասել ինչու հրաժարուեց, նման պատասխան չունեմ, տեղեկութիւն էլ չունեմ: Ես ճիշդ չեմ համարել Սէյրան Օհանեանի փոփոխութիւնը այս փուլում: Ես գտնում եմ, որ եղած ռազմական դիմի մէջ աւելի գրագէտ․․․ աւելի շատ իրեն եմ ընդունել, քան մնացածին: Կապ չունի՝ անձնական յարաբերութիւն, կամ ինչ»:
Հարցին՝ արդեօ՞ք Օհանեանի պաշտօնանկութիւնը կապ ունի ապրիլեան քառօրեայ պատերազմին եւ այդ առիթով բանակի հասցէին հնչած քննադատութեան հետ, Սամուէլ Պապայեանը պատասխանեց․- «Չեմ գտնում: Եթէ նման կապ լինէր, հենց սկզբից էլ կը փոխէր՝ այն երեք գեներալի հետ: Կարող է՝ ներքին, ռազմավարական, տակտիկական բան է փոխուում իր կառավարման մէջ՝ աւելի շատ նախագահն ինքն է զբաղուելու այդ գործով»:
Անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգէն Սարգսեանի նշանակման պաշտպանութեան նախարարի պաշտօնով եւ իշխանութիւններու պնդումներուն, թէ քաղաքակիրթ աշխարհի մէջ ընդունուած է քաղաքացիական անձի նշանակել պաշտպանութեան նախարար եւ Հայաստանի մէջ մենք նոյնպէս պէտք է այդ ճանապարհով երթանք, Սամուէլ Պապայեանը նշեց․- «Առաջինը՝ ես Վիգէն Սարգսեանին չեմ ճանաչում, չեմ կարող իր մասին կարծիք ասել: Ինչ մնում է քաղաքացիական պաշտօնին՝ այսօր Հայաստանը պատերազմական վիճակում է: Դա կարող են իրենց թոյլ տալ, ասենք՝ Ֆրանսիան, Գերմանիան, եւրոպական երկրները, բայց Հայաստանը՝ չեմ գտնում, որ այսօր ճիշդ պահն էր քաղաքացիականի նշանակելու»: