Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սերժ Սարգսեանի Դէմ Երկրորդ Եւ Վերջի՞ն «Դաւադրութիւն»

Սերժ Սարգսեանի Դէմ Երկրորդ Եւ Վերջի՞ն «Դաւադրութիւն»

by MassisPost

Յակոբ Բադալեան
«Լրագիր»

Երեւանի բնակարաններից մէկում յայտնաբերւել է 36-ամեայ քաղաքացու դին՝ կախւած վիճակում: Ըստ տեղեկութեան, նա ԱԱԾ աշխատակից է: Տեղեկութիւն կայ նաեւ, որ նա աշխատում է պետական պահպանութեան ծառայութիւնում: Դա այն կառոյցն է, որը իրականացնում է պետական պաշտոնեաների, պետական շինութիւնների, նաեւ արտերկրի դիւանագիտական ներկայացուցչութիւնների արտաքին պաշտպանութիւնը:

Դեռեւս մանրամասներ չկան տեղի ունեցածի կապակցութեամբ, բայց հանգամանքը, որ կախւած վիճակում գտնւած քաղաքացին աշխատում է այդօրինակ կառոյցում, առանձնակի համատեքստ է հաղորդում տեղի ունեցած ողբերգութեանը, առաւել եւս ներկայիս իրավիճակում, յայտնի իրադարձութիւնների լոյսի ներքոյ:

Օրերս տեղեկութիւն տարածւեց, թէ դաւադրութիւն է եղել ԱԱԾ պետ Գէորգի Կուտոյեանի նկատմամբ եւ կառոյցի հնաբնակները փորձել են նրան դնել ծանր դրութեան մէջ, կապւած մասնաւորապէս Երեւանի ՊՊԾ գնդի գրաւման հետ: Այդ գրաւումից երկու շաբաթ անց՝ Յուլիսի 31-ին տեղի ունեցած հանգուցալուծումից յետոյ, Սերժ Սարգսեանը պաշտօնանկ արեց ԱԱԾ պետի առաջին տեղակալին եւ ըստ տեղեկութեան պատճառը հենց բացայայտւած «դաւադրութիւնն» է:

Գէորգի Կուտոյեանն ԱԱԾ պետ է նշանակւել Փետրուարին, նա Սերժ Սարգսեանի օգնականն էր եւ որեւէ առնչութիւն չունէր այդ համակարգի հետ, լիովին նոր մարդ էր: Անկասկած է, որ նրա նշանակման գործում էական դեր է ունեցել անձնական վստահելիութիւնը: Միաժամանակ կասկածից վեր էր նաեւ, որ այնպիսի նուրբ եւ բարդ համակարգում, ինչպիսին ԱԱԾ-ն է, «օտար» Կուտոյեանը լուրջ խնդիրներ էր ունենալու, եթէ չունենար սեփական թիմը: Այդ իմաստով, «դաւադրութեան» հնարաւորութիւնը խիստ հաւանական է, տրամաբանական:

Միւս կողմից, եթէ առանցքային նշանակութիւն ունեցող կառոյցում հաւանական են այդօրինակ զարգացումներ, որոնց հետեւանք կարող է լինել օրինակ Յուլիսի 17-ը, ապա հարց է առաջանում, թէ է՞լ ինչ մասշտաբի ռիսկեր են առկայ պետութեան համար, արդեօ՞ք չեզոքացւած են այդ ռիսքերը, թէ՞ դրանք շարունակում են լինել: Եւ դա բնականաբար վերաբերում է ոչ միայն ԱԱԾ համակարգին, այլ իրաւապահ համակարգին ընդհանրապէս:

Օգոստոսի 31-ի ելոյթում Սերժ Սարգսեանը փաստացի խրախուսեց այդ համակարգին, ցոյց տալով, որ առաջիկայում այն դիտարկելու է իր համար առանցքային եւ ամենավստահելի յենարան: Դրա մասին է վկայում եւ այն, որ, օրինակ պաշտօնանկ չարւեց ոստիկանութեան պետ Վովա Գասպարեանը, թէեւ թւում էր, որ Յուլիսի 17-ից եւ յատկապէս Յուլիսի 29-ից յետոյ նա չի մնայ իր պաշտօնին:

Միեւնոյն ժամանակ, Յուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ բաւական յաճախ է հնչել հարցը, թէ արդեօ՞ք իշխանութիւնը չէր կարող տեղեկանալ հնարաւոր ռիսքի մասին, առաւել եւս, որ գործ ունէր մի քանի տասնեակ մարդու ներգրաւման հետ եւ նաեւ հենց այդպիսի գրոհի կասկածանքով էր ձերբակալել Ժիրայր Սէֆիլեանին, որի զինակիցները տրամաբանօրէն պէտք է յայտնւէին իրաւապահների ուշադրութեան կենդրոնում:

Ըստ ԱԱԾ պետի դէմ «դաւադրութեան» մասին տեղեկատւութեան, այդ իրավիճակի հիմքում եղել է հենց այն, որ ԱԱԾ-ն չէր կարող չիմանալ կատարւելիքի մասին: Դրա հետ մէկտեղ, շատ ուշագրաւ էր այն հանգամանքը, որ Յուլիսի 17-ից մի քանի շաբաթ առաջ Սերժ Սարգսեանը փոխեց ԱԱԾ գլխաւոր հետախուզութեան պետին: Ինչո՞վ էր պայմանաւորւած այդ փոփոխութիւնը, պարզ չէ: Նախկին պետը վատ էր աշխատել, խոշոր ձախողում թոյլ տւել, թէ՞ պարզապէս նա վստահելի չէր: Եւ արդեօ՞ք Յուլիսի 17-ը ԱԱԾ հետախուզութեան նախկին, թէ՞ արդէն նոր պետի ձախողում էր:

Եւ ընդհանրապէս, առկայ բոլոր հարցերի շարքում՝ հանգամանալից պատասխանների բացակայութեան պայմաններում, թերեւս գոյութեան իրաւունք կարող է ստանալ նաեւ հարցը, թէ ձախողու՞մ էր Յուլիսի 17-ը խոշոր հաշւով ընդհանրապէս, եւ արդեօ՞ք այստեղ ամէն ինչ յարաբերական չէ:

Ինչ խօսք, մօտ երկու շաբաթ շարունակ պետութիւնը յայտնւել էր մազից կախւածութեան կամ լարի ծայրի վիճակում: Միւս կողմից, երբ փորձում ենք վերլուծել իրադարձութիւնների զարգացումը, ապա նկատելի է, որ չնայած մէկ-երկու դրւագի, ընդհանուր առմամբ իրավիճակը երկու շաբաթւայ ընթացքում դուրս չի եկել իշխանութեան վերահսկողութիւնից: Վերահսկողութեան ռեպրեսիւ մեթոդների խնդիրը այլ է, եւ հենց սկզբից պարզ է, որ Հայաստանի իշխանութիւնը չունի իրավիճակի վերահսկման, յատկապէս այդպիսի սահմային իրադրութիւններում կառավարման այլ յուսալի միջոց:

Ի վերջոյ, առաջանում են իսկապէս ուշագրաւ հարցեր: Մասնաւորապէս, արդեօ՞ք սասնայ ծռեր ջոկատի ծրագիրը հենց մտնել ու ՊՊԾ գնդում փակւելն էր, յոյս դնելով լոկ ժողովրդական հզօր զանգւածների փողոց դուրս գալու վրայ: Արդեօ՞ք միամիտ չէր այդ «յոյսը», եթէ ընդամէնը այդքանն էր, առաւել եւս, երբ այդ մարդիկ իրենց քաղաքական գործունէութեան ընթացքում այդպէս էլ չէին կարողացել որեւէ կերպ ձեւաւորել գաղափարական եւ ծրագրային համակիրների շոշափելի շրջանակ: Թէ՞ այդուհանդերձ Սասնայ ծռերի գործողութեան ծրագիրը ենթադրել է յաջորդական այլ քայլեր, որոնք սակայն չեն ստացւել ինչ-ինչ պատճառով, մնացել են կիսատ եւ փաստացի բերել նրան, որ զինւած ապստամբութիւնը լոկալացւել է եւ յայտնվել «շրջափակման» մէջ: Ի վերջոյ, տարօրինակ չէ՞ արդեօք, Կիրակի լոյսը չբացւած վերցնել գունդը եւ հասարակութեանը կոչ անել դուրս գալ փողոց, այն դէպքում, երբ հասարակութիւնն այդ ընթացքում դեռեւս անկողնում քնած է:

Հետեւաբար, արդեօ՞ք որեւէ մէկը տապալել է յաջորդ քայլերի իրականացումը: Ինչպէ՞ս է եղել այդ տապալումը ակմ ձախողումը, եթէ դիտարկենք այն վարկածը, որ այդուհանդերձ պէտք է լիներ նախապէս կազմակերպւած ու ծրագրւած շարունակութիւն:

Տապալու՞մն է բերել «դաւադրութեան» բացայայտման, թէ՞ «դաւադրութեան» բացայայտւածութիւնն է բերել շղթայի կտրման եւ տապալման:

Օգոստոսի 1-ին Սերժ Սարգսեանը յայտարարում էր, թէ տեղի ունեցածից պետութիւնը դուրս եկաւ աւելի ուժեղացած:

Ինչ խօսք, քանի դեռ պետութիւնը ղեկավարում է հակասահմանադրական ճանապարհով եւ այլ ապօրինութիւններով գործող համակարգը, պետութեան ուժեղացածութեան մասին խօսք լինել չի կարող: Միաժամանակ նաեւ աներկբայ է, որ այդուհանդերձ անարիւն հանգուցալուծումը բխում էր նաեւ պետութեան շահից: Բայց, Սերժ Սարգսեանն իհարկէ նկատի ունի իր ուժեղացած դուրս գալը եւ խօսքն իհարկէ ուղղւած էր առաջին հերթին իշխող համակարգին, որի շրջանակում նա ըստ երեւոյթին բացայայտել է «դաւադրութիւնը», եթէ հրապարակւած տեղեկութիւնն իրականութեանը մօտ վարկած է:

Ուշագրաւ է, որ մամուլում Սարգսեանի դէմ դաւադրութեան եւ դրա բացայայտման մասին խօսւում է արդէն երկրորդ անգամ: Իսկ առաջինը 2012 թւականի խորհրդարանի ընտրութիւնից առաջ էր, երբ բանտարկվեց ՃՈ պետ Մարգար Օհանեանը, հեռացւեց ոստիկանութեան պետ Ալիկ Սարգսեանը եւ ԱԺ նախագահի պաշտօնը թողեց Յովիկ Աբրահամեանը: Մամուլը գրեց, որ բացայայտւել է այդ անձանց մասնակցութեամբ դաւադրութիւն, որի մասնակիցները նպատակադրւել էին խորհրդարանի ընտրութեանն աշխատել նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի օգտին: 2012 թւականի ընտրութիւնը անցնում էր ՀՀԿ-ԲՀԿ համակարգային դիմակայութեան պայմաններում:

Եւ ահա մամուլում արդէն երկրորդ անգամ է հրապարակւում հնարաւոր «դաւադրութեան» մասին: Ուշագրաւ է, որ կրկին խորհրդարանի ընտրութիւնից առաջ:

Առաւել ուշագրաւ է իհարկէ այն, ինչով աւարտել էր իր ելոյթը Սերժ Սարգսեանն Օգոստոսի 1-ին, անդրադառնալով Արցախին եւ ասելով, թէ իր ամբողջ գիտակցական կեանքը նւիրել է այդ խնդրին եւ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ է եղել եւ պատրաստ է լինելու զոհաբերել թէ ցանկացած պաշտօն, եւ թէ անգամ կեանքը: Արդեօ՞ք Սերժ Սարգսեանը իր համար լուրջ վտանգ չէզոքացրած լինելու եւ «ուժեղացած դուրս գալուց» յետոյ ակնարկում էր, թէ իր համար ընդհուպ ինչ վտանգ է կանխել, թէ՞ լարւած երկու շաբաթների հանգուցալուծումից յետոյ թուլացած տուրք էր տալիս զգացմունքներին:

Հարակից Նյութեր

Leave a Comment